VivaCell-MTS ընկերությունը միացավ ARMIX հիմնադրամին
Ապրիլի 22-ին կայացավ հանդիպում «Արմիքս» հիմնադրամի ներկայացուցիչների և VivaCell-MTS ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանի միջև: Հիմնադրամի կողմից ներկա էին GNC Alfa, Apaga Technologies ընկերությունների ներկայացուցիչները, խորհրդի նախագահ, Web ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Տոնեյանը և հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը:
Ռալֆ Յիրիկյանը ողջունեց ARMIX-ի ստեղծումը, հայտնեց, որ VivaCell-MTS ընկերությունը միանում է հիմնադրամին և իր կողմից կտրվեն հանձնարարականներ VivaCell-MTS համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին` ընկերության կողմից ARMIX հիմնադրամին աջակցություն ցույց տալու, անդամակցման հարցերը կարգավորելու նպատակով:
Ռալֆ Յիրիկյանը նաև հույս հայտնեց, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի երկու խոշորագույն Orange Armenia և VivaCell-MTS ընկերությունների` ARMIX-ի նախաձեռնությանը միանալուց հետո Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող այլ ընկերություններ ևս կմիանան հիմնադրամին:
Հանդիպման բոլոր մասնակիցների կարծիքով ARMIX հիմնադրամի ստեղծումը կծառայի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ամբողջ ոլորտի զարգացմանը և ոչ թե առանձին ընկերությունների շահերին:
Հանդիպման մասնակիցները շեշտեցին, որ ARMIX հիմնադրամի գործունեությունը թույլ կտա էապես բարելավել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունների փոխկապակցվածությունը` ապահովելով կայուն կապ, ներքին ինտերնետ տրաֆիկի անվտանգություն և գների նվազում, ինչպես նաև կխթանի էլէկտրոնային բովանդակության և էլէկտրոնային հասարակության ստեղծմանն ուղղված պետության և հասարակական կառույցների ջանքերը:
Հիշեցնենք, որ ներկա պահին ARMIX հիմնադրամին միացել են հետևյալ կազմակերպությունները` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, Ինտերնետ Հասարակություն ՀԿ, Ապագա Թեքնոլոջիս, Արմինկո, Քրոսնեթ, Արմենիան Դեյթաքոմ Քամփնի, Օրանժ Արմենիա, Յուքոմ, ՋիԷՆՍԻ-Ալֆա, Կորնետ, Վեբ, Այքան Քոմունիքեյշնս, ՎիվաՍել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել