
Ապրիլի կեսերին Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը Գորիսի տարածաշրջանի Կոռնիձոր համայնքից ահազանգ ստացավ այն մասին, որ աշնանացան ցորենի դաշտերում բույսերը զանգվածաբար ոչնչանում են: Կենտրոնի մասնագետների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ հացահատիկային մշակաբույսերի մասսայական ոչնչացման պատճառն աշնանացան ցորենի արմատային փտումն էր, որը հիմնականում պայմանավորված է եղանակային պայմաններով: Առատ տեղումների, երկարատև խոնավության, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների կողմից ցանքի համար անհրաժեշտ ոչ բոլոր ագրոտեխնիկական կանոնների կատարման պատճառով` մասնավորապես ցանքաշրջանառության չկիրառման արդյունքում հարյուրավոր հեկտարներով ցորենի ցանքատարածությունները ոչնչանում են:
Ստեղծված իրավիճակի մասին Սյունիք կատարած այցի ժամանակ տեղեկացվեց նաև ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, որի հանձնարարությամբ մի քանի օր անց Կոռնիձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների խումբը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը հաստատեց Սյունիքի ԳԱՄԿ-ի մասնագետների այն կարծիքը, որ հացահատիկի զանգվածային ոչնչացման պատճառը բույսերի փտախտն է: Գագիկ Մանուչարյանը նշեց, որ հիվանդությունը Կոռնիձոր գյուղում արդեն ոչնչացրել է 325, իսկ մերձակա Տեղ գյուղում` 80 հա աշնանացան ցորենի դաշտ: Նախնական տվյալներով` գյուղացիական տնտեսությունների կրած վնասը կազմում է ավելի քան 80 միլիոն դրամ:
«Չենք կարող պնդել, որ շրջակա համայնքներում ցանքատարածությունները ևս վարակված չեն, և հնարավոր է կտրուկ քայլերով կանխել տարածումը: Այնուամենայնիվ, գյուղացիական տնտեսություններին խորհուրդ է տրվել պայքարի համար որոշ թունաքիմիկատներ կիրառել: Մինչ այդ խորհրդատվական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Սյունիքի ԳԱՄԿ-ի խորհրդատուների կողմից, սակայն, ցավոք, իրավիճակն այս տարվա համար հնարավոր չէ փոխել»,- ասաց Գագիկ Մանուչարյանը:
Նրա խոսքով` իրենց խնդիրն է նաև իրավիճակի մասին կազմված համապատասխան ակտը ներկայացնել գյուղատնտեսության նախարարությանը, սակայն նա դժվարացավ ասել, թե պետությունը ինչպես կփոխհատուցի կամ արդյոք կփոխհատուցվի՞ մարդկանց կրած վնասը:
Կոռնիձորի գյուղապետ Սուրիկ Սիմոնյանը նշեց, որ իրենց գյուղում անցած տարի կատարվել է 1000 հա աշնանացան, որի գրեթե 1/3-ն արդեն ոչնչացել է փտախտից, և երաշխիք չկա, որ վարակված ցանքատարածությունները չեն ավելանա: Այս պայմաններում, ըստ նրա, բացի նրանից, որ հնարավոր չի լինի ապահովել համայնքի եկող տարվա բյուջեի եկամտային մասը, մարդիկ նաև արդեն զրկվել են իրենց ապրուստի հիմնական միջոցից:
«Մասնագետները խորհուրդ են տալիս, որ գյուղացիական տնտեսությունները պահպանեն ագրոտեխնիկական կանոնները, ցանքաշրջանառության ապահովման համար փոխեն մշակվող կուլտուրայի տեսակը, ցանեն, բայց, որքան էլ որ այդ պայմանը կարևոր է, մյուս կողմից դժվար է մարդկանց համար, որովհետև տարիների հետ կարծես թե արդեն ավանդական է դարձել, որ Կոռնիձորում հացահատիկային մշակաբույսեր ցանեն, և մարդիկ այդքան մեծ հողատարածքներ չունեն, որ մի կուլտուրան փոխարինեն մյուսով»,- ասաց Սուրիկ Սիմոնյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել