HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ես ուզում եմ, որ հիշողությունը պահպանվի հավերժական»

Ազատամարտիկ Ավետիք Հայրապետյանը այսօր այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ամենից շատ ափսոսում է, երբ մտածում է, որ Ցեղասպանության հետևանքով դադարեց հայ ժողովրդի բնական աճը, և այսօր հայերը կարող էին մեծաթիվ ազգ լինել: «Ես ունեմ 54 թոռ, 7 երեխա: Մի աղջիկս 13 երեխա ունի: Հայրս` Աղաբեկը, Սարդարապետի, Բաշ-Ապարանի մասնակից է, ունեցել է 121 թոռ ու ծոռ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ավետիք Հայրապետյանը: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը առկախելու նախագահի որոշմանը` ազատամարտկին ասաց. «Սերժ Սարգսյանը շատ տաղանդավոր գործ է սկսել»: Ծիծեռնակաբերդ այցելած մեկ այլ ազատամարտիկ` Լևոն Կարապետյանը, ասաց, որ ընդհանրապես պետք էր շուտ դուրս գալ այդ գործընթացից, և թուրքերի նպատակը հարցերը ձգձգելն է: Նրա կարծիքով` հայ-թուրքական այս գործընթացի մեջ մտնելը և արձանագրություններ ստորագրելը ի սկզբանե իմաստ չուներ, բայց պետք էր փորձել` միջազգային հանրության առջև թուրքերի դիմակը պատռելու համար: «Դա ահագին օգտակար եղավ: Առաջադեմ մարդկությունը սերնդեսերունդ փոխվում է, շատ-շատերը դեռ տեղյակ չեն, չգիտեն` ինչ բան է թուրքական ազգության հոգեբանությունը: Պիտի թուրքական հոգեբանությունը վերլուծես: Թուրքը 15-ից հետո շատ քիչ է փոխվել»,- ասաց նա: Պատերազմի ժամանակ Մոխրաթաղ գյուղում մեկ այլ վիրավոր ազատամարտիկի դուրս բերելիս Լևոն Կարապետյանն ինքն է վիրավորվել ու կորցրել ոտքը: Սակայն նա անմար կրակի մոտ է բարձրանում ամեն ապրիլի 24-ին: «Դժվարություն չկա: Գալիս ես, ոնց որ քո պարտքը փոխհատուցես: Ու մի կողմից էլ ուրախանում ես, որ կարողացել են ինչ-որ չափով թե Արցախյան պատերազմում մասնակցություն ունենալ, թե ինչ-որ չափով արտասահմանյան երկրներում Ցեղասպանության ճանաչման համար որոշակի լումա ներդնել»,- ասաց Լևոն Կարապետյանը: Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Ապարանցի Պավլիկը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը առկախելու որոշմանը, նշեց, որ նախ, ընդհանրապես չպետք էր սկսել այդ ամենը, և երկրորդ` Թուրքիան ինքն է փակել սահմանը: «Ես դեմ եմ սահմանի բացմանը այդ ճանապարհով: Տեսնում եք, որ Թուրքիան մենակ չէ: Սա գերտերությունների լկտի խաղն է»,- ասաց ազատամարտիկը: Նա նշեց, որ եթե հրեաներին ցեղասպանության ենթարկեց Գերմանիայի իշխանությունը և ոչ թե գերմանացի ժողովուրդը, ապա հայերի դեպքում այդպես չէր. և 1915, և 1988 թթ-ին հայերի Ցեղասպանությանը մասնակցեցին ոչ միայն Թուրքիայի իշխանությունը, այլև ժողովուրդը: «Չմոռանանք` Թուրքիայի ամբողջ ժողովուրդը ցեղասպանություն կատարեց: 88-ը մեկ անգամ ևս եկավ ապացուցելու, որ թուրքը մնացել է թուրք` որպես աշխարհի արհավիրք: Այստեղով թուրքը էլ երբեք չպիտի անցնի»,- նշեց Ապարանցի Պավլիկը: Նա համամիտ չէ այն տեսակետին, որ պետք չէ հետամուտ լինել Ցեղասպանության ճանաչմանը, քանի որ Ցեղասպանությունն արդեն ճանաչված է, այլ պետք է հետամուտ լինել հետևանքների վերացմանն ու փոխհատուցմանը: «Ցեղասպանությունը հազարամյակներ ժողովուրդը պետք է պահի իր մեջ, որպեսզի երբեք էլ ցեղասպանության չենթարկվենք: Ես չեմ կարծում` փոխհատուցում կլինի, և չի լինելու նման բան: Եթե թուրքը ասում է. «Հողից մի մասնիկ չեմ տալու», էսօր ի՞նչ հատուցման մասին է խոսքը: Մենք մի փոքրիկ մասն ենք ազատագրել մեր փոքրիկ հայրենիքի` Արցախը, այն էլ չեն թողնում գերտերությունները: Դուք հավատում եք, թե ինչ-որ փոխհատուցո՞ւմ կլինի: Հենց այնպես հող չեն տալիս»,- ասաց ազատամարտիկը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` սիրիական լրատվամիջոցի հետ հարցազրույցում արտահայտած այն տեսակետին, թե Հայաստանը կարող է զիջել ազատագրված տարածքները` ազատամարտիկն ասաց. «Քիչ է մնում սիրտս պայթի ամեն մի բառի համար: Դա անհնարին է: Մենք ինչպե՞ս կարող ենք խոսել փոխհատուցման մասին, երբ եղածն են ուզում տանել: Սա՞ է փոխհատուցումը: Չի լինելու, այսինքն` պետք է չխաբել էս ժողովրդին, և ժողովուրդը չպիտի խաբվի: Չի լինելու, ժողովուրդը միջից չպիտի հանի: Թուրք փաշաներից մեկն ասել է. «Կանցնի 20 տարի, և հայերը կմոռանան Ցեղասպանությունը. նրանք հիշաչար ժողովուրդ չեն»: Իսկ ես ուզում եմ ոչ թե հիշաչարություն, այլ հիշողությունը պահպանվի հավերժական: Եվ որպես ապացույց` ուզում եմ Հրանտ Մաթևոսյանից մի խոսք ասել. «Կովը հրեն հանդում արածում է` հիշողություն չունի. հորթին երեկ են մորթել»: Չհավասարվենք նրան»,- ասաց Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկը: Արցախյան պատերազմում առաջին զոհի` Էդիկ Տոռոզյանի մայրը` 86-ամյա Փառանձեմ մայրիկը, Ծիծեռնակաբերդ էր եկել առավոտյան ժամը 8-ին: Նա, Հրանտ Դինքի նկարով ցուցապաստառը ձեռքին, կանգնել էր անմար կրակի մոտ: Ասաց, որ մնալու է այնքան, որքան կարողանա: Փառանձեմ մայրիկը ապրում է իր 88-ամյա ամուսնու հետ, ով առաջին կարգի հաշմանդամ է: Էդիկ Տոռոզյանը նրանց միակ որդին էր: «Իմ բալաս ուզում էր, որ Ցեղասպանությունը ճանաչվի: Առաջին զոհն է եղել: Ծուխս մարեց, ու հիմա, ասում են, ազատագրված տարածքները հետ են տալիս, իմ բալայիս արյունը ջուրն են լցնում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter