HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերհանված հնգամյա լռություն

Միջազգային դիվանագիտության ձեռքին խաղաքարտ չդառնալու ակնկալիքով

Տեղական և միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ու քաղաքական կառույցների քննարկման թեման այս օրերին կրկին Հայոց ցեղասպանությունն է: Մարտի 4-ին աշխարհն ականատես եղավ թատերական մի ներկայացման (այսպես որակեց ամերիկյան Huffington Post թերթը), որի արդյունքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն չանսաց նախագահի և նրա վարչակազմի հորդորներին, ընդունեց թիվ 252 բանաձևը:

Արևմտահայության սպանդի եղելությունն առաջին անգամ Սպիտակ տան պատերից ներս կասկածի տակ չդրվեց ոչ մի կոնգրեսականի կողմից: «Այսօր ճշմարտությունը հաղթանակեց». իրավացի է Բրայան Արդունին, սակայն, ճշմարտության հաղթանակը միայն մեզ` հայերիս չէ, որ պետք է, այն համամարդկային քաղց է` մտքի, հոգու և խղճի խաղաղ կեցության համար:

Միջազգային «քաղաքական էլիտան» ավելի քան ինը տասնամյակ մարդկային այս խենեշ ողբերգությունը` Հայոց ցեղասպանությունը, դիվանագիտության խաղում քաղաքական շահարկումների խաղաքարտ է դարձրել Արևմուտք - Մերձավոր Արևելք - Եվրամիություն ալյանսի ձեռքին: Խաղ, որի ելակետը շահարկվել ու շահարկվում է և, միաժամանակ, ամեն հնարավորն ի գործ է դրվում` խոչընդոտելու հայության արդար պահանջը` քաղաքակիրթ մարդկության արդար վճռի կայացմանը:

Հայոց ցեղասպանության մասին անդրադարձերը գեո - եվրո դիվանագիտության պաթոսում հարկի ու անհարկի կշահարկվեն այնքան ժամանակ, քանի դեռ հայության դեմ իրագործված այս ոճիրը միջազգային իրավական ատյանի դատին չի ներկայացվել: Դեռևս 20-րդ դարի նախաշեմին սաղմնավորված դարի ամենասարսափելի այս սպանդը, որը դարձավ ակունքը դարի բոլոր հանցագործությունների, որտեղ առկա էր մարդկային մոլեռանդ գործոնը, դեռ առերեսվելու է արդարադատությանը:

Ինչպես վկայում է ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 1968 թվականի նոյեմբերի 26-ի կոնվենցիան. «Մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն», ուստի, վաղ թե ուշ քաղաքակիրթ մարդկությունն իր խոսքը կասի և կկանգնեցնի ինքնահռչակ այն ձեռնածուներին, որ, բարոյականության ու առաքինության կեղծ քարոզներով, փորձում են շրջանցել 1915-23 թվականների հայկական ջարդերը և շարունակում են խեղել ազատատենչ ազգերի ճակատագրերը:

Հայոց պատմության անցյալի հերոսական էջերը` հաղթական պսակները, երբեմն քողածածկվում են մեր հիշողության մեջ, որովհետև Հայոց ցեղասպանության չդատապարտված լինելը սեպապատնեշ է դարձել մեր ու մեր միջև: Կեսդարյա սպառնախեղդ ինքնազսպում: Աշխարհասփյուռ հայությունն իրեն վերագտավ 1965 թվականի Ապրիլի 24-ին:

Հետո զարթոնք` ազգային մտքի ու ոգու վերելք: Նորագույն զինյալ պայքար` ինքնազոհողություն արդարության տենչով: Համազգային զարթոնք` հաղթական պսակ Արցախի ազատամարտում: Եվ կրնկակոխ հետևող դիվանագիտական խաղոստայն. մի կողմից` հաղթանակած ժողովրդի իրավունքի չճանաչում, մյուս կողմից` ինքնախաբեության սինդրոմի ձեռքբերում` հույսի ու սպասումի ակնկալիքով, ինչին, սովորաբար, հաջորդում է հիասթափությունը: Վերջինս իրեն սպասել չի տալիս, հայտնվում է ամեն տարի` Ապրիլի 24-ին, երբ հայությունը սրտի ինքնախաբեության թրթիռով սպասում է ինքնահռչակ գերտերության` ԱՄՆ-ի նախագահի բառախաղին…:

Եվ մխիթարվում է լոկ այն փաստով, որ որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն ընդունել կամ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Գոտեպնդվում է, որ հանձինս նրանց` Հայոց ցեղասպանության իրողությունն ընդունած և դատապարտած պետությունների ու միջազգային կառույցների, ունենք Հայ դատի արդար պաշտպաններ: Անկասկած, դեռ շնորհակալություն կհայտնենք նրանց` ում մարդկային խիղճն է ձայնել և ոչ թե պետական շահը: Այսքանը, թերևս, ընդունեք որպես նախաբան:

Երբևէ մտածե՞լ եք` ինչպես կարելի է գտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման փաստերը հաստատող օրինագծերի, հռչակագրերի և հայտարարությունների վկայությունները: Ինչպե՞ս կարելի դրանք ի մի բերել մեկ թղթածրարում: Որքանո՞վ են դրանք հասանելի հայ և օտարազգի քաղաքացուն, հատկապես այս օրերին, երբ Հայոց ցեղասպանության հարցի ակտիվ քննարկումներ են տեղի ունենում: Զարմանալի չի լինի այն, որ օտարերկրյա դիվանագետը, քաղաքացին կամ ուսանողը ինտերնետի համացանցում փնտրի իր պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ընդունման կամ դատապարման փաստը հաստատող որևէ փաստաթուղթ:

Քանի որ Հայոց ցեղասպանությունը գտնվում է դիվանագիտական քննարկման հարթության վրա, ուստի, փնտրտուքը կուղղորդի դեպի ՀՀ Արտաքին գործերի նախարարություն` նրա կայքէջ, ապա նոր մնացած կայքէջեր, որոնք անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը և, առհասարակ, «ցեղասպանություն» երևույթին:

Հայի հետաքրքրասիրությունը մի կողմ թողնենք և…, և ի զարմանս ինձ ու շատերի ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքէջի հայերեն և անգլերեն տարբերակների գլխագիր էջերում ակնհայտ են էական տարբերություններ, թերություն և արձանագրված լռություն: Նախ` թերության մասին. հայերեն և անգլերեն տարբերակներում` գլխագիր էջերի ներքևի ձախ մասում, աշխարհի քարտեզից մի հատված է դրված` Եվրասիա մայրցամաքի արևմտյան հատվածը և Աֆրիկան: Սխալված չեմ լինի` ասելով, թե աշխարհի քարտեզի այս հատվածն ընտրված է, որպեսզի նշվի` որտեղ է գտնվում Հայաստանը: Ինչո՞ւ նշված կամ ընդգծված չէ Հայաստանը, արդյո՞ք դժվարին աշխատանք էր: Համոզված եմ` ոչ: Չեմ կարծում, որ զուտ էջի դիզայնի համար է քարտեզը դրված: Հիմա` տարբերությունների մասին. ՀՀ ԱԳՆ կայքէջի հայերեն տարբերակում Հայոց ցեղասպանություն բաժին ընդհանրապես չկա: Մի՞թե հայ հասարակությունը և օտարության մեջ ապրող հայը գերազանցապես տիրապետում են Հայկական հարցին` նրա առանցքը դարձած Հայոց ցեղասպանության ողջ պատմությանը և որ հավելյալ փաստերի, նրա անցած 95 տարիների մասին ամեն ինչ գիտեն: Մի՞թե քաջատեղյակ ենք Հայոց պատմության հեռավոր և ոչ հետու անցյալի էջերին: Խոստովանենք` ոչ: Այնուամենայնիվ, ուզում եմ հասկանալ, ի՞նչ է կատարվել և կատարվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքէջի հետ: Ուզում եմ հավատալ, որ միայն աշխատանքի թերացում է եղել…:

ՀՀ ԱԳՆ կայքէջի անգլերեն տարբերակի գլխավոր էջում զետեղված Genocide բաժնում International Recognition պատուհանը բացում է մի էջ, որտեղ զետեղված են այն պետությունների ու միջազգային կառույցների ցանկը, որ ընդունել կամ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ամբողջ խնդիրն այստեղ է և կայանում է նրանում, որ անգլերեն տարբերակի այդ ցանկը կազմված է բավական անփութորեն, որի արդյունքում շատ հավանական է, որ օտարերկրյա քաղաքացին կամ դիվանագետը իր երկրի կամ հարած կազմակերպության կողմից ընդունված Հայոց ցեղասպանության եղելության փաստը հաստատող ոչ միայն փաստաթուղթ, անգամ վկայակոչում չգտնի: Անգլերեն տարբերակի գլխավոր էջում` զետեղված Genocide բաժնում International Recognition պատուհանում, ՀՀ Արտաքին գործերի նախարարության վերջին արձանագրությունը եղել է 2004 թվականի դեկտեմբերի 21-ին` Netherlands, House of Representatives, Resolution - December 21, 2004 (Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին): 2004 թվականի դեկտեմբերից մինչև օրս ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքէջի Genocide բաժնի International Recognition ցանկը չի համալրվել: Այս ցանկում իրենց տեղը չեն գտել Հայոց ցեղասպանությունը դատապարտող մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների որոշումներ` 2005թ. 19 ապրիլի, Լեհաստանի Սեյմ, 2005թ. 20 ապրիլի` Արգենտինայի Սենատ, 2005թ. 14 հուլիսի` Վենեսուելայի խորհրդարան, 2005թ. 15 հունիսի` Գերմանիայի Պառլամենտ, 2005թ. 28 սեպտեմբերի` Եվրոպառլամենտ, 2005թ. 15 դեկտեմբերի` Լիտվայի խորհրդարան, 2006թ. 19 ապրիլի, Արգենտինայի Հանրապետության Ազգային սենատ, 2007թ. 7 հուլիսի` Չիլիի Սենատ, 2007թ. 10 հոկտեմբերի` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, 2007թ. 19 նոյեմբերի` Հարավային ամերիկայի միջազգային խոշորագույն ՄԵՐԿՈՍՈՒՐ կազմակերպություն, 2007թ. 7 դեկտեմբերի` Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու սինոդ, 2008թ. 8 հունվարի` Ցեղասպանագետների ասոցիացիայի կոչ, 2008թ. 3 մարտի` Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի Համայնքային խորհուրդ, 2008թ. 28 մարտի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրուրդ, 2008թ. 29 փետրվարի, Բուլղարիայի Բուրգաս քաղաք, 2010թ. 26 փետրվարի, Իսպանիայի Կատալոնիայի ինքնավարության խորհրդարան, 2010թ. 4 մարտի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ, 2010թ. 11 մարտի, Շվեդիայի խորհրդարան (ողջ տեղեկատվությունը հեռուստաեթերից ու տպագիր մամուլից է, եթե որևէ մի փաստ վրիպել եմ արձանագրել, ուստի, հայցում եմ նրանց ներողամտությունը): Անկասկած, կայացված բոլոր վճիռներն ու որոշումները մեզ համար կարևոր են առանց խտրականության, սակայն, կա արձանագրված պատմական մի փաստ, որն անտեսելու և շրջանցելու իրավունք մեզանից ոչ մեկը չունի. ՀՀ ԱԳՆ կայքէջի Genocide բաժնի International Recognition ցանկում չի արձանագրվել «1918թ. 4 նոյեմբերի - 12 դեկտեմբերի. Թուրքիայի խորհրդարանի անդամները դատապարտեցին հայերի կոտորածը» փաստը, որին հաջորդել է Թուրքիայի ռազմական արտակարգ ատյանի վճիռը (սա նշված է): Այսօր, երբ աշխարհասփյուռ հայությունը և աշխարհի մի շարք երկրներ ու միջազգային հեղինակավոր կազմակերպություններ պահանջում են Թուրքիայից առերեսվել սեփական պատմության անցյալի մութ էջերին` ընդունել անցյալի ոճիրը, մենք մեզանից ու աշխարհից կոծկում ենք Հայոց ցեղասպանության փաստի դատապարտման առաջին իսկ արձագանքը` հանցագործ Թուրքիայի մեղայականը: Ինչո՞ւ: Ո՞ւմ վերագրել անընդունելի այս զլությունը: Ի՞նչ բացատրություն ունի հնգամյա լռությունը: Ակնհայտ անտարբերությո՞ւն, բացահայտ թերությո՞ւն, թե՞ … Քավ լիցի, մեզ պետք չէ դիվանագետի կեցվածքով հռետորական ներկայացում խաղալ միջազգային ամբիոններում ու բեմահարթակներում: Գործն է խոսքի արժեքը: Շատ հարցերում կարող ենք զլանալ, ինչու ոչ` թերանալ, սակայն, սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ մեզանից և ոչ մեկը իրավունք չունի տարտամելու, առավել ևս` թերանալու:

Հ.Գ.- Հոդվածին կից ներկայացնում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքէջի հասցեն, ուր կարող եք անձամբ հետևել իմ բարձրացրած հարցերին. www.armeniaforeignministry.com:

Ջեմմա Բաղդադյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter