Տիգրան Կարապետյանը չի վախենում ԱԼՄ-ի լիցենզիան կորցնելուց
Հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը քառօրյայի օրակարգից հանելու վերաբերյալ ԱԺ որոշումը «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը տրամաբանական է համարում. «Ես առաջին «ոչ» ասողներից եմ և դեմ եմ եղել ի սկզբանե: Զգուշացնում էի, որ թուրքին սահմանը չի հետաքրքրում, այլ հետաքրքրում են ավելի խորքային բաներ. ինքն ուզում է լիդեր դառնա տարածաշրջանում: Ցավալի է, որ իշխանությունն ուշ հասկացավ դա, և մեկ տարի խաբված ապրեցին»:
«Հետք»-ի հետ հարցազրույցում վերջինս նշեց, թե սահմանը կբացվի այն ժամանակ, «երբ թուրքը սահմանը բացի սահմանը բացելու համար, ոչ թե տարածաշրջանում կարգավիճակ փոխելու, կոորդինատոր լինելու,Ադրբեջանի գործը հարթելու, որովհետև թուրքն ու ադրբեջանցին նույն ազգն են»:
«Ես պատրաստվում եմ «ոչ» ասել նաև մյուս գործընթացներին, որոնք հայանպաստ չեն լինի: Գուցե այդ պատճառով լիցենզիա (նկատի ունի ԱԼՄ հեռուստանընկերության լիցեզիան) կորցնենք, բայց ես չեմ վախենում դրանից: Վախն է, որ մեզ հասցրել է այս վիճակին: Մենք պետք է լինենք ավելի խիզախ և ավելի մարդկային և դրանով փոխենք իրավիճակը: Եթե շատ ուզենանք, կփոխվի»,- ասում է Տ. Կարապետյանը:
Նա նշում է, թե անպայման իր թեկնածությունը դնելու է գալիք նախագահական ընտրություններին, իր գլխավորած «Ժողովրդական կուսակցություն»-ն էլ կառաջադրվի խորհրդարանական ընտրությունների ժամանակ. «Ետ կանգնելը թուլություն է, ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք, այլապես շատ մեղք կլինեն ժողովուրդը և դուք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել