Խոշորները
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի` առաջին եռյակը կազմում են «ՀայՌուսգազարդը»` 5.24 մլրդ դրամ, «Ալեքս Գրիգը»` 4.48 մլրդ դրամ և «ԱրմենՏելը»` 3.46 մլրդ դրամ: Չորրորդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է (2.73 մլրդ): 2010 թ. առաջին երեք ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները, միասին վերցրած, 31 %-ով ավելի ավելի շատ հարկ են մուծել, քան 2009 թ. նույն ժամանակաշրջանում:

Աճ են արձանագրել առաջատար 20-յակում ընդգրկված բոլոր ընկերությունները: Աճի տեսանկյունից հատկապես աչքի են ընկնում հանքարդյունաբերական ընկերությունները: Այսպես, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 4.5 անգամ ավելի շատ հարկ է մուծել, քան անցյալ տարի, և հայտնվել 11-րդ տեղում` անցյալ տարվա 45-րդի փոխարեն:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» աճ է արձանագրել գրեթե 25 անգամ` անցյալ տարվա 28.3 մլն դրամի համեմատ` մուծելով 700 մլն դրամ:
«Դինո գոլդ մայնինգի» աճը մի փոքր համեստ է` ընդամենը 71 %:
Բավական ուշագրավ է, սակայն, որ այս ցուցակի 8-րդ հորիզոնականում է հայտնվել հայաստանյան շուկա նոր մուտք գործած «Օրանժ Արմենիան»` 9293 %-անոց աճով:
Շարունակում է մնալ ԱԺ օրակարգում
Երեկ մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Պարզվել է, որ ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցված հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը հանվել է միայն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգից: Այն, սակայն, մնացել է մեծ օրակարգում:
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի այն հարցին` արդյոք հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը ընդհանրապես հանվե՞լ է խորհրդարանի օրակարգից, արձագանքել է. «Դրանք հանվել են ընդհանուր առմամբ քառօրյայից, մեծ օրակարգում մնում են»:
Իր հերթին ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ պարզաբանել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` մեծ օրակարգում ընդգրկված օրինագծի քննարկումը կարող է հետաձգվել առավելագույնը երեք նստաշրջանի ընթացքում: «Դրանից հետո այն արտահերթ կարգով պետք է քննարկվի, եթե իհարկե նախագծի հեղինակը չառաջարկի ընդհանրապես հանել օրակարգից»,- պարզաբանել է պատգամավորը:
Սա նշանակում է, որ մինչև 2011 թ.-ի աշնանային նստաշրջանը արձանագրությունների փաթեթը կարող է մնալ մեծ օրակարգում: Իսկ մինչև այդ, ինչպես ժողովրդական ասացվածքն է հուշում, կամ էշը կստակի, կամ էլ իշատերը:
Ստրասբուգ կմեկնեն երկուսով
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ հերթական քառօրյաների արանքում հասցրեց երեխա ունենալ և երեկ, պարտաճանաչ պատգամավորի պես, նիստի սկզբից 10 րոպե հետո հայտնվեց խորհրդարանի դահլիճում: «Ժառանգության» նրա գործընկերները ողջագուրվեցին 4 երեխաների մայր պատգամավորի հետ:
Եթե Եվրախորհուրդը իր խոստումը կատարի և իրոք հոգա պատգամավորի և նրա 18-օրական դստեր ճանապարհաճախսն ու Ստրասբուրգում մնալու ծախսերը, Զ.Փոստանջյանը ԵԽԽՎ-ի նիստերին կմեկնի դստեր հետ:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի որոշմամբ` տիկին Փոստանջյանը դուրս է մնացել ՀՀ հիմնական պատվիրակությունից և այժմ փոխարինողի կազմում է:
Եղանակը և իշխանափոխությունը
Ըստ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի` «Ընդդիմությունը արտահերթ իշխանափոխության նախանշանների պակաս չի զգում. եղանակը ցրտում է` ասում են` արտահերթ իշխանափոխություն, Իսլանդիայում հրաբուխ է ժայթքում` հայտարարում են, թե դա կարող է բերել իշխանափոխություն:
Ցանկացած իրադարձություն, անկախ նրանից, նպաստո՞ւմ է, թե՞, հակառակը, նույնիսկ տեսականորեն անհավանական է դարձնում արտահերթ իշխանափոխության հեռանկարը, իրենց համար ընդամենը առիթ է` ևս մեկ անգամ խոսելու այդ մասին: Նրանց գործն էլ հենց դա է. իրենք կատարում են իրենց աշխատանքը»:
Եվ ոչ մի տեղ
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` երեկ արդեն հայաստանյան բուհերին է ուղարկվել կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի` կրճատվել են բուհերում բակալավրիատի կրթական ծրագրերով պետական պատվերով տեղերը:
Բացի նրանից, որ գալիք ուսումնական տարում անվճար տեղերի քանակը կլինի 50 %-ով պակաս, նաև, օրինակ, ԵՊՀ ամենահեղինակավոր երկու մասնագիտությունների դեպքում` իրավագիտություն և միջազգային հարաբերություններ, չի լինելու ոչ մի պետպատվերով տեղ:
Ու այսպիսի կտրուկ փոփոխությունների մասին հանրությանը տեղյակ է պահվում միայն հիմա, երբ ընդունելության քննություններին շատ քիչ ժամանակ է մնացել: Գուցե ապագա շատ դիմորդներ բարձր վարձավճարներով ֆակուլտետների պետպատվերով տեղերի համար են պարապել, ինչը հնարավոր է` չանեին ու ավելի «էժան» մասնագիտություն ընտրեին` այս անակնկալի մասին ավելի վաղ իմանալու դեպքում:
Ալիկ Սարգսյանը դրական է արձագանքել
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դրական է արձագանքել օմբուդսմենի հղած դիմումին, որտեղ նա ուշադրություն էր հրավիրել այն փաստին, որ ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանափակվում է անձի` փաստացի ձերբակալված լինելու պահից պաշտպան ունենալու իրավունքը: Սակայն մինչ ոստիկանապետը դրական է վերաբերվում, երեկ ոստիկանության հրավիրված Հասմիկ Սիմոնյանին 5 ժամ պահել են և փաստաբանին թույլ են տվել մտնել միայն 2 ժամ անց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել