Էջմիածնի թիվ 3 դպրոցի «պատերազմական վիճակով» արդեն զբաղվում են իրավապահները
Օրեր առաջ «Հետքին» էլեկտրոնային նամակ էր գրել Էջմիածնի թիվ 3 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Աննա Վասակյանը: «Դպրոցի տնօրենը չի հանգստանում եւ շարունակում է իր միջոցներով ճնշում գործադրել ինձ վրա: Կարծում եմ, որ իմ խնդրանքն անպատասխան չի մնա եւ ձեր թերթի միջոցով ի վերջո հարցը լուծում կստանա»,-թերթին ուղղված նամակում գրում է Ա. Վասակյանը:
Նշենք, որ դեռեւս ամիսներ առաջ «Հետքն» անդրադարձել էր թիվ 3 դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյանի եւ ուսուցչուհի Աննա Վասակյանի տարաձայնություններին: Ըստ Ա. Վասակյանի, դպրոցի տնօրենն իր մեջ տեսնում է պոտենցիալ տնօրենի եւ «աթոռը պահելու համար, ամեն ինչ անում է դպրոցում իրեն վարկաբեկելու եւ աշակերտներին իր դեմ տրամադրելու համար»:
Տնօրենն էլ ուսուցչուհուն մեղադրում է անհարկի բացակայությունների մեջ: Հ. Մարտիրոսյանի տեղեկացմամբ Աննա Վասակյանին հետապնդումների ենթարկելն իրականությանը չի համապատասխանում եւ որեւէ մեկն իրեն չի կարող մեղադրել, քանի որ օրենքին հակասող ոչինչ չի արել:
Խնդիրն այնքան է սրվել, որ Աննա Վասակյանը օրեր առաջ գրավոր նամակներ է ուղղարկել ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին, Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կրթության եւ գիտության նախարարին, ինչպես նաեւ թիվ 3 դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյանին:
Նամակում Աննա Վասակյանը գրել է, որ ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական դաշտում, որի համար հետապնդվել է: Ըստ նրա` իր ակտիվության համար հետապնդել է նաեւ Հ. Մարտիրոսյանը:
«Ընտանիքում ունեցել եմ խնդիրներ եւ բացակայել եմ, ինչի համար ստացել եմ նկատողություն: Հետո եկել եմ աշխատանքի, բայց տնօրենը թույլ չի տվել, որ ես աշխատեմ, պահանջել է տեղեկանք, բայց ես հիվանդ չեմ»,-գրված է նամակում:
Աննա Վասակյանի ասելով, ինքը տնօրենին տեղյակ է պահել, որ ընտանիքում խնդիրներ ունի: Երբ ամեն ինչ հարթվել է եւ գնացել է դպրոց, այս անգամ Հունան Մարտիրոսյանը նրան ներս չի թողել: Ա. Վասակյանը դիմել է նաեւ Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանին, սակայն դրանից հետո ուսուցիչ-տնօրեն փոխհարաբերությունները չեն հարթվել: Հունան Մարտիրոսյանն էլ հակադարձում է, որ ուսուցչուհուն դպրոցում չի տեսել եւ նա աշխատանքի չի ներկայացել եւ դա կարող է ապացուցել:
Աննա Վասակյանի պաշտոնյաներին ուղղված դիմումներից մեկը ետ է եկել Վաղարշապատի ոստիկանություն: Օրեր առաջ ոստիկանություն է հրավիրվել ուսուցչուհին եւ մանրամասն բացատրագիր գրել կատարվածի մասին:
«Այս տարի դպրոցի տնօրենի ընտրություններ են լինելու եւ Հունան Մարտիրոսյանն ամեն ինչ անում է ինձ դպրոցից մեկուսացնելու համար, որպեսզի չմասնակցեմ տնօրենի ընտրություններին»,-ասում է Ա. Վասակյանը: Տնօրենն էլ ասում է, որ ուսուցչուհու ասածն իրականությանը չի համապատասխանում:
Հունան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Ա. Վասակյանը 7 օր անհարգելի բացակա է ունեցել դեկտեմբերին, ինչպես նաեւ հունվարի 11-ից մինչեւ ապրիլի 2-ը:
«Այսօր արհմիութենական եւ մանկավարժների խորհրդի նիստ էի հրավիրել: Բոլորի ներկայությամբ կարդացել եմ աշխատանքային օրենսգրքի այն հոդվածները, որոնք կարգավորում են այս խնդիրը: Նույնիսկ մեկ օր անհարգելի բացակայության դեպքում գործատուն իրավունք ունի միակողմանի լուծել աշխատողի հետ պայմանագիրը: Բայց Վասակյանի բացակայությունները ոչ թե մի քանի օր է, այլ ամիսներ: Այսօր ես լուծել եմ Աննա Վասակյանի հետ աշխատանքային պայմանագիրը եւ նրան ազատել եմ աշխատանքից: Մինչեւ վերջին պահը նրանից ուզել եմ տեղեկանք, որով կապացուցի իր բացակայությունների հարգելի լինելը, բայց նա ոչ մի գրավոր փաստաթուղթ չներկայացրեց»,-ասաց Հ. Մարտիրոսյանը:
Տնօրենի ասելով, աշխատավարձի չափի եւ բացակայությունների մատյանն այժմ գտնվում է Վաղարշապատի ոստիկանությունում եւ ուսումնասիրվում է: Նրա փոխանցմամբ, Կրթության պետական տեսչության իրավաբանը նույնպես եղել է դպրոցում:
¦Ինչպես նա, այնպես էլ մարզի դատախազը, ոստիկանությունը իմ գործողություններում հակաօրինական արարք չեն նկատել: Ես ոչ մեկին վատություն անելու նպատակ չունեմ: Իրենից պահանջել եմ տեղեկանք, ինքն էլ չի ներկայացրել: Ես էլ վարվել եմ այնպես, ինչպես օրենքն է ասում§,-ավելացրեց Հ. Մարտիրոսյանը:
Աննա Վասակյանն էլ փոխանցեց, որ ինքն իր իրավունքների համար պայքարելու է մինչեւ վերջ: Թե մինչեւ ուր կհասնի այս պատմությունը` դժվար է գուշակել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել