Մեկ րոպեում մեկ գործ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դիմումը քննարկելու նպատակով երեկվա Սահմանադրական դատարանի նիստը տեւել է մեկ րոպե: Այնուհետեւ ՍԴ անդամները հեռացել են խորհրդակցության սենյակ` որոշում կայացնելու:

Քաղբանտարկյալը ՍԴ-ից պահանջել էր անվավեր ճանաչել այս տարվա հունվարի 10-ին 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունների քվեարկության արդյունքները:
«Բլից» նիստ անելուց հետո ՍԴ նույնքան «բլից» որոշում է հրապարակել` անփոփոխ թողնելով հունվարի 10-ի ընտրությունների քվեարկության արդյունքները ամփոփելու մասին թիվ 10 ԸԸՀ-ի հունվարի 14-ին կայացրած որոշումը: Ըստ այդ որոշման` ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավոր էր ճանաչվել իշխանական թեկնածուն` Ազգային միաբանություն կուսակցության անդամ Արա Սիմոնյանը:
Չորս օր է` փնտրում են Ազային
Երեքշաբթի երեկոյան Մայակովսկու անվան դպրոցի առաջին դասարանի աշակերտուհի Ազան իրենից մեծ երկու երեխաների հետ գնացել է ջրանցքի մոտ խաղալու եւ անհետացել: Չորս օր է` նրան փնտրում են: Հինգերորդ դասարանցի Վասիլիսան վստահ է, որ իր ընկերուհին չի խեղդվել, որ նրան գողացել են «վատ մարդիկ»:
Ճեղքում հնարավոր չէ՞
«Ես կարծում եմ, որ սխալ մեկնաբանության արդյունքում, որը նաեւ մեր թողտվության հետեւանք էր, Թուրքիան կարողացավ ակտիվացնել ԼՂՀ բանակցության գործընթացը այն դեպքում, երբ հայկական կողմերի համար այդ բանակցային հիմքերը ընդունելի չէին»,- երեկ թերթի թղթակցին ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը` խոսելով հայ-թուրքական արձանագրությունների կասեցման արդյունքում ԼՂՀ բանակցությունների ակտիվացման հավանականությունների մասին:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանը, սակայն, համաձայն չէ, որ միջազգային հանրությունը կփորձի արագացնել ԼՂՀ կարգավորումը. «Ավելի շուտ կարող եմ ենթադրել, թե այս պարագայում կողմերին տրված է եւս մեկ անգամ իրենց դիրքորոշումները ճշգրտելու ժամանակ: Չեմ կարծում, թե այս իրավիճակում ԼՂՀ կարգավորման հարցում ինչ-որ ճեղքում է հնարավոր»,- ասել է Վահրամ Աթանեսյանը:
«ՉԻ գտնվի որեւէ անուղեղ սփյուռքահայ»
Դեռ մարտին Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարեց Թուրքիայի կողմից հայկական սփյուռքի հետ հարաբերություններ հաստատելու, երկխոսություն ծավալելու ցանկության մասին: Ինչպե՞ս է այդ նախաձեռնություններին արձագանքում ամերիկահայ համայնքը: «Առավոտի» այս հարցին ի պատասխան` ԱՄՆ-ում ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Համբիկ Սարաֆյանը ասաց.
«Սա առաջին անգամը չէ, երբ Թուրքիայի ներկայացուցիչները հայտարարում են իրենց նման մտադրության մասին: Բայց այսօր, մանավանդ` ապրիլին, չեմ կարծում, թե կլինի որեւէ մի անուղեղ սփյուռքահայ, որը կհամաձայնի հանդիպել թուրքական կողմի հետ, իսկ ընդհանրապես նման կարգի հանդիպումներին շատ թերահավատորեն եմ վերաբերվում: Ըստ իս, դրա մեջ լուրջ մտադրություն չկա, դա Թուրքիայի կողմից հերթական աճպարարությունն է` սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներն էլ իր շահերի համար օգտագործելու նպատակով»:

Որ «մարտավարը» տնից լինի
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշումը «լավ մարտավարի քայլ էր», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ավելացրել, թե «հիմա Թուրքիան կօգտվի այս ընդմիջումից»:
«ՉԻ» - ՄԵր մեջ ասած, եթե մի երկու այսպիսի «լավ մարտավար» ունենանք, էլ դուշմանն ինչների՞ս է պետք: Չէ, իսկապես, եթե Սերժ Սարգսյանի այդ քայլից «հիմա Թուրքիան կօգտվի», էլ ինչո՞ւ է նրա որոշումը «լավ մարտավարի քայլ»: Թե՞ Րաֆի Հովհաննիսյանի հարցին նայում է Թուրքիայի շահերի տեսանկյունից եւ հենց այդ համատեքստում էլ գնահատում է Սերժ Սարգսյանի քայլը:
Ամեն դեպքում, մեզ բոլորովին այլ բան է ոգեւորում: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է նաեւ, թե «Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է մնալ ազգային արժեք: Փաստորեն` ճիշտ է ասում, հայ մարդն ինքնին ազգային արժեք է: «Ժառանգությունը» կազմված է հայ մարդկանցից, հետեւաբար` «Ժառանգությունն» ազգային արժեք է: Ազգային արժեք չլիներ` այդքան օրիգինալ գնահատական չէր տա Սերժ Սարգսյանի վերջին քայլերին:
Թուրքիան պատրաստ չէ
«Կյանքը ցույց տվեց, որ Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ չէ առանց նախապայմանների կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, վավերացնելու արձանագրությունները եւ ընդամենը փորձում էր պատրանք ստեղծել, թե բանակցությունները շարունակվում են եւ այլ պետությունների միջամտությունը Ցեղասպանության ճանաչման գործում կարող է վնասել գործընթացին»,- արձանագրում է Գագիկ Մինասյանը:
Ամենայն հայոց կաթողիկոսը կհանդիպի Իլհամ Ալիեւին
Ապրիլի 26-27-ին Բաքվում կայանալիք միջկրոնական գագաթաժողովի շրջանակներում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
«Ազգ»-ի հեռախոսազրույցում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ Ալիեւը եւ Գարեգին Երկրորդը կունենան առանձնազրույց:
Ներկայացնելով Բաքվում կայանալիք հանդիպումները` Մելիքյանն ասաց, որ Գարեգին Երկրորդը կմասնակցի գագաթաժողովին մասնակից հոգեւորականների համար կազմակերպվելիք Ադրբեջանի նախագահի ընդունելությանը: Կաթողիկոսը կմասնակցի նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի, վրաց պատրիարքի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդի միջեւ կայանալիք քառակողմ հանդիպմանը, որի ավարտին կստորագրվի տարածաշրջանի տարբեր խնդիրների վերաբերյալ համատեղ հայտարարություն:
Թեեւ վերջին պահին թերթը տեղեկացել է, որ Կիրիլ պատրիարքը հիվանդության պատճառով կարող է ներկա չգտնվել հանդիպմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել