HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք շարունակում ենք մեր հավերժական ընթացքը»

Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է: 95 տարի առաջ այս օրը պետականորեն մշակված ծրագրով սանձազերծվեց մի ոճրագործություն, որն իր ծավալով, հրեշավորությամբ ու հետևանքների ծանրությամբ նախադեպը չուներ ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմության մեջ: Հայերին բնաջնջելու ծրագիրն իրականացրեց Օսմանյան կայսրության պետական մեքենան իր բոլոր կառույցների միջոցով, որոնք գործում էին ըստ հստակ հրահանգների: 1915 թվականի այս օրը դարձավ սահմանագիծ: Հայ ժողովրդի հազարամյակների երթը ճեղքվեց, բաժանվեց երկու մասի` սահմանագծից առաջ և հետո: Մեկ ու կես միլիոն զոհ, հայրենազրկված և տարագիր արված մի ողջ ժողովուրդ, հնամյա մշակույթի ոչնչացում. սա էր հայերի վերջին հետքերը ջնջելու մոլուցքն ու գաղափարախոսությունը պետական քաղաքականության վերածելու հետևանքը: Հաշվարկված էր, որ Մեծ եղեռնից հրաշքով փրկված հայության բեկորները չպետք է կարողանային ուշքի գալ ստացած հարվածից, պիտի լուծվեին հինգ մայրցամաքների միջև ձգվող հորձանուտում և կորցնեին իրենց ազգային ինքնությունն ու քաղաքական գործոն լինելու ունակությունը: Բայց մենք` որպես հավաքական ազգ և իբրև պետություն, մեր մեջ ուժ գտանք վերադառնալու միջազգային քաղաքական բեմ` ասելու համար, որ մենք շարունակում ենք մեր հավերժական ընթացքը և վճռական ենք` թույլ չտալու նման հանցագործությունների կրկնությունը: Եվ մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աշխարհի շատ ու շատ երկրներում, այդ թվում նաև Թուրքիայում, հասկանում են մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և մեր կողքին են այդ պայքարում: Սա մի գործընթաց է, որի անխուսափելի ծավալումն այլընտրանք չունի: Սիրելի հայրենակիցներ, Այսօր համայն հայության հետ ես գլուխ եմ խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նրանք մեզ պատգամ են թողել` ապրել ու արարել հանուն բարու, գեղեցիկի, հանուն Հայոց հայրենիքի, մեր ազգային իղձերի և համայն մարդկության: Մենք չենք ուրանալու նրանց հիշատակն ու պատգամը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter