Կոռուպցիոն հնարավոր ռիսկերը աղետի գոտու բնակարանների բաշխման գործընթացում
2. Հերթացուցակ
Աղետի գոտու բնակարանաշինության և բնակբաշխման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին իմ նախորդ նյութում անդրադարձել էի անօթևաններին հատկացվող բնակարանների հասցեագրման և բնակարանների վիճակահանության փուլին: Այս անգամ կփորձեմ անդրադառնալ այդ գործընթացի մեկ այլ` անօթևանների հաշվառման և հերթացուցակի կազմանն բաղադրիչում հնարավոր կոռուպցիոն ռիսկերին:
Աղետի գոտում արտահերթ բնակարան ստանալու իրավունքի վավերացումը և անօթևանների հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության 1999թ. N432 և 2008թ. 1024-Ն որոշումներով: Ըստ այդ որոշումներով հաստատված`Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի`
- բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բնակարանը, բնակելի տունը, տան մի մասը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի,
-աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը,
- բնակարան ստանալու համար քաղաքացիները դիմումները ներկայացնում են ըստ բնակության վայրի` համայնքի ղեկավարին:
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների վերահաշվառման վերջնաժամկետ ՀՀ կառավարության 2008թ. 1024-Ն որոշմամբ սահմանվել էր 2008թ. նոյեմբերի 1-ը:
Նախ ասեմ, որ վերոհիշյալ որոշումներում առկա «արտահերթ» բառը որևէ մեկի մոտ թյուր տպավորություն թող չստեղծի, թե դա նշանակում է շուտափույթ. հավանաբար այս պարագայում այդ բառը … բառիս բուն իմաստով չի գրված, իսկ աղետի գոտում այն կարող է և 22 տարուց ավելի տևել:
Ինչևիցե, այդ որոշումների համաձայն աղետի գոտում բնակարանների բաշխումից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր հասցրել են հաշվառվել մինչև նշված ժամկետը: Միայն Գյումրու անօթևանների հերթացուցակում կա այդպիսի կարգավիճակ ունեցող 4245 անօթևան ընտանիք:
Ի դեպ, բնակարան ստանալու իրավունքը վերականգնել կամ առնվազն հերթացուցակում հաշվառման կանգնել հնարավոր է նաև դատական ճանապարհով, հիմնականում այն դեպքերում, երբ տեղական իշխանությունները քաղաքացուն ինչ-ինչ պատճառներով չեն հաշվառել: Գյումրու անօթևանների հերթացուցակում դատական ճանապարհն անցած բազմաթիվ քաղաքացիներ կան: Առհասարակ դատական ճանապարհով բնակարանային իրավունքի վերականգնման թեման բավական տարողունակ է և արժանի է հատուկ ուսումնասիրման: Ինքս առիթ ունեցել եմ ծանոթանալու նմանատիպ մի քանի վճիռների: Դրանցում կան այնպիսիները, որոնց ակնհայտորեն թխած ու բառիս բուն իմաստով սարքովի լինելը պարզապես հնարավոր չէ չկասկածել. դե, մենք մեր դատարաններին լավ գիտենք…
Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն այդ ճանապարհը մեկ տարուց ավելի է` փակ է: Հենց իրենց` դատավորների խոսքերով, վերևից դատարաններին իջեցված հատուկ ցուցում կա բնակարանային իրավունքի վերականգնման ոչ մի գործ վարույթ չվերցնելու մասին: Մոտավորապես հասկանալի են նման հրահանգի դրդապատճառները, որպիսիք են անօթևանների ցուցակները չավելացնելը, դատական վճիռների օրինականության հանդեպ վերևներում նստածների մեջ ևս անվստահության առկայությունը, անօթևանների հանդեպ պետության պարտավորությունները օր առաջ ավարտված համարելու ձգտումը և այլն:
Բոլորիս է հայտնի, որ հետերկրաշարժյան տարիներին սոցիալ-տնտեսական և այլ պայմանների պատճառով Հայաստանից ու հատկապես աղետի գոտուց հազարավոր ընտանիքներ արտագաղթեցին: Եվ փաստորեն երկրաշարժից իրենց բնակարանները կորցրած, սակայն վերահաշվառման ժամանակ Հայաստանից բացակայող անօթևան ընտանիքները զրկված են բնակարան ստանալու իրավունքից: Ավելին, նույն որոշման համաձայն սահմանված ժամկետում դիմում չներկայացրած անձանց նկատմամբ բնակարանների արտահերթ հատկացման մասով պետական աջակցության պարտավորությունները համարվում են դադարեցված: Եվ սա այն դեպքում, երբ աղետի գոտում կան 2008-ից հետո Հայաստան վերադարձած ու նման կարգավիճակում հայտնված բազմաթիվ ընտանիքներ, որոնց թվաքանակը գնալով ավելանում է:
Այնուամենայնիվ այդպիսի ընտանիքների խնդրին, տարբեր մակարդակների իշխանավորների կողմից տրված հավաստիացումների համաձայն, պետությունը մտադիր է անդրադառնալ 2008թ.-ին հաստատված հերթացուցակներում առկա անօթևանների փոխհատուցումից հետո միայն:
Անօթևանների հերթացուցակում հաշվառվելը իհարկե առաջին նախապայմանն է ապագայում բնակարանատեր դառնալու համար, սակայն ոչ պակաս կարևոր է, թե քաղաքացին հերթացուցակի որ հորիզոնականում է հաշվառվում: Իսկ դա կախված է անօթևանի ունեցած առաջնահերություն կամ արտոնություն կոչվածից, որը նույնպես սահմանված է ՀՀ Կառավարության N432 որոշմամբ:
Ընդհանուր առմամբ հերթացուցակը բաղկացած է 30 կետից, իսկ որոշ կետեր էլ իրենց հերթին` բազմաթիվ ենթակետերից: Իսկ վերը նշված, այսպես ասած, արտոնությունները ուժի մեջ են, եթե դրանք առկա են եղել մինչև 1999թ. հունվարի մեկը, այսինքն դրանից հետո հերթացուցակում բնակարան ստանալու առաջնահերթությունը կարող է փոփոխվել միայն համայնքի ղեկավարի միջնորդությամբ և բնակարաների բաշխման հանձնաժողովի համաձայնությամբ: Այստեղ անօթևանի առաջնահերթություն կամ արտոնութուն ասվածը բավական հարաբերական հասկացություն է և բնակարան հատկացնելու որոշում կայացնողներին հնարավորություն է տալիս հարցին մոտենալու ըստ սեփական հայեցողութան, այսինքն առկա է կոռուպցիոն ռիսկը: Բնակարանների սպասող անօթևանների շրջանում և բնակարանների բաշխման հանձնաժողովում երբեմն վեճի առարկա են դառնում հենց այդ` այս կամ այն ընտանիքի առաջնահերթության վերանայման կամ համայնքի ղեկավարի միջնորդագրերը հիմք ընդունելով հերթացուցակի ստորին մասերում ընդգրկված որևէ ընտանիքին արտահերթ բնակարան հատկացնելու դեպքերը: Օրինակ` բնակբաշխման այս փուլում նման միջնորդությամբ բնակարաններ հատկացվեցին Գյումրիում կառուցվող «Փառքի բլուր» հուշահամալիրի տարածքում բնակվող մի քանի ընտանիքների, որոնք հերթացուցակում 29 և 30-րդ կետերի արտոնություններ ունեն: Բնակարան հատկացնելու ժամանակ առավել առաջնահերթություն ունեցող ընտանիքները իրավացիորեն բողոքեցին, որ հերթացուցակի ավելի ստորին մասում հաշվառված անձանց բնակարան տալով մեխանիկորեն իրենց հերթը հետ է ընկնում:
Անօթևանների ցուցակների հերթականությունը երբեմն վերանայվում է բնակարանների բաշխման ժամանակ հանձնաժողովի կողմից վերջնական ուսումնասիրություններից հետո, երբ պարզվում է, որ մի դեպքում համապատասխան որոշումր շրջանցվել է և հաշվի են առնվել ավելի ուշ, 1998թ.-ից հետո ի հայտ եկած ու տվյալ ընտանիքին առաջնահերթություն բերող բաղադրիչները, իսկ մյուս դեպքում ճիշտ հակառակը` սահմանված ժամկետում եղածներն անտեսվել են …. Նման դեպքերը երբեմն էլ բացահայտվում են հենց իրենց` անօթևանների կողմից: Յուրաքանչյուր անգամ բնակարանների վիճակահանության մասնակիցների ցուցակները հրապարակելուց հետո մենք ստանում ենք նման բողոքներ, միայն թե շատ դեպքերում բողոքողները խուսափում են նշել որևէ մեկի անուն - ազգանունը:
Ուստի այդպիսի միջնորդություններում ևս առկա է կոռուպցիոն ռիսկը:
Ինչպես արդեն ասացի, այնուամենայնիվ առավել կարևորը հերթացուցակում հայտնվելն է, որի համար անհրաժեշտ է ունենալ կամ ձեռք բերել երկրաշարժից փլված կամ առնվազն բնակության համար ոչ պիտանի դարձած բնակարանի հասցեի գրանցում: Աղետի գոտում անցած տարիներին բազմաթիվ են խոսակցություններն այն մասին, որ բազմաթիվ անօթևան ընտանիքների բնակարանների հասցեներում հայտնվում են այնպիսի մարդկանց գրանցումներ, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել տվյալ անօթևան ընտանիքի հետ: Լինում են դեպքեր, երբ տվյալ ընտանիքը իր բնակարանի հասցեում չգիտես ինչպես հաշվառված անձնավորության մասին կամ առհասարակ չի իմանում, կամ իմանում է միայն այն ժամանակ, երբ վերջապես գալիս է նաև իրենց բնակարան ստանալու հերթը…. Իհարկե, տվյալ պարագայում նման անօթևան ընանիքը հայտնվում է աննախանձելի վիճակում և ընկնում է քաշքշուկների մեջ:
Մենք գիտենք նաև, որ աղետի գոտում հարյուրավոր ընտանիքներ 1988-ի դաժան երկրաշարժին զոհվեցին ամբողջովին: Իսկ նման ընանիքների հասցեներում անօրինական գրանցման և այդ ճանապարհով բնակարան ստանալու դեպքերի բացահայտումը գրեթե անհնարին է:
Առհասարակ անօթևանների հերթացուցակում առկա են 3 տեսակի կարգավիճակ ունեցող ընտանիքներ` մինչև օրս կորցրած բնակարանի դիմաց ամենևին չփոխհատուցված, մասնակի փոխհատուցված, այսինքն մեկ անգամ արդեն բնակարան ստացած, սակայն երկրաշարժին կորցրած սենյակների թվից պակաս թվով սենյակներ ստացած, և միայն դրամական փոխհատուցման ենթակա քաղաքացիներ: Վերջիններս այն ընտանիքներն են, որոնց վրա տարածվում է նախկին`1998թ.-ից առաջ գործող որոշումը, ըստ որի անօթևան ընտանիքներին բնակմակերես հատկացվում էր ընտանիքի անդամների թվի հաշվով և ըտանիքի մի մասը նախկինում ստացել է բնակարան:
Իհարկե, բնակբաշխման գործընթացը լի է կոռուպցիոն ռիսկերով ու բացերով, սակայն պատշաճ վերահսկողության և բնակբաշխման հանձնաժողովի օրինապահ աշխատանքի պարագայում միանգամայն հնարավոր է խուսափել սխալներից, որոնք տվյալ պարագայում անօթևան ընտանիքների համար առանց չափազանցության կյանքի արժեք ունեն:
Վահան Թումասյան
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ
Հ.Գ. Բնակբաշխման գործընթացի բնակարանների հատկացման և ժամանակավոր կացարաններից տարածքների ազատման ոչ պակաս կարևոր փուլերի հնարավոր կոռուպցիոն ռիսկերին ու բացերին կանդրադառնամ հաջորդիվ:
27.04.2010 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել