Կայացել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 11-րդ նիստը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ այսօր Կառավարության ընդունելությունների տանը կայացել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական` 11-րդ նիստը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի գործող բլոկի անվտանգության անընդմեջ բարձրացման խնդիրը եղել և մնում է Հայաստանի կառավարության հիմնական առաջնահերթություններից: «Ես ծանոթացել եմ միջուկային անվտանգությունը վերահսկող կառույցի և ատոմակայանի ղեկավարության պատրաստած նյութերին և, կարծում եմ, որ քիչ բան չէ արված: Իհարկե, ցանկալի է, որ անվտանգության ապահովման բոլոր մակարդակներում նախատեսված միջոցառումներն ավարտվեն համաժամանակյա: Սակայն, ցավոք, դա հնարավոր չէ: Մենք անկեղծորեն շահագրգիռ ենք հնարավորինս շուտ կատարելու նախանշված բոլոր առաջադրանքները»,- ասել է նախագահը:
Նա նշել է, որ թեև ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն առաջնահերթ կարևորություն ունի, սակայն Հայաստանի կառավարությունը պակաս չի կարևորում նաև էներգաբլոկի դուրսբերումը շահագործումից: Սերժ Սարգսյանն ասել է, որ արդեն սկսվել են դրա նախապատրաստական աշխատանքները, և մշակվել է համապատասխան պլան, որն իր հերթին ընդգրկված է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հաստատված գործողությունների պլանում: ՀՀ նախագահի խոսքով` ակնկալվում է այդ միջոցառումներն իրականացնել` այդ գործընթացը շաղկապելով նոր էներգաբլոկը շահագործման հանձնելու հետ:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Վաշինգտոնում կայացած գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովի քննարկումների առարկա դարձած առանցքային խնդիրներին, մասնավորապես` ռադիոակտիվ թափոնների վերահսկման խնդրին: Նախագահը խոսել է նաև Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային էներգետիկ շուկաներում խորացնելու և տարածաշրջանային էներգետիկ նախագծերում մասնակցության հարցերի մասին:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդին` ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու գործում մեծ ներդրման համար: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ խորհրդի կազմը համալրվել է երկու նոր անդամով:
ՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի խորհրդի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերը նշել է, որ տպավորված է անցած մեկ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում կատարված աշխատանքներով և դոնոր կազմակերպությունների հետ ատոմակայանի ղեկավարության համագործակցության բարձր մակարդակով:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել