HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություններ և նոր գերիշխողներ շուկաներում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել մի շարք շուկաներում` հաշվի առնելով այդ շուկաների սոցիալական նշանակությունը, կառուցվածքային փոփոխությունները և մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը:  Բուսական  յուղ Շուկայի կառուցվածքի  ուսումնասիրության համար Հանձնաժողովը տեղեկատվություն է ստացել 44 տնտեսվարողներից` իրենց 2009 թ. տարեկան գործունեության վերաբերյալ: Բուսական յուղի շրջանառության ոլորտում առանձնացվել է երկու ապրանքային շուկա` «արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղ (ձեթ)» և «ձիթապտղի բուսական յուղ (ձեթ)»: 2009 թ. հանրապետությունում իրացվել է 20 768 164 լիտր արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղ (ձեթ): Իրացման առավել մեծ ծավալներ ունի «Ալեքս Գրիգ» ընկերությունը` 37,5 տոկոս բաժնով: Հետևաբար, զբաղեցնելով տվյալ շուկայի մեկ երրորդից ավելին, գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Առավել մեծ ծավալներ ունեցող մյուս 2 ընկերություններն են «Դոստ Ինտերնեյշնլը»` 16,1 տոկոս և «ՎԱՍ Գրուպը»` 10,2 տոկոս մասնաբաժիններով: «Ձիթապտղի բուսական յուղ (ձեթ)» ապրանքային շուկայի ծավալը կազմել է 72 003 լիտր, որտեղ իրացման ամենամեծ ծավալներն ունեցել է «Վեգեքոմ» ընկերությունը` 66,0 տոկոս բաժնով: Հետևաբար, իրացման ծավալներով զբաղեցնելով տվյալ շուկայի մեկ երրորդից ավելին` «Վեգեքոմը» գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Շուկայի մյուս երկու խոշոր ընկերություններն են «Կարդինալ Ինթերնեյշնլը»` 13,1 տոկոս և «Հիքսոսը»` 8,9 տոկոս բաժիններով: 2009 թ. ընթացքում իրացվել է 20 856 233,7 լիտր բուսական յուղ, որից 97,58 տոկոսը` արևածաղկի յուղ, 2 տոկոսը` եգիպտացորենի, 0,35 տոկոսը` ձիթապտղի  և 0,08 տոկոսը` սոյայի յուղ: 2009 թ. բուսական յուղի իրացման ծավալները 2006 թ. իրացման ծավալների համեմատ մոտ 43,5 տոկոսով աճել են:  Բրինձ 2009 թ. տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրության համաձայն, շուկայում գործող 27 տնտեսվարողների կողմից իրացման ծավալը կազմել է 9 816 836,3 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ալեքս-Գրիգը»` 33,6 տոկոս, «Արմեն-Համիկ եղբայրները»` 15,1 տոկոս և «Ինվեստ Ինտորգը»` 14,1 տոկոս մասնաբաժիններով: Հանձնաժողովի 2008 թվականի որոշմամբ, «Կարի Թով» և  «Մոկոնաթ» ընկերություններն, ունենալով գերիշխող դիրք, գրանցվել էին գերիշխողների գրանցամատյանում: Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, Հանձնաժողովի որոշմամբ «Կարի Թով» և «Մոկոնաթ» ընկերությունները գերիշխող դիրքը կորցրած են ճանաչվել և հանվել գրանցամատյանից: Հանձնաժողովի նույն որոշմամբ «Ալեքս-Գրիգ» ընկերությունը գրանցվել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում):   Շաքարավազ Շուկայի 2009 թ. տվյալների ուսումնասիրության համաձայն,  Հայաստան շաքարավազ է ներկրվել 64 822,43 տոննա ընդհանուր ծավալով: 2009 թվականի ընթացքում իրացվել է 71 624 821 կգ շաքարավազ, իրացման ամենամեծ ծավալն ունեցել է «Ալեքս-Գրիգ» ընկերությունը, որի բաժինն ընդհանուր իրացման ծավալում կազմել է 99,99 տոկոս: Համաձայն օրենքի, «Ալեքս-Գրիգ» ընկերությունը գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Հանձնաժողովի նախորդ` 2006 թ. ուսումանսիրությամբ «Սալեքս Գրուփ» ընկերությունն էր շուկայի գերիշխողը, որը հանվել է գրանցամատյանից:  Բենզին Շուկայի ուսումնասիրությունն իրականացվել է 2009 թ. երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա: Շուկայում գործող 5 տնտեսվարողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, 2009 թ. երկրորդ կիսամյակում իրացվել 135 357 635 լիտր բենզին: Շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող առաջին երեք տնտեսվարողներն են` «Ֆլեշը»`42,62 տոկոս, «Սիթի Պետրոլ Գրուպը» ` 41,76 տոկոս, «Միկա Քորփորեյշնը»` 9,5 տոկոս իրացման ծավալներով: Հանձնաժողովի որոշմամբ, «Ֆլեշը» մասնաբաժնի համապատասխան փոփոխությամբ շարունակում է մնալ գերիշխողների գրանցմատյանում, այնտեղ գրանցվել է նաև «Սիթի Պետրոլ Գրուպը»  Դիզելային վառելիք Հանձնաժողովի 2006 թ. որոշմամբ «Ֆլեշ» ընկերությունը դիզելային վառելիքի շուկայում 38,8 տոկոս բաժնով համարվել է գերիշխող դիրք ունեցող: Հետագայում տեղի է ունեցել  շուկայում զբաղեցրած մասնաբաժնի փոփոխություն` 51,4 տոկոս, գերիշխող դիրքը պահպանվել է:  2009 թ. երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրության համաձայն, շուկայում գործել է 7 տնտեսվարող սուբյեկտ: Դիզվառելիքի իրացման ծավալը կազմել է 81 833 629 լիտր: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք զբաղեցնում են շուկայի մեկ երրորդից ավելին, համապատասխան մասնաբաժիններով գրանցվել են գերիշխողների գրանցամատյանում. «Ֆլեշը» ` 47,3 տոկոս, «Սիթի Պետրոլ Գրուպը»` 40,8 տոկոս ծավալով:  Որոշումներն անվավեր են ճանաչվել Հանձնաժողովն այսօր  անվավեր է ճանաչել դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանված յոթ ընկերությունների նկատմամբ տուգանքի որոշումը (93-Ա): Հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով դատարան ներկայացված հայցադիմումներում նշվել են որոշ հանգամանքներ, այդ թվում` ապացույցների վերաբերյալ, որոնք հիմք են Հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter