HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարող են ծանր վիճակից դուրս գալ, եթե պետությունը հնարավորություն տա

Լոռիում գյուղացիներից շատերն են կարծում, որ հողի մշակման հետ կապված դժվարությունները պայմանավորված են ոչ միայն եղանակով ու գյուղատնտեսական մթերքների գներով, այլև Կառավարության տնտեսական քաղաքականությամբ: Հենց այս առումով էլ նրանք կարևորում են վարչապետի հետ հանդիպումը: «Հազիվ էկել էր: Կգար, հլա մեր գյուղերի քարուքանդ եղած ճանապարհներով մի կերպ գոնե մի գյուղ կմտներ, անմշակ ու անտեր մեր հսկայական վարելահողերը կտեսներ, մի երկու գյուղացու հետ էլ կխոսեր, վարչապետ մարդ էր, կարող ա մեկի մատից էլ փուշ հաներ»,- դժգոհեց օձունցի Եզեկ Աղվանյանը: Օձունի 1300 հա վարելահողերից  այս տարի հազիվ 5 տոկոսն է մշակվում, նախորդ տարվա 10 տոկոսի դիմաց: Լոռին հանրապետության ամենամեծ մարզն է: Այստեղ 113 համայնքներից 103-ը գյուղական են: 2009թ.-ի մարզպետարանի տարեվերջի տվյալներով` մարզի 55,9 հազար հա վարելահողերից  շուրջ 6 հազար հա-ն աշնանացան է, իսկ 2009թ.-ի գարնան, ամռան ամիսներին մարզի 5 տարածաշրջանների 29 համայնքներում կարկտահարությունից գյուղացիների վնասները կազմել են 1 միլիարդ 440 մլն դրամ, որի դիմաց առ այսօր որևէ փոխհատուցում չի տրվել գյուղացիներին: «ՀՀ Պետբյուջեով 2009թ.-ին նախատեսված է մարզի Գոգարան, Մեծավան, Նորաշեն, Սարչապետ համայնքներում իրականացնել պետական աջակցության (սուբսիդավորման) ծրագրեր: Սակայն 2009թ.-ի գարնանացանի ժամանակ պահանջվող փաստաթղթերի փաթեթները կազմվեցին և ՀՀ գյուղնախարարություն ներկայացվեցին միայն Գոգարան համայնքի կողմից, մնացած 3 համայնքները չներկայացրեցին և գարնանացանից դուրս մնացին»,- 2009թ.-ի նոյեմբերին «Հետք»-ին տեղեկացրել էր Լոռու մարզպետարանի գյուղվարչության պետ Վ. Բունաթյանը: Սակայն Մեծավան, Նորաշեն, Սարչապետ գյուղերի ղեկավարները սուբսիդավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը գյուղնախարարությանը չեն ներկայացրել նաև աշնանացանի ժամանակ: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը համայքի ղեկավարներից որեւ բան չի էլ պահանջել, փոխարենը իր տարեկան հաշվետվության մեջ հայտնել է. «ՀՀ կառավարության սուբսիդավորման ծրագրով  5 716 480 մլն դրամ սուբսիդավորում են ստացել Գոգարան համայնքի 185 ընտանիքներ` 163.33 հա հացահատիկի ցանքս կատարելու համար»: Մարզպետը դա համարում է ցուցանիշ: Մարզպետասրանի  հենց այս կարգի մոտեցումներն էլ առաջացնում է  գյուղացիների դժգոհությունը: «Լոռու մարզում վարելահողերի մշակության մակարդակը ցածր է, քանի որ արտադրվող բուսաբուծական մթերքները սեզոնային գերատադրության բնույթ են կրում և շուկայական էժան գինը չի փոխհատուցում կատարված աշխատանքները գոնե 100%-ով և գյուղացին գործնականում այնքան եկամուտ չի ստանում, որպեսզի իր ընտանիքի կարիքները հոգալուց հետո լիարժեք կարողա իր տնտեսության վերատադրությունն ապահովել»,-այս տարվա փետրվարի 9-ի մարզխորհրդի նիստում ասաց Վ. Բունաթյանը: Մարզի գյուղերում ծանր կացության մեջ են հայտնվել վարկառու գյուղացիները: Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանը նշեց, որ «ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ» բանկից 2009թ.-ի վարկ վերցրած 26 գյուղացիներից 11-ը չեն կարողացել փակել իրենց վարկը, որի մարման ժամկետը եղել է 2010թ.-ի մարտի 10-ը: «Ժամկետանց վարկ ունեն Ռևազյան Ռոլանդը` 262 դոլար, Հախվերդյան Սուրենը` 277 դոլար, Սիրադեղյան Սաղաթելը` 643 դոլար և այլն: Գյուղացիները, եթե մի բանկից վարկ են վերցնում ու չեն կարողանում մարել, մի ուրիշ բանկից վարկ են վերցնում, նախկին վարկը մարում»,- ասաց գյուղապետը: Վարկի հարցում ճոճկանեցի Սեդրակ Անդրեասյանի բախտը չի բերել: Վարկով ձեռք բերած նրա 32 խոզերը օրեր առաջ ժանտախտից սատկել են: Անգամ այս պայմաններում շատ գյուղացիներ կարծում են, որ  կարող են այս ծանր վիճակից դուրս գալ, եթե պետությունը հնարավորություն տա: «Այսինքն` էս մեր մաքսային քաղաքականությունը, որ դրված ա, ոնց որ գյուղացու հենց հակառակ լինի դրված: Մի ժամանակ Վրաստանից գալիս էին մեր կարտոֆիլը մեծ բեռնատարներով դաշտում միանգամից բարձում, տանում էին: Գյուղացիներս  խնդիր չունեինք կարտոֆիլը ոչ պահեստավորելու, ոչ էլ վաճառելու: Փաստորեն, հիմա Բագրատաշենի մաքսատունը արգելում է նրանց մուտքը մեր գյուղեր: Կարտոֆիլի վրա դրին կանտրաբանդա, թե ինչ ա մի մարդ պետք ա էդ առևտուրն անի: Գյուղացին հողի հետ կկապվի, եթե կառավարության մենաշնորհային քաղաքականությունը վերանա: Ցորենը մեկը չներկրի, կարտոֆիլը մեկը չարտահանի: Կառավարությունը պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որ ներկրած ցորենը, մեր արտադրած ցորենից էժան չլինի: Մեր տեղական ցորենը վաճառվի: Այ այն ժամանակ, երբ գյուղացին կարողանա  այն մի քիչ թանկ վաճառել, կտենա, որ հողը մշակելը ձեռնտու ա, ինքն էլ հողը կվարի»,- կարծում է Եզեկ Աղվանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter