HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Երեխաներին պետք է սովորեցնել «ոչ» ասելու կարողություն

Ըստ մասնագետների` սա նույնպես կարևոր դեր կխաղա թրաֆիքինգից երեխաներին պաշտպանելու հարցում Երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ ազգաբնակչության, այդ թվում` երեխաների իրազեկվածության աստիճանը, երևույթի ընկալումը և ըստ այդմ` դրանից պաշտպանվելու միջոցների իմացությունը պարզելու համար «People in Need» կազմակերպությունը, «Հույս և օգնություն» ՀԿ-ի և ՀՕՄ-ի հետ համատեղ, Հայաստանում անցկացրել է հետազոտություն: Այն ընդգրկել է ողջ հանրապետությունը. հարցումներն անցկացվել են 28 քաղաքային և 50 գյուղական բնակավայրերում: Պատահական ընտրանքով Երևանից հարցումներում ընդգրկվել են 412, մարզերից 788 տնային տնտեսություններ: Ներկայացնելով հետազոտության արդյունքները` Մարիա Անտոնյանը նշեց, որ թրաֆիքինգ երևույթի մասին տեղեկացված է մեծահասակների 86,7, երեխաների 51,5 տոկոսը: Իրազեկության ամենացածր մակարդակը գրանցվել է Սյունիքի մարզում, իսկ Երևանում թե երեխաների, թե չափահասների դեպքում առկա է անտեղյակության նույն մակարդակը: «Երեխաների խմբում ավելի շատ տեղեկացված են երևույթի և այն նկարագրող իրավիճակների մասին այն դեպքում, երբ նրանք ծագում են ավելի աղքատ ընտանիքից: Ստացվում է, որ մեծերը որքան բարեկեցիկ, այնքան տեղեկացված են, իսկ երեխաները հակառակը,- ասում է Մ. Անտոնյանը,- ինչ վերաբերում է կրթությանը, ապա երկու խմբի` մեծերի և փոքրերի համար էլ որքան կրթության մակարդակը բարձր է, այնքան բարձր է նաև իրազեկվածությունը»: Հարցումների ժամանակ բնակչության 1,8 տոկոսն է ասել, որ տեղյակ է այնպիսի իրավիճակներից, որոնք հիշեցնում են թրաֆիքինգ, իսկ երեխաների 4,9 տոկոսը: Սակայն երեխաները թեև ավելի քիչ են տեղյակ թրաֆիքինգ բառից, բայց ավելի շատ են նշել նման իրավիճակներ նկարագրող դեպքեր: Մեծահասակներին երբ հարցրել են, թե ձեր կողմից մատնանշվող թրաֆիքինգի դեպքերն ում են վերաբերում, մածամասամբ պատասխանել են` ծանոթ երեխայի: Ընդ որում` նրանք ավելի շատ նշել են սեռական բռնության դեպքերի մասին: Ուսումնասիրությունից պարզվել է, որ թրաֆիքինգի համար խոցելի է հատկապես 14-17 տարեկան երեխաների խումբը: Իսկ հետազոտության բերած նորություններից մեկն այն է, որ երևույթով անհանգստացած մեծահասակները, որոնք անհանգստություն են արտահայտել այն կապակցությամբ, որ հանկարծ իրենց երեխաները թրաֆիքինգի զոհ չդառնան, միաժամանակ նշել են, թե կհամաձայնեն, որպեսզի իրենց երեխաներն արտերկրում բարձր վարձատրությամբ աշխատանք ունենան: «Երեխաներին պաշտպանելու լավագույն ձևը երևույթի կանխարգելումն է: Դժբախտաբար, երեխաների պաշտպանության համակարգում մարդիկ, ովքեր անմիջական պատասխանատուն են, դա համայնքային մակարդակում խնամակալության հանձնաժողովներն են, որոնք, սակայն, կանխարգելման առումով պատրաստ չեն, չունեն համապատասխան կարողություն»,- ասում է Մարիա Անտոնյանը` ընդգծելով, որ իրենց առաջարկությունները վերաբերում են նաև հիշյալ օղակի զարգացմանը: Հետազոտության արդյունքում առաջարկությունների ցանկ է ներկայացվելու փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, որը նաև Հայաստանում Մադկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter