Ըստ Գագիկ Մինասյանի` վավերացումը կլիներ ամենից անտրամաբանական քայլը
«Իհարկե, համաձայն չեմ պարոն Օսկանյանի գնահատականի հետ: Ես կարծում եմ, որ մենք ամենալավ տարբերակն ենք ընտրել»,- այսօր կազմակերպված ասուլիսին նշեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ մեկնաբանելով հայ-թուրքական գործընթացում վերջին զարգացումները` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել էր, որ իշխանությունը ընտրեց մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակը:
Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մեկնաբանելով հայ-թուրքական գործընթացում վերջին զարգացումները, նշել էր, որ իշխանությունը ընտրեց մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակը: «Այժմ Թուրքիայի վրայից սահմանի բացման ամեն պարտավորություն հանված է` մինչև չլուծվի ղարաբաղյան խնդիրը, ինչը և Թուրքիայի ցանկությունն էր հենց սկզբից: Հայկական կողմն արեց այն, ինչն ամենացանկալին էր Թուրքիայի համար` չվավերացրեց արձանագրությունները, բայց և չհրաժարվեց դրանցից` Թուրքիային հնարավորություն տալով շարունակել ակտիվ ներգրավված մնալ ղարաբաղյան հարցում»,- ասվում է Վարդան Օսկանյանի մեկնաբանության մեջ:
Մինչդեռ Գագիկ Մինասյանի կարծիքով` մենք ընտրության 4 տարբերակ ունեինք` ետ կանչել ստորագրությունը, կասեցնել, որևէ բան չանել կամ վավերացնել արձանագրությունները: «Եթե վավերացնեինք արձանագրությունները, թուրքերն էլ վավերացնեին, ապա մենք պետք է գնայինք զիջումների: Հակառակ պարագայում նրանք կարող էին չվավերացնել և հիմար վիճակում թողնել հայկական իշխանություններին: Վավերացումը ամենաանտրամաբանական քայլն էր, ոչինչ չանելը ևս անտրամաբանական էր, քանի որ Թուրքիան կշարունակեր շահարկել և կասեր, որ մի խառնեք Ցեղասպանության հարցը: Այստեղ խոսքը խելամիտ ժամկետների մասին է: Եթե ետ վերցնեինք մեր ստորագրությունները, ապա կտրում էինք այն հնարավորությունները, որոնք ձեռք ենք բերել: Մենք այդ 4 տարբերակից ընտերցինք ամենանպաստավորը` կասեցրինք գործընթացը` թույլ տալով մեզ պահեստային մի որևէ քայլ»,- մեկանաբանեց Գագիկ Մինասյանը:
Անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման խնդրում միջնորդ դառնալու Իրանի առաջարկությանը` Գագիկ Մինասյանը նշեց, որ այն միշտ եղել է ընդգծված հավասարակշռված:
«Ադրբեջանը փրփուրներից է կախվում, քանի որ Ղարաբաղյան գործընթացը ընթանում է իրեն ոչ այդքան էլ նպաստավոր հունով: Նա ամեն ինչ անում է, որ գործընթացը դուրս բերի ԵԱՀԿ Մինսկի խմբի ոլորտից, ինչը չի հաջողվի նրան: Մենք միշտ կողմ ենք եղել և բարձր ենք գնահատել Իրանի հավասարակշռված դիրքը Ղարաբաղյան հարցում և համարում ենք, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի միջոցով»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել