Հայտնաբերվել է կեղծ օղիների ապօրինի արտադրամաս
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Արմավիր քաղաքի տարբեր հասցեներում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Մանվել Ղ.-ն, Վարդան Վ.-ն, Գայանե Ա.-ն և Աղավնի Ս.-ն ապրիլի 21-ին ներկայացրել են ընդհանուր առմամբ 33 շիշ 0,7 լ և 0,5 լ տարողության «Ավշար Պեչատնայա» և «Ավշար N1» ապրանքային նշաններով օղիներ` դրոշմավորված մեկ անգամից ավել օգտագործված ակցիզային դրոշմանիշերով:
Նրանք հայտարարել են, որ օղիներն իրենք ապրիլ ամսին ձեռք են բերել ոմն Անդոյից:
Նույն օրը պարզվել է, որ ոմն Անդոն 1988 թ. ծնված Անդրանիկ Կ.-ն է, որն այդ օղիները` 0,7 լ տարողության մեկ շիշը 900 դրամով, իսկ 0,5 լ տարողության մեկ շիշը` 600 դրամով ձեռք է բերել 1966 թ. ծնված Արայիկ Մ.-ից:
Արայիկ Մ.-ի տան ներքնահարկում հայտնաբերվել է կեղծ օղիների ապօրինի արտադրամաս, որտեղից վերջինս ներկայացրել է 47 շիշ 0,7 լ և 0,5 լ տարողության «Ավշար Պեչատնայա» ապրանքային նշանով կեղծման հատկանիշներով օղիներ` դրոշմավորված մեկ անգամից ավել օգտագործման հատկանիշներով ակցիզային դրոշմանիշներով և դրանց պատրաստման համար օգտագործված հումքը, խցանները, գործիքները և այլ նյութեր:
Ապրիլի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում շարունակված միջոցառումների արդյունքում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Սիրանուշ Խ.-ի, Բամբակաշատ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Գայանե Կ.-ի ամուսնու` Արմեն Գ.-ի, Արմավիր քաղաքում գործող անհատ ձեռնարկատերեր Ալեքսանդր Մ.-ի և Գոհարիկ Հ.-ի կողմից ներկայացվել են ընդհանուր թվով 29 շիշ 0,7 լ և 0,5 լ տարողության «Ավշար Պեչատնայա» և «Ավշար N1» ապրանքային նշաններով կեղծման հատկանիշներով օղիներ` դրոշմավորված մեկ անգամից ավել օգտագործման հատկանիշներով ակցիզային դրոշմանիշներով:
Նրանք կրկին հայտարարել են, որ այդ օղիները ս/թ ապրիլ ամսվա ընթացքում ձեռք են բերել Անդրանիկ Կ.-ից: ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մայիսի 18-ի փորձագիտական եզրակացությամբ պարզվել է, որ փորձաքննության ներկայացված «Ավշար Պեչատնայա Վոդկա» և «Ավշար N1» պիտակի գրառմամբ բոլոր շշերում առկա անգույն, թափանցիկ հեղուկները իրենց բաղադրությամբ չեն համապատասխանում գործարանային արտադրության նմուշներին և հանդիսանում են կեղծ օղիներ, իսկ շշերին փակցված 2008 թ. և 2009 թ. իսկական ակցիզային դրոշմանիշները կրկնակի անգամ օգտագործված են: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի քննչական բաժին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել