HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ թե 95-ամյակ, այլ 95-րդ տարելից

Հայերենը հայի ինքնության կնիքն է Սովորաբար, որևէ երկրում իրավիճակի կամ հասարակարգի փոփոխությունն իր նվազագույն ազդեցությունն է թողնում հասարակության վրա` լինի դա ձեռքբերում, թե կորուստ: Նման իրավիճակների համար ժամանակն արել է իր սահմանումը և տվել իրավիճակի մոտավոր նկարագիրը, ինչը նկատելի է դառնում հասարակության բոլոր շերտերում: Սահմանված կարծրատիպերից, անշուշտ, խուսափել հնարավոր չէ, միևնույն ժամանակ, դրանց առկայության պարագայում հետընթացն արդարացում չէ, քանի որ ցանկացած փոփոխության շրջանում գիտակցված մոտեցումը հնարավորություն է տալիս նվազագույն կորուստներով դուրս գալ իրավիճակից: Վերջինը գերադասելի քայլ է, բայց ոչ կիրառելի: Հասարակությունը փոփոխության` անցումային շրջանում շատ հաճախ ընթանում է ոչ թե բանականության թելադրանքով, այլ պահի հրամայականով: Այսօր հայ հասարակությունը տեղի է տվել ժամանակի հրամայականին. ականջալուր է նրա պահանջներին և գրկաբաց` ողջ աշխարհի մարտահրավերների առաջ: Միևնույն ժամանակ, ինքնաբերաբար խուսափում է սեփական արժեքների արժեվորումից, որով կծառայի հայ ազգային արժեհամակարգի անխաթարությանը: Դեռ ավելին, հայն ինքնագոհ կարևորում է աշխարհի շահը և իրեն լավ է զգում օտարի հետ համաքայլ ընթանալիս, առիթը բաց չի թողնում` համեմատվելու և ինքն իրեն ուրիշներից գերադասելու: Սովետական հասարակարգի փլուզումից խարխլվեց հայկական դպրոցի հիմքը, անխուսափելի եղավ երաշտը Հայոց լեզվի համար: Ասել, թե հակաքայլ չի արվում` ճիշտ չէ. հայ հասարկության մեջ առկա է մտավորականների ոչ այնքան ստվար մի զանգված, որն անդուլ պայքար է մղում մայրենին նվազագույն չափով անաղարտ պահելու համար: Մասնագետները տագնապում են ամենաթողությունից. անհանգստությունը, թերևս, տեղին է: Պայքարը կա, սակայն` ընդհատակյա է, որովհետև պայքարը տարվում է միայն գիտական հաստատությունների պատերի ներսում. այն դեպքում, երբ այն պետք է սկսել մանկապարտեզից ու դպրոցից, հետևողականորեն շարունակել բուհերում` գիտական բոլոր հաստատություններում: Այո’, պայքարն ընդհատակյա է, քանի որ հասարակության հետ շփվելու, երկխոսելու դաշտը դեռևս փակ է, ավելի ճիշտ` անհասանելի. հայաստանյան լրատվամիջոցներն ու տպագիր մամուլը (բացառությամբ մեկ-երկուսի), իրենց բնորոշմամբ` «հույժ կարևոր առաքելությամբ» են զբաղված: Վերջինների «հույժ առաքելությունը» արդեն իսկ խարխլված հայերենի աղճատումն է: Ակնկալիքս այն չէ, որ մեր տեղեկատվական ողջ համակարգը լեզվաբան-բանասերի դեր ստանձնի, մի՞թե անկարելի է նվազագույն չափով ուշադրություն դարձնել եթերից հնչող ու հազարավոր տպաքանակներով տպագրվող մամուլի օտարաշունչ հայերենին: Այն, որ մեզանում արբեցնող գլխապտույտ է առաջացնում օտարամոլությունը, դա անառարակելի է... իսկ արդյունքում հայերենի կորուստն ահռելի չափերի է հասնում, և հասարակության բոլոր շերտերի համար այն դառնում է խոցելի: Օտարամոլությունն էլ մի կողմ թողնենք, ինչպե՞ս կարելի է բացատրել այս աստիճան անտարբերությունը, որ հայ հասարակությունը ցուցաբերում է մայրենիի հանդեպ: Անգամ, պետական` կառավարական, ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող քաղաքական գործիչների հայերենն է բոկոտն: Արդյոք արդարացո՞ւմ է լինել բարձրաստիճան պաշտոնյա և չիմանալ հայերեն, առավել ևս, չխոսել ճիշտ հայերեն: Անշուշտ, ոչ: Հարց է ծագում` մի՞թե կառավարական կառույցում` բարձրաստիճան ղեկավարի կողքին, չկա հայերենի մասնագետ, ով, քաղաքավարի, հանրության աչքից աննկատ, կուղղի նրա սխալը` կանխելով կրկնությունը: Մեկ օրինակ բերեմ, այս օրերին տեղական և միջազգային լրատվամիջոցների հրապարակումների գլխագրերը սկսվում են Հայոց ցեղասպանության մասին անդրադարձերով, որը վերջին մի քանի շաբաթներին դարձել է միջազգային և տեղական քաղաքական կառույցների ակտվ ու թեժ քննարկման թեմա: Այս ալիքը կշարունակվի մինչև Ապրիլի 24-ը և իր շարունակությունը դեռ կունենա: Ինչո՞ւմն է այստեղ խնդիրը. այս օրերին հայկական հեռուստաեթերից բազմաթիվ անգամ հնչում է` «Հայոց ցեղասպանության 95- ամյակ», «Հայոց ցեղասպանության 95-րդ տարելից»: Այս տարբերակներից ո՞րն է ճիշտ. ամյա՞կ, թե՞ տարելից: Այս հարցադրումը թող չհիշեցնի հայոց լեզվի քննական հարց: Չնայած, որ ունեի իմ հարցադրման պատասխանը, որը և ճիշտ էր, սակայն, շփոթմունքս վերածվեց կասկածանքի, որովհետև օրեցօր հաճախացավ «Հայոց ցեղասպանության 95-ամյակ» տարբերակի կիրառումը բարձրաստիճան իշխանավորների, քաղաքական մեկնաբանների ու լրագրողների կողմից: Ի վերջո, ամյա՞կ, թե՞ տարելից: Կասկածանքս փարատելու համար, դիմեցի հայոց լեզվի առաջատար մի քանի մասնագետների` նրանց պատասխանները և հիմնավորումները ստանալու համար: Իմաստով նույնն են այս երկու բառերը, սակայն, առկա է ոճական նրբություն, ընդգծված տարբերություն, որի ընկալում հասու չէ շատերին: «Ամյակ» - արմատը` «ամ», նշանակում է տարի: «Ամյակ» բառը, սովորաբար, կիրառվում է ծննդյան, ամուսնության, ընկերության տարեդարձերի, հոբելյանների, իսկ հասարակության լայն շրջանում` պետության հիմնադրման, անկախության, հաղթանակի և այլ դեպքերում: Մի խոսքով, երբ իրադարձությունը տոնական մթնոլորտ և տրամադրություն է հաղորդում հասարակությանը: «Տարելից» - արմատը` «տարի»: «Տարելից» բառը կիրառվում է մարդու մահվան տարին լրանալու, կամ կործանարար, տարերային աղետների, ավերածությունների, պատերազմների, զանգվածային կոտորածների` ցեղասպանություների ժամանակ զոհվածների հիշատակի և դեպքի բոլորող տարին կամ տարիները նշելու դեպքում, որոնք հասարակության շրջանում թախիծ ու վիշտ են առաջացնում և պարունակում են ոգեկոչման` սգո ծիսակատարություն: 1915-1923 թվականներին Արևմտյան Հայաստանում գազանաբար կոտորեցին հայ մտավորականության ողնաշարը, արմատախիլ արեցին հազարամյա ռանչպարին: Աշխարհասփյուռ հայության համար Հայոց ցեղասպանությունը շարունակում է կորստի ցավ ու մեծ կսկիծ առաջացնել ավելի քան ինը տասնամյակի հեռավորությունից: Ուրեմն, պետք է ասել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելից, կամ Հայոց ցեղասպանության 95-րդ տարի: Հայոց ցեղասպանությանն անդրադառնալիս «ամյակ» բառի կիրառումը սխալ է: Կան ազգային արժեքներ, որ չի կարելի վերածել ինքնահոսի, համոզումով, որ «մեկ է, ժամանակն իր գործն անելու է»: Քանի որ հազվադեպ է պատահում, երբ ստացված արդյունքը համապատասխանում է պետության ու ժողովրդի ազգային շահերին: Հայերենը մեր ազգային արժեքներից մեկն է, կնիքը` հայի ինքնության: Հայերենը մեր ժողովրդի ազգային խորհդանիշն է` հազարամյա պահապանը, որն արժանի է միայն հարգանքի: Ջեմմա Բաղդադյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter