HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյան. «Երևման Սուրբ խաչ եկեղեցին հերթական «զոհն» է»

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայկական մշակութային կոթողների պահպանության լավագույն լուծումը տեսնում է «հանցագործներին պատժելու» մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ախալցխայի Երևման Սուրբ Խաչ եկեղեցու քանդմանը, նա նշեց, որ սա  վրացական կողմի իրականացրած քաղաքականության հերթական «զոհն է», որոնք նորոգության անվան տակ յուրացնում են հայկական եկեղեցիներն ու ոչնչացնում հուշարձանները: Երևման Սուրբ Խաչ եկեղեցում դեռևս կատարել են միայն մաքրման աշխատանքներ, բայց այդ ընթացքում դուրս են եկել արձանագիր խաչքարեր: «Հայի հետքն անպակաս է: Եվ վրացիները ձերբազատվելու են այն ամենից, ինչը հայկականությունն է փաստում, որովհետև ոչ մի յուրացված եկեղեցում այսօր գոյություն չունի ոչ խաչքար, ոչ արձանագրություն: Այսինքն` այն, ինչ կարող է հիշեցնել բուն տիրոջը, մաքրագործված է: Դժվար չէ կռահել, որ Երևման Սուրբ խաչի հետ տեղի կունենա նույնը, և այն հերթական «զոհն է», հերթական յուրացվող, «վերականգնվող» հուշարձանը»,- ասաց Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանի դիտարկմամբ, Ախալցխայի հայ համայնքը տարատեսակ ազգային խտրական ճնշումների ներքո է,  դրա համար չի կարող լիարժեք արծարծել նմանօրինակ խնդիրները: «Ազգային ողնաշարը Ախալցխայում կոտրված է»,-ասում է նա: Ավելին, բանխոսի կարծիքով, Մայր Աթոռն էլ հետաքրքրված չէ այս հարցով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարերի ընթացքում հայ կաթողիկե եկեղեցիներին և հետևորդներին անտեսած է եղել, հետաքրքրված չէ և լուր էլ չունի, մինչև վերջերս նրանց հայ չէին համարում, այլ ֆրանկ էին կոչում»,- նշում է հուշարձանագետը: 1830 թվականից հետո Ախալցխայի հայ կաթողիկե համայնքը բաժանվել է 2 մասի` բնիկներ և Բարձր Հայքից եկվորներ: Կարնո գավառից գաղթածները հայախոս հայեր են եղել: Իսկ բնիկները հետզհետե վրացախոս են դարձել և ձուլվել էր վրացական համայնքին: Հայ կաթողիկեները, լինելով նոր համայնք, 17-րդ դարից հետո տիրապետեցին եկեղեցիների, և դրանք հետո անցան կաթողիկե համայնքին: Այդ եկեղեցիներից մեկը, ի սկզբանե առաքելական հիմնված, բայց հետագայում կաթողիկեներին փոխանցված Ռաբաթ թաղամասի բարձրադիր մասում գտնվող Երևման Սուրբ Խաչ եկեղեցին է: Այն երբևէ չի գործել: Շուրջը տարածվում է միջնադարյան խաչքարերեով ու տապանաքարերով գերեզմանոց, մեծ մասը` արձանագիր: Սամվել Կարապետյանին հանդիպած ամենահին արձանագրություններով գեղաքանդակ խաչքարերը 14-րդ դարից են մնացել: Իսկ որոշ խաչքարեր ագուցված են եկեղեցու պատերի մեջ: Ըստ փորձագետի` վրացիներն աշխատում են ոչ միայն Թբիլիսիում, Ախալցխայում և այլ բնակավայրերում, այլ սկսել են սողոսկել հայկական բնակավայրերի ձորերը, լեռները, անտառները և հին գյուղատեղիներ ու ոչնչացնում են գյուղական եկեղեցիները: «Այսօր արդեն կորցնում ենք մեր լեռներում, ձորերում գտնվող հուշարձանները»,- ասում է Սամվել Կարապետյանը: Նրա վերջին արձանագրած օրինակը Մառնելուլի շրջանի հայաբնակ Դամնիա և Սիոն գյուղերի միջև գտնվող գյուղատեղիի 17-րդ դարի եկեղեցու հայկական և մեծ շինարարական արձանագրությունն է, որն անհետացել է: Դեռևս 1998թ-ին, երբ Սամվել Կարապետյանը հրատարակել է իր աշխատությունը` «Հայ մշակույթի հուշարձանները և վրացիների վարած պետական քաղաքականությունը», որտեղ 100-ից ավելի ականատեսների վկայություններ կան ու բազմաթիվ լուսանկարներ, մտածել է, որ միանգամից երկու հարց է լուծում. «Չարագործ ձեռքը, որը կածել է, թե ինչ-որ յուրացրել է, ջնջել, դա իրեն հաջողվել է աննկատ անել, ինքը կհասկանա, որ ամենը նախապես վավերագրված են եղել, իրեն չի հաջողվել և իր հանցանքն այլևս հայտնի է աշխարհին»: Այս կերպ հուշարձանագետը հույս ուներ, որ կկանխվեր մյուս հուշարձանների ոչնչացումը: Երկրորդը հարցը` եթե հայկական պետական կառույցները տեղյակ չէին այս փաստերին, ապա սա լավ առիթ էր տեղեկանալու համար. «Եվ նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են պատասխանատվության ենթարկել ամեն մի չարագործի, ձեռքի տակ կունենային բավարար փաստեր այդ գործին լծվելու համար»,- ասում է հուշարձանագետը և նշում, որ իր հույսերը չեն արդարացել: Գիրքը լրացված տարբերակով այս տարի վերահրատարակվելու է անգլերեն լեզվով, ինչպես Սամվել Կարապետյանն է ասում, «աշխարհին ցույց տալու և վրացու դիմակը պատռելու աշխարհի առջև»: «Գուցցե աշխարհը հուզվի, ի տարբերություն մեզ»,- նկատում է նա: «Ի՞նչ կարելի է անել» հարցի պատասխանը Սամվել Կարապետյանը բազմիցս կրկնել է և նորից հիշեցրեց. Հայաստանը հուշարձանների ոնչնչացման հայցով պետք է մտնի միջազգային դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter