HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչով դիմել է Սփյուռքի հայկական կազմակերպություններին

ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի մամուլի հաղորդագրությունը ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց նախաձեռնելու կոչով դիմել է Սփյուռքի հայկական կազմակերպություններին: Հայկական երեք ավանադական կուսակցություններին ու Սփյուռքի լոբբիստական կառույցներին հղված ուղերձում, մասնավորապես, ասվում է. «2009 թվականի ապրիլից, երբ հայ-թուրքական երկխոսությունը տեղափոխվեց հանրային հարթակ, մենք հայտնվեցինք նոր մարտահրավերների դեմ հանդիման: Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացը, հանրահայտ երկու արձանագրությունների ստորագրումը առիթ դարձան ներհայկական բուռն բանավեճերի: Սեփական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը հայերի կողմից Ադրբեջանի օգտին տարածքային զիջումների հետ կապելու` Թուրքիայի շարունակական փորձերը հավելյալ լարվածություն են հաղորդել կովկասյան տարածաշրջանին: Արևմտյան հանրությունը, Սփյուռքի հայկական կազմակերպությունների աջակցությամբ, ակտիվացրել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը` որպես ներազդելու միջոց թուրքական ղեկավարության վրա, որը հրաժարվում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացում ստանձնած պարտավորությունների կատարումից: Ի պատասխան այդ ներազդման` Թուրքիայի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հայտարարեցին տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման սպառնալիքի մասին: Նկատի ունենալով Թուրքիայի մերձավորագույն դաշնակից Ադրբեջանի ռազմատենչ ծրագրերը` կարելի է չկասկածել, թե հատկապես որտեղից և ինչ ուղղությամբ կարող է սկսվել այդ ապակայունացումը: Դրա հետ կապված` հրատապ է դարձել ԼՂՀ անվտանգության ամրակայման, այսինքն` նոր ցեղասպանության վտանգի կրկնման բացառման խնդիրը, այս անգամ արդեն Արևելյան Հայաստանում: ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը գտնում է, որ մեր ժողովրդի համար այնպիսի կարևոր խնդրի լուծման հետ միասին, ինչպիսին Ցեղասպանության ճանաչումն է, սփյուռքահայ կազմակերպություններին հարկ է քննարկել նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը որպես իրենց գործունեության հավասարազոր առաջնահերթ ուղղություն»: Ըստ ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի` վերջին ժամանակներս Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման նախադեպերն ապացույցն են այն բանի, որ ճանաչումը հանդիսանում է հակամարտային գոտիներում անվտանգության ամրապնդման և կայունության ապահովման իրական լծակ, ինչը, ամեն ինչից զատ, մեծ ջանքեր ու ծախսեր չի պահանջում: Հանրային խորհրդի անդամ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը նշեց. «Արտերկրի մեր հայրենակիցները մեծ փորձ ունեն, որ տասնամյակների ընթացքում ձեռք են բերել Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությունում: Եկել է ժամանակը այդ փորձն օգտագործելու Արցախում հայոց հաղթանակների միջազգային-իրավական ամրապնդման համար»: Հանրային խորհրդի կարծիքով` տարբեր երկրների անգամ տեղաշրջանային մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախի ճանաչումը կոգևորի ու կզորակցի արցախցիներին, առավելս տոկունություն կհաղորդի նրանց և բարոյական ու ինստիտուցիոնալ լուրջ աջակցություն կհանդիսանա: Ստեփանակերտ, 26 ապրիլի, 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter