HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» հոդվածների հետքերով

Գործարար եւ պաշտոնյա Վիկտոր Դարբինյանը «Հետքին» պատմել էր մարզի «բարձրաստիճան» իրավապահների կողմից միջին եւ խոշոր գործարարներին ֆինանսական կախվածության մեջ գցելու մասին: Վ. Դարբինյանը դա պատմել էր իր օրինակով` դրվագ առ դրվագ ներկայացնելով, թե ինչպես է գործում իրավական համակարգը «անհնազանդների» նկատմամբ: Իր «անհնազանդության» ուղղակի հետեւանքն էր համարում իրավապահների կողմից իրեն պատկանող ավտոկանգառում «ապօրինի» իրականացված ստուգումները, ինչպես նաեւ խուլիգանության դեպքով որդու կալանավորումը: «Հետքն» առանձին հոդվածներով անդրադարձել է այդ դրվագներին:

«Հետքի» հոդվածների հետքերով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) հարցումներ է ուղղել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին եւ հետաքրքիր պատասխան է ստացել նրանից:

Մասնավորապես, մարզի դատախազին ուղղված առաջին հարցմամբ ՀՔԱՎ-ը տեղեկատվություն է խնդրել այն մասին, թե ինչ ստուգումներ են իրականացվել Վ. Դարբինյանին պատկանող ավտոկանգառում (ավտոկանգառի աշխատողները «Հետքին» հայտնել էին, որ ստուգումներն անց են կացվել դատախազի ցուցումով): Մարզի դատախազը պատասխան գրությամբ հայտնել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչների շրջանում շրջանառվող դժգոհություններից պարզվել է, որ Գարեգին Նժդեհ եւ Մյասնիկյան փողոցների միջեւ ընկած հատվածում ավտոմեքենաները կայանելիս տարբեր անձանց կողմից պահանջվում եւ ստացվում են գումարներ:

«Այդ կապակցությամբ անհրաժեշտ է պարզել, թե ում կողմից, ինչ հիմքերով են հավաքվում գումարները, ուր են մուտքագրվում, նշված ճանապարհահատվածը ինչ հիմքով, ինչ կարգով եւ ում է պատկանում»,-նշված է դատախազի պատասխանի մեջ:

Կ. Շահբազյանը հրահանգել էր ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Ս. Ավետիսյանին զբաղվել նյութերի նախապատրաստմամբ եւ ընթացքի վերաբերյալ զեկուցել վերահսկողություն իրականացնող դատախազին:

ՀՔԱՎ-ը երկրորդ հարցումն էր ուղղել մարզի դատախազին` տեղեկատվություն խնդրելով այն մասին, թե ինչ ձեւով է արտահայտվել նշված ավտոկանգառում ավտոմեքենաների կայանման հետ կապված քաղաքացիների դժգոհությունը: Խնդրել էր տրամադրել պատճենները: ՀՔԱՎ-ը նաեւ հետաքրքրվել էր, թե ո՞ր ՀՀ իրավական նորմով է սահմանվում դատախազի` գրությամբ ոստիկանապետին ներկայացված ցուցումը: Մարզի դատախազը հարցմանը պատասխանել էր հետեւյալ գրությամբ. «Չնայած դատախազությունը օրենքների պարզաբանման պարտականություն չունի, բայց, այնուամենայնիվ, հետագայում անտեղի գրագրություններից խուսափելու, ժամանակ խնայելու նպատակով պարզաբանում եմ, որ Լոռու մարզի դատախազություն քաղաքացիներից դժգոհություններ, բողոքներ, տեղեկություններ կամ հաղորդումներ ստացվում են ընդունելությունների, հանդիպումների, հեռախոսազանգերի եւ այլ շատ տարբեր դեպքերում ու եղանակով, որոնք լինում են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր:

ՀՀ քրեադատավարական օրենքով նախատեսված կարգով դատախազը իր լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին տվյալների, հետեւանքների, նյութական հետքերի հայտնաբերման դեպքում պարտավոր է ստուգել դրանք, իսկ հիշյալ առիթները հիմնավորվելու դեպքում հարուցել քրեական գործ: Ի դեպ, ստուգումներն ու նյութերի նախապատրաստումը իրականացվում է հետաքննական կամ նախաքննական մարմնի միջոցով:

Ինչ վերաբերում է որեւէ նյութով կամ քրեական գործով փաստաթղթեր տրամադրելուն, ապա հերթական անգամ պարզաբանում եմ, որ ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով դրանք կարող են տրամադրվել միայն դատավարական կարգավիճակ ունեցող անձանց, այլ ոչ թե ամեն ցանկացողի»:

Նշված պատասխանին հետեւել է ՀՔԱՎ-ի` դատախազին ուղղված հաջորդ գրությունը` հետեւյալ բովանդակությամբ. «Ոստիկանության Վանաձորի բաժնի պետին հայտնել եք, որ Լոռու մարզի դատախազությունում Վանաձոր քաղաքի բնակիչների շրջանում շրջանառվող դժգոհություններից պարզվել է, որ ավտոմեքենաներ կայանելիս տարբեր անձանց կողմից պահանջվում եւ ստացվում են գումարներ… Խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե քաղաքացիների մոտ շրջանառվող դժգոհությունները ի՞նչ կարգով են արձանագրվել Լոռու մարզի դատախազությունում, կա քաղաքացիների կողմից հանցագործության մասին հաղորդումներ, դիմումներ, բողոքներ, եթե այո, տրամադրեք դրանց պատճենները: Միաժամանակ խնդրել էինք հայտնել, թե իրավական ո՞ր  նորմով է սահմանվում ոստիկանապետին ներկայացված Ձեր ցուցումը:

Ի պատասխան ստացվել է Ձեր գրությունը, որում հայտնել եք, որ Լոռու մարզի դատախազություն քաղաքացիներից դժգոհություններ, բողոքներ ստացվում են ընդունելությունների, հանդիպումների եւ այլ եղանակներով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր:

Կազմակերպությունը չէր հարցնում, թե ընդհանրապես դատախազությունում ինչ կարգով են ստացվում տեղեկություններ հանցագործությունների մասին, այլ կոնկրետ մատնանշած դեպքի առնչությամբ կոնկրետ տեղեկատվությունն ինչ կարգով է ստացվել: Եվ ինչ իրավական նորմով է սահմանվում ոստիկանապետին ներկայացված հստակ մատնանշված դիմումը: Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված դատախազի լիազորություններին, որ «…հանցագործության մասին տվյալների հայտնաբերման դեպքում պարտավոր է ստուգել դրանք, իսկ հիշյալ առիթները հիմնավորելու դեպքում հարուցել քրեական գործ», ապա Ձեր կողմից մեջբերված իրավական վերլուծությունը տվյալ պարագայում կիրառելի չէ, այն բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասից ըստ որի` քրեական գործ հարուցելու առիթներն են` հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:

Տվյալ նորմը դատախազությանը լիազորություն չի տալիս ոստիկանության պետին ցուցումներ տալու համար, այլ թվարկում է քրեական գործ հարուցելոի առիթները: Ինչ վերաբերում է Ձեր գրության վերջին պարբերությանը, որ «Նյութերով կամ քրեական գործով փաստաթղթեր կարող են տրամադրվել միայն դատավարական կարգավիճակ ունեցող անձանց, այլ ոչ թե ամեն ցանկացողի», ապա «ամեն ցանկացողը» ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին է, որը, անկախ բնակության վայրից, սոցիալական դրությունից, ունեցվածքից, քաղաքական եւ կրոնական համոզմունքներից եւ պաշտոնական դիրքից, ՀՀ իշխանության տնօրինողն է: ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին` ըստ ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածի: «Ամեն ցանկացողը» ՀՀ քաղաքացին է, որի վճարած հարկերի հաշվին ձեւավորվում է պետական բյուջեն, որից հատկացվում են բոլոր պետական մարմինների, այդ թվում` դատախազության գործունեության համար անհրաժեշտ միջոցները, հետեւաբար յուրաքանչյուր պաշտոնատար անձ պարտավոր է ՀՀ քաղաքացու նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք՚:

Այս վերջին գրությունը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը  Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին է ուղարկվել սեպտեմբերի 15-ին:

Մեկնաբանություններ (5)

R.A.
Իսկապես Լոռու մարզի դատախազը պաշտպանության կարիք չունի իր հզորության շնորհիվ: Եթե նա կարողանում է կառավարել Լոռու մարզի պես կրկմինալ հակվածություն ունեցող հսկայական այդ մարզը, ապա Սաքունից անհիմն մեղադրանքները ոչ մի բանի արժեք չունեն և չեն կարող նեմացնել կատարվող ահռելի աշխատանքները: Ձեզանից ցանակացած մեկդ փորձեք Ձեզ պարոն Շահբազյանի տեղում պատկերացնել, ասեմ, որ հաստատ այդ ծավալի աշխատանքի մասին լսելուց անգամ կսարսափեք: Իսկ ինչ վերաբերվում է պարոն Սաքունցին արդեն անգամ Վանաձոր ժողովուրդը նշանակություն չի տալիս նրա գրածներին, անընդմեջ դժգոհություններին, էս մարդը երբեք գոհ չի, մարզի դատախազը ինչ էլ անի ինքը չէ դժգոհ է: Հետաքրքրիր է ում է հետքրքրում Սաքունցի ոչ օբյեկտիվ կարծիքը? կարծում եմ ոչ մի նորմալ մարդու, այնպես որ պարուն Սաքունց դժգոհի ինչքան ուժ ունես, միայն թե երբեմն մտածի, որ ամեն ինչ իրականում այդպես չէ ինչպես դու ես սովոր ներկայացնելու:
Գիվի
Նախ դատախազը լավն է թե վատն է, դրա մասին թող Լոռու բնակիչները իրենց գնահատականը տան, որը տալիս են բազմիցս հրապարակային և ոչ հրապարակային: Երկրորդն էլ չեմ կարծում, որ Լոռու դատախազը կարիք ունի պաշտպանվելու մանավանդ Հետք-ի մեկնաբանությունների շարքում հաղորդագրությունների տեսքով: Սաքունցի պահանջը շատ հստակ և հիմնավոր է, որին պատասխանելու փոխարեն դատախազը անհարգալից և իրավաբանին ոչ հարիր գրություն է ուղարկել: կոնկրետ հարց են տալիս կոնրետ պատասխան տվեք, թե չէ նախաքննություն չգիտեմ ինչ կարող է Սաքունցը չգիտի թե որն է նախաքննության գաղտինքը, որը փաստաբանական: Դարբինյանների մասով էլ, իզուր մեկ չարչարվի Սաքունցը ոչ մեկին էլ հովանավոր չի կանգնում այլ մարդու իրավունքներն է պաշտպանում, եթե մի մարդու ազգանունը Դարբինյան է դա դեռ չի նշանակում, որ նրա իրավունքները պետք չէ պաշտպանել: Կամ եթե Դարբինյանները վանաձորցիներին գռփողներն են, այդ ում աչքի առաջ են գռփել ու գռփում Ձեր պաշտպանած դատախազը չգիտի այդքանը......? Ով կարող է այս երկրում գռփել առանց հովանավորչության ? Կներեք, բայց հեքիաթներին չեմ հավատում.......
vanadocirci
Պ. Սաքունց քեզ մի խայտառակի: Իհարկե , դատախազը բարի պտւղը չէ: Իսկ դարբինյանները, ովքեր են դարբինյանները, վանաձորցիներին գռփողները: Գործարար ու պաշտոնյա Վիկտոր Դարբինյան` այնպես էլ գրում եք ասես մի ազնվագույն գործարարի մասին է խոսքը: Ամբողջ Վանաձորը Սամվել Դարբինյանի, նրա եղբայրների ու հորեղբոր ձեռքին է: Հիմա էլ Սաքունց, եկել ես մեր գլխին լոլո ես կարդում: Դատախազի դեմ դուրս եկողը, դարբինյաններին հովանավորողի դիրքերից չպետք է դուրս գա:
R.A.
inchpes misht aranc haskanalu boxoqner a grum paron Saqunc@. heriq a eli. chhogneciq? nenc mtacum e vor voch voq chgitei te duq inchov eq zbaghvum? amenalav marzn a lorin u amenalav marzi dataxazov, vonc kareli a ed mardun mi ban asel, piti bolorov shnorhakal lineq. idep amen texekutyun chi vor hasaneli e bolorin, tramabanutyan pakasi masin a xosum da ete mek@ mtacum a vor amen inch kara imana. che vor goyutyun uni naxaqnnakan gaghtniq, pastabanakan gaghtniq karox e linel isk naxaqnnakan chi karox?
Vahe 2010
-Օրենքն էլ է մեր ձեռքին ուժային կառույցներն էլ. ՈՒմ ուզենք կսպանենք, կխաբենք, կթալանենք`-ՀՀ մաֆիոզ ոհմակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter