Հայաստանի նոր Կարմիր գիրքն ավելի հաստ է
Բնապահպանության նախարարությունը հրատարակության է պատրաստել Հայաստանի նոր Կարմիր գիրքը, որը բաղկացած է երկու հատորից` բույսերի եւ կենդանիների: 1989 թվականի հրատարակության Հայաստանի առաջին Կարմիր գրքի համեմատ` նոր գիրքն ավելի հաստ է եւ ավելի ընդգրկուն:
Այսօր Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վարչության կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը եւ Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում ներկայացրեցին կատարված աշխատանքը:
Նոր Կարմիր գրքի առաջին հատորը պարունակում է կրիտիկական, վտանգված եւ խոցելի վիճակում գտնվող բույսերի 452 եւ սնկերի 40 տեսակների մասին տեղեկատվություն: Իսկ երկրորդ հատորում ներառված են ողնաշարավոր 153 եւ անողնաշար կենդանիների 155 տեսակներ:
Տատյանա Դանիելյանը նշեց, որ Հայաստանի Կարմիր գիրքն ավելի է հաստացել, քանի որ ուսումնասիրություններն արվել են Բնության պահպանության միջազգային միության սահմանած չափորոշիչներով. «Իհարկե, հաստ Կարմիր գիրք ունենալը երկրին պատիվ չի բերում»,- նշեց բանախոսը:
Արամ Աղասյանն էլ տեղեկացրեց, որ Կարմիր գրքում նաեւ տեղեկատվություն կա վտանգված տեսակների պահպանության միջոցառումների վերաբերյալ, դրանք երեքն են` հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, օրենսդրական պաշտպանություն եւ վերարտադրություն: Վերանայվելու են Կարմիր գրքում ներառված բույսեի եւ կենդանիների ոչնչացման համար նախատեսված տուգանքների չափերը:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները դժվարացան ասել, թե կոնկրետ երբ է լույս տեսնելու գիրքը, քանի որ այն բավականին ծավալուն է, պարունակում է բույսերի եւ կենդանիների լուսանկաներ, եւ տպագրական աշխատանքները կարող են երկարել:
Տատյանա Դանիելյանը եւ Արամ Աղասյանը նաեւ պատասխանեցին «Հետքի» հարցերին.
Եղե՞լ են այնպիսի բույսերի կամ կենդանիների տեսակներ, որոնք ընգրկված են եղել Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակությունում եւ վերացել են:
Արամ Աղասյան - Կենդանիների մեջ կան, բույսերի մեջ չկան: Իշխանի երկու ենթատեսակներ ունեինք ` Ձմեռային իշխանն ու Բախտակը, որոնք որպես ենթատեսակներ վերացել են աշխարհից: Մենք ունենք նաեւ մեր Հանրապետության համար վերացած տեսակներ ու ենթատեսակներ, օրինակ` Շերտավոր բորենին, Դալի ավազամուկը: Հույս ունենք, որ դրանք հետագայում կարելի է վերականգնել, այսինքն` արեալի մյուս հատվածներից վերցնել եւ վերաբնակեցնել մեզ մոտ:
Իսկ կա՞ն տեսակներ, որոնք Հայաստանի առաջին գրքում ներառված են եղել, բայց դուրս են մնացել գրքի երկրորդ հրատարակությունից:
Տատյանա Դանիելյան - 162 բույսերի տեսակներ դուրս են մնացել երկրորդ հրատարակությունից, բայց դա չի նշանակում, թե նրանց վիճակը ավելի լավացել է հիմա, պարզապես այն ժամանակ ճիշտ չէին գնահատել, կարգաբանական տեսակետից սխալ որոշում էին կայացրել:
Ունե՞ք ուսումնասիրություն, թե հատկապես որ մարզում են ավելի շատ վտանգված բույսերի եւ կենդանիների տեսակները:
Տատյանա Դանիելյան - Դժվար է ասել. մենք ունենք բույսերի բաշխվածությունը ըստ մարզերի, բայց դա չի նշանակում, թե որ մարզում դրանք շատ են, այդտեղ վիճակը վատ է, այդ մարզում վատ են պահպանում: Ուղղակի դա կարող է կենտրոն լինել նոր տեսակների առաջացման, որոնք եւս ընդգրկվում են գրքում: Իսկ կենդանիների համար ըստ մարզերի դժվար է ցուցակ ունենալ, որովհետեւ կենդանիները շարժվում են, թռչունները թռչում են, մարզից մարզ են գնում:
Նոր Կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակը լինելո՞ւ է համացանցում:
Տատյանա Դանիելյան - Մենք բոլոր նյութերն ունենք էլեկտրոնային տարբերակով, հիմա շատ երկրներում գիրքը չեն էլ տպում, այլ տեղեկատվական բազան տեղադրում են համացանցում, որն անընդհատ թարմացվում է, լրացվում է: Մեր դեպքում մի քիչ ֆինանսական խնդիր ունենք, կաշխատենք դրան հասնել, ես այդ հարցը մի քանի անգամ շոշափել եմ նախարարությունում, եթե կարողանանք, կանենք, որովհետեւ դա նահրաժեշտ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել