
Խոշոր ծեծկռտուք Ագարակում
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչը դարձյալ կապում են քաղաքապետ Մխիթար Զաքարյանի անվան հետ: Կողմերից մեկում քաղաքապետարանի աշխատակիցներ կան, մյուսում՝ «Կերամա մարացցիի» բաժնետեր Կարեն Բադալյանի ազգականները:
Ըստ ոստիկանության այսօրվա տարածած հաղորդագրության՝ սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ոստիկանության Մեղրիի բաժին է դիմել 36-ամյա Սաթենիկ Կարապետյանը եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ագարակի 4 բնակիչներ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող մշակույթի տան մոտ ծեծի են ենթարկել իր ամուսնուն, որդուն եւ տեգրոջ տղաներին:
Սաթենիկը «Կերամա մարացցիի» բաժնետեր Կարենի հարազատ եղբոր՝ Արազիկ Բադալյանի կինն է: «Հետքի» հետ զրույցում Սաթենիկը պատմեց, որ երեկ իրենք բարեկամներով քաղաքի ռեստորաններից մեկում միջոցառում են ունեցել: Մինչ այդ որդին՝ 16-ամյա Գեւորգ Բադալյանը, իրեն մեքենայով տարել է վարսավիրանոց. «Տղաս գնաց, որ նորից ավտոյով հետ գար ու ինձ վարսավիրանոցից վերցներ: Բայց գնալուց ստադիոնի մոտով շրջադարձ է կատարում, ու Խաչիկ Գեւորգյանը՝ պատշգամբում կանգնած, տղայիս ասում է՝ այ անասուն, ոչխար, անցի ստեղից, գնա»:
Մոր պատմելով՝ 36-ամյա Խաչիկի վիրավորանքի պատճառը եղել է կամ մեքենայի կտրուկ շրջադարձը, կամ էլ այն արագ վարելը. «Բայց ինչ ուզում է, լինի, ինքը ոչ գայիշնիկ է, ոչ էլ Ագարակի կարգ ու կանոնը որոշողը»:
«Դրանից հետո երեխաս ինձ վարսավիրանոցից տարավ տուն, որ ժամը 7-ին պետք է գնայինք ռեստորան: Բայց 6:30 Խաչիկ Գեւորգյանը կամ նրա եղբոր տղան՝ Դավիթ Գեւորգյանը, զանգում են տղայիս ու կանչում դուրս: Հետո տանում են հրապարակի վերեւի սադ ու ծեծում»:
Սաթենիկի խոսքերով՝ որդին օգնության է կանչել հորեղբոր տղային՝ 21-ամյա Հրաչյային (Կարեն Բադալյանի ավագ որդին է): Սակայն Ագարակի հրապարակում բոլորի աչքի առաջ Գեւորգին ու արդեն նաեւ նրա հորեղբոր տղային՝ Հրաչյային, դարձյալ ծեծել են. «Ու ինչ են արել, երեւի դա իրենց համար մեծ պատիվ է. ինչ-որ խայտառակելու նպատակ են ունեցել, երեխաների շորերը հանել են, սկսել քացով տալը»:
Հետո, ըստ Սաթենիկի, դեպքի վայր է հասել իր ամուսինը՝ Արազիկ Բադալյանը, ասել է՝ «ես այսօր միջոցառում ունեմ, վաղը կհանդիպենք ու խաղաղ ձեւով հարցը կլուծենք»: Բայց միջոցառման ընթացքում իր հայրը՝ Բորիկ Կարապետյանը, ռեստորանից դուրս է եկել ծխելու ու հանդիպել Խաչիկին:
«Հետո, որ հայրս ուշացավ, ամուսինս ու եղբայրս գնացին նրա հետեւից: Բայց նրանք պատրաստ սպասելիս են եղել՝ այգում թաքնված: Ամուսինս մոտեցել է Սոս Սարգսյանին, նրանք այգուց բոլորով դուրս են եկել ու սկսել ծեծել,- պատմում է Սաթենիկը,- ամենավերջին հայհոյանքներն էին տալիս: Հորեղբորս տղաներն էլ միջամտեցին, որ հանգստացնեն, նրանց էլ ծեծեցին: Ես էս ամեն ինչին վկա եմ եղել, որպես ականատես եմ ասում»:
Սաթենիկի ներկայացմամբ՝ արդյունքում ջարդվել են հոր կողերը, եղբայրն ու ամուսինն ուղեղի ցնցում են ստացել, որդին ու տեգրոջ տղաներն էլ՝ «մեկը գլուխը, մյուսը՝ երիկամները, երրորդն էլ՝ ամբողջ մարմինը բռնած պառկած են»:
Ագարակի հիվանդանոցի բժիշկ Արմեն Օհանջանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ միջադեպի հետեւանքով «ոչ ոք հիվանդանոցում պառկած չէ»: Նա հաստատեց, որ Բորիկ Կարապետյանի կողերից մեկը կոտրվել է եւ ասաց, թե համեմատության մեջ ամենածանրը վերջինիս վնասվածքն է: Իսկ թե քանիսը եւ ինչ աստիճանի վնասվածքներ են ստացել, բժիշկը չմանրամասնեց՝ նշելով, թե ավելի լավ է, որ նման հարցերին պատասխանի հիվանդանոցի տնօրենը:
«Երկու րոպեից զանգեք, ես հեռախոսիս մեջ տնօրենի համարը նայեմ, ասեմ»,- խոստացավ բժիշկ Օհանջանյանն ու հեռախոսազանգերին այլեւս չպատասխանեց:
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Բադալյանների քեռու տղան է: Թե Սաթենիկ Կարապետյանը եւ թե նրա սկեսուրը՝ Ֆիալետա Զաքարյանը, (քաղաքապետի հորաքույրն է), վստահեցնում են, որ այս ամենի հետեւում կանգնած է անձամբ քաղաքապետը:
«Ծեծողները նրա (Մխիթար Զաքարյան) ոհմակից են, մի մասին քաղաքապետարանում պաշտոն է տվել, ուզում են Ագարակում բոլոր ջահելներին իրենց թրի տակով անցկացնեն, ստորացնեն: Շատ-շատ դեպքեր են եղել, շատ-շատ մարդկանց են ծեծել, բայց մարդիկ վախենում են ու չեն ասում»,- նշում է քաղաքապետի հորաքույրը եւ թվարկում «թրի տակով անցածների» անունները:
Քաղաքապետ Զաքարյանը Երեւանում է: «Հետքի» հետ զրույցում նա վստահեցրեց, որ միջադեպի մանրամասները հեռախոսով է ճշտել: Իր իմացածով՝ Դավիթ Գեւորգյանը ծեծել է Գեւորգ Բադալյանին: Ի պատասխան՝ վերջինիս հորեղբոր տղան՝ Հրաչյան, ծեծել է Դավիթին: Հետո Դավիթի հորեղբայրը՝ Խաչիկ Գեւորգյանն է ծեծել Հրաչյային, վերջինիս հորեղբայրն էլ՝ Արազիկ Բադալյանը, ծեծել է Խաչիկին:
«Ու մեծ կռիվ է դարձել: Բայց չեմ հասկանում, թե ես ինչ կապ ունեմ այս միջադեպի հետ: Սրանից 8 ամիս առաջ թերթերը գրեցին, որ հորաքրոջս թոռը՝ նույն Հրաչյան, կրակել է մեկի վրա: Ու դա, որպես բացասական երեւույթ, կապեցին ինձ հետ: Հիմա նույն Հրաչյան նորից կռիվ է Արել Ագարակում երիտասարդների հետ, ու այդ դրվագով տուժող է: Եթե Հրաչյան ծեծողը լիներ, էլի կապելու էին ինձ հետ, եթե տուժողն է, արդեն ծեծողին՝ մյուս կողմին են կապում ինձ հետ: Չի կարելի, չէ՞, ես ինչ կապ ունեմ»,- ասում է Մխիթար Զաքարյանը:
Նա չի բացառում, որ ծեծկռտուքի մասնակիցներից ոմանք կարող են լինել քաղաքապետարանի աշխատակիցներ, բայց շեշտում է, որ ամեն մարդ իր աշխատանքը ստացել է մասնագիտական կարողությունների շնորհիվ, եւ ինքն աշխատանքային հարաբերություններից դուրս որեւէ մեկին որեւէ հրահանգ չի տալիս:
Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ դատաբժշկի ուղեգիր է տվել 4 հոգու՝ Արազիկ, Գևորգ, Հրաչյա և Մերուժան (Կարեն Բադալյանի կրտսեր որդին է) Բադալյաններին: Իսկ նրանց ծեծի ենթարկելու կասկածանքով «միջոցառումներ են ձեռնարկվում հայտնաբերելու» Խաչիկին, Դավիթին, Սոսին եւ Արմենին:
Սակայն Սաթենիկ Կարապետյանը, ինչպես ինքն է ասում՝ որպես ականատես, թվարկում է տուժողների եւ ծեծողների ավելի շատ անուններ: Առաջինների մեջ են ոչ միայն Արազիկ, Գեւորգ, Հրաչյա եւ Մերուժան Բադալյանները, այլեւ Բորիկ եւ Ռոման Կարապետյանները, Գոռ եւ Գիքոր Ղազարյանները: Իսկ նրանց Խաչիկ եւ Դավիթ Գեւորգյաններից, Սոս Սարգսյանից եւ Արմեն Սամվելյանից բացի, ըստ Սաթենիկի, ծեծել են նաեւ Սամվել Միքայելյանը եւ Հայկ Հայրապետյանը:
Քրեական գործ դեռեւս հարուցված չէ. ընթանում է հետաքննություն:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել