HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Հեղափոխություն, բայց թարգմանական

«Սարդարապատ» շարժումն այսօր «Կենաց տուն» հասարակական կազմակերպության գրասենյակում քննարկում էր կազմակերպել, որի ընթացքում մտավորականները Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության դեմ գործուն քայլեր էին առաջարկում: Տարբերակները մի քանիսն էին. Ազգային Ժողովի դիմաց պիկետից մինչեւ գիտական աշխատություններով խնդրի հիմնավորում: Նախաձեռնող խումբը առաջարկները լսելուց հետո պատրաստվում է գործողությունների ծրագիր մշակել եւ հստակ քայլեր ձեռնարկել, որի մասին կտեղեկացվեն նաեւ լրատվամիջոցները: Նախ պետք է հանդիպեն ԱԺ Կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամների հետ, որպեսզի նրանց բացատրեն օտարալեզու դպրոցներ բացելու վտանգները: Եթե հանձնաժողովի անդամները դեմ քվեարկեն կառավարության ներկայացրած օրինագծին, այն չի մտնի Խորհրդարանի օրակարգ: Մտավորականները պատրաստվում են գործել 3 ուղղությամբ. գիտական քաղաքական իրավական Նախ պետք է գիտականորեն ապացուցել օտար լեզուներով կրթության բացասական ազդեցությունը, ապա ընդգծել եւ ուշադրություն հրավիրել խնդրի քաղաքական կողմի վրա: Մտավորականները կարծում են, որ Հայաստանի իշխանությունները մեր երկրում օտարալեզու դպրոցներ բացում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ճնշման տակ: Իսկ իրավաբանները պետք է փորձեն հիմնավորել, որ օտարալեզու դպրոցների բացումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ըստ որի` Հայաստանի պետական լեզուն հայերենն է, ինչպես նաեւ Ազգային անվտանգության հայեցակարգին: Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքը զգալիորեն տարբերվում էր մյուսներից: Հեղափոխություն. սա է բոլոր խնդիրների լուծումը` ըստ Խզմալյանի: Իսկ գրող, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը ցանկանում է թարգմանական հեղափոխություն անել: Նրա խոսքով` պետությունը կարող է լուրջ միջոցներ ներդնել թարգմանության համակարգի զարգացման համար, որից հետո ցանկացած մասնագիտության գրականության հայերեն տարբերակը կունենանք: Առաջարկվող տարբերակներից մեկն էլ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի պահանջելն է, որը սակայն միանշանակ չընդունվեց, քանի որ, ինչպես մտավորականներն էին նշում. «Աշոտյանից հետո Գալուստ Սահակյանը կգա...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter