HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դելավերի համալսարանում Ցեղասպանության օրը նշվել է որպես «հայկական օր»

«Հետքն» արդեն գրել է, որ Գյումրու ՀՊՏՀ մասնաճյուղի դասախոս Արտակ Մանուկյանը, մասնակցելով ԱՄՆ Մերիլենդ նահանգի շախմատի բաց առաջնությանը, միանձնյա զբաղեցրել էր առաջին տեղը: Հիշեցնենք, որ Արտակ Մանուկյանը ԱՄՆ է մեկնել JFDP (Junior Faculty Development Program) կրթական ծրագրի շրջանակներում:

Արտակը «Հետքին» պատմեց, որ Դելավերի համալսարանում, որտեղ ինքն ուսանում է, ավանդույթ կա` յուրաքանչյուր օր համարվում է որևէ երկրի օր և դրա առթիվ համալսարանում բարձրացվում է այդ երկրի դրոշը: «Քայլելով դրոշների թանգարանով` նկատեցի, որ մեր հանրապետության դրոշը բացակայում է: Իհարկե, հասկանալի է` շարքային ամերիկացին ոչինչ չգիտի Հայաստանի Հանրապետության մասին, ինչը տեղավորվում է ներկա աշխարհաքաղաքական հայացքների շրջանակում: Եթե մենք կարողանայինք կերտել Տիգրանմեծյան Հայաստանը կամ գոնե կարողանայինք ավելի ճանաչելի դարձնել մեր պատմությունը և մշակույթը, ամեն ինչ կարող է փոխվել: Այստեղ հարգում են միայն ուժեղներին և մեծերին»,- ասում է Արտակ Մանուկյանը: Հայ դասախոսը ծանր է տարել Հայաստանի դրոշի բացակայությունը և զրուցելով համալսարանի անձնակազմի հետ` պայմանավորվել է, որ Դելավերի համալսարանում ապրիլի 24-ը լինի հայկական օր: «Մնում էր միայն կազմակերպել դրոշի հարցը, լուծումը միանգամից գտնվեց. դրոշը գնեցի համացանցից: Երբ դրոշը տեղ հասավ, սկսեցի համբուրել հայկական դրոշը: Այն նույն հայկական դրոշը, որը ես գրեթե ամեն օր տեսնում եմ Հայաստանում և երբևէ մտքովս չի էլ անցել այն համբուրել»,- պատմում է Արտակը: Ապրիլի 23-25-ը համալսարանում նշվել են որպես հայկական օրեր: Արտակի ասելով` իր ընտրած օրը պատահական չի եղել: Նա ցանկացել է, որ հայկական օրը համընկնի Ցեղասպանության 95-րդ տարելիցին: Արտակը տարբեր ազգերի ուսանողներին նաև ներկայացրել է տվյալներ Հայաստանի մասին, ինչը որոշ հետաքրքրություն է առաջացրել նրանց մեջ: «Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ հայկական սփյուռքի մեջ կա մի տարր, որը, իմ կարծիքով, ոչ իրական արտացոլումն է հայի կերպարի: Ես փորձել եմ այստեղ կառուցել ու ներկայացնել հային այլ կերպարով ու շատ կուզեի, որ մեր պաշտոնյաները ևս իրենց շրջագայությունների ժամանակ ոչ թե գնահատեին խաղատները, թեթևաբարո կանանց և այլ հաճույքներ, այլ ներկայանային ուրիշ տեսքով` ստեղծելով հայկական բրենդ: Կարծում եմ` այդ տեսանկյունից հատկապես մեր դեսպանատների աշխատողների ընտրությունը շատ կարևոր է, որի մասով դեռ բացթողումներ ունենք: Օրինակ, բազմիցս մասնակցելով տարբեր կոնֆերանսների` ես մշտապես արձանագրել եմ, որ հայկական պատվիրակությունը մի տեսակ միշտ անուշադրության է մատնվում, այնինչ ադրբեջանական պատվիրակության անդամները միշտ վայելում են իրենց դեսպանատների աջակցությունը»,- ավելացնում է Արտակ Մանուկյանը:

Ըստ դասախոսի` հայկական բրենդ կարող են դառնալ հայի բարությունն ու շախմատը: «Հետքը» արդեն գրել է, որ նա անվճար պարապմունքներ է անցկացնում Դելավերի համալսարանում: Ապրիլի 23-ին հայ դասախոսը կազմակերպել է շախմատի սեանս, որի մասնակիցները վճարել են «մասնակցության գումար»: Հավաքվել է ընդամենը 100 դոլար, որը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության միջոցով պետք է հասնի Չիլիի և Հաիթիի երկրաշարժի զոհերի հարազատներին: Այս մրցույթում դարձյալ հաղթել է Արտակ Մանուկյանը` 9-2 հաշվով: «Մրցույթին իմ հաղթանակը կարելի է ավելի մեծ համարել, քանի որ դրա արդյունքում իմացան Հայաստանի, Տիգրան Պետրոսյանի, Լևոն Արոնյանի և Ցեղասպանության մասին,- ասում է Արտակ Մանուկյանն ու ավելացնում,- ցավոք, իմ առաքելությունը մոտենում է ավարտին և Հայաստան գալուս պես ես կրկին բախվելու եմ հայկական իրականության հետ` ամեն մեկի մեջ պոտենցիալ հանցագործ փնտրող մաքսավորներ, օդանավակայանի աշխատակիցներ` առանց հյուրընկալության ու ծառայություն մատուցելու տարրական գիտելիքների և այլն: Ինչպես ասում են, «Բարի գալուստ Հայաստան», բարի գալուստ հայկական իրականություն, այստեղ դու տանն ես, և այստեղ քեզ սպասում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter