Ձևավորել պատգամավորական խումբ` Գ. Հայրապետյանի դատավարությանը հետևելու նպատակով
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը 2010 թ. ապրիլի 27-ի նիստում
Մոտենում է հայ ժողովրդի բեկումնային հաղթանակների հիմնական ամիսը` մայիսը: Սարդարապատի հերոսամարտին և Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակներին 20-րդ դարավերջին գումարվեց ընդդեմ ադրբեջանական ֆաշիզմի տոնած հաղթանակը, որում անուրանալի ներդրում ունեցան նահատակված ու կենդանի լեգենդ բազմաթիվ հայորդիներ: Փառք ու պատիվ ասելով նրանց, մեծարելով նրանց անուրանալի վաստակը, գոհունակություն հայտնելով որոշ կառավարական ծրագրերի կապակցությամբ, որոնցով մի շարք խնդիրներ են լուծվել` չենք կարող շրջանցել հաճախ նրանց մի մասի նկատմամբ ցուցաբերվող անթույլատրելի անտարբերությունը:
Ամիսներ առաջ հայ հանրությունը ցնցվեց մի մամուլի հաղորդագրությունից, որի համաձայն` Արցախի ազատամարտում մեծ դեր ունեցած և այժմ ձերբակալված հրամանատարներից մեկը ամբաստանվեց հայրենիքի դավաճանության մեջ: Ամենուր հարցեր էին հնչում` ո՞վ է նա, ինչպե՞ս է դավաճանել, ինչո՞ւ է դավաճանել: Դավադրության տեսության սիրահարներն էլ շարունակեցին. իրականում ի՞նչ է թաքնված այդ մեղադրանքի ետևում, ու՞մ գլխին, ո՞վ և ինչո՞ւ է գործ սարքել: Եվ այսպես շարունակ:
Օրերս ԱԺ ղեկավարությունը, որոշ հանձնաժողովների նախագահներ և բոլոր խմբակցությունները նամակներ են ստացել լեգենդար հրամանատար Գևորգ Վոլոդյայի Հայրապետյանի` ռազմի դաշտում հայտնի «Չորրորդի» փաստաբանից, որով նա, իրեն հայտնի դարձած պետական ու ծառայողական գաղտնիքը չհրապարակելու ստանձնած պարտավորությունը չխախտելու սահմաններում, հայտնում է հետևյալը.
- չնայած մեղադրական եզրակացությունն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է հրապարակային դատական նիստում` հետագայում որոշում է կայացվել դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին,
- պաշտպանը պնդում է, որ ոչ միայն հիմքեր չկան Գևորգ Հայրապետյանին նման սահմռկեցուցիչ հանցագործության կատարման մեջ մեղադրելու համար, այլև չի տեսնում հետազոտվող նյութի որևէ գաղտնիություն:
Պաշտպանը նաև մտահոգիչ է համարում, որ իր գնահատմամբ, նման պայմաններում հասունանում է դատավճիռ, որը, Հայաստանի Հանրապետության անունից, որպես նրա իրավական համակարգի մաս, ի ժխտումն ՀՀ պաշտոնական տեսակետի` կարող է հակառակ գնահատական տալ Շուշիի և Բերձորի` Լաչինի ազատագրմանը, ներկայացնել այն որպես ագրեսիա, Հայաստանի Հանրապետությանը` ագրեսոր պետություն և հայ ազատամարտիկին էլ` պատերազմի հանցագործ:
Նման դատավճիռը տրամադրվելու է ոչ միայն Գևորգ Հայրապետյանին, այլև գործով անցնող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու, ում մեղադրական եզրակացության համաձայն` ազատամարտիկը փոխանցել է «ՀՀ միջազգային հեղինակությունը վարկաբեկող, ՀՀ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար հակահայկական քարոզչություն համարվող լազերային սկավառակ` հայկական մարտական ստորաբաժանումների կողմից Շուշիում և Լաչինում իրականացված մաքրման գործողությունների վերաբերյալ»` իբր այն ադրբեջանական հատուկ ծառայություններին փոխանցելու նպատակով:
Չեմ ցանկանում խոսք ասել Գևորգ Հայրապետյանի անմեղության օգտին, քանի որ դրա ապացուցման, իսկ ավելի ստույգ` ներկայացված մեղադրանքի հերքման գործը պաշտպանական կողմինն է, իսկ վայրը` դատարանը: Բայց պետք է գիտակցել, որ եթե նիստը դռնփակ է, ապա դատավճիռը հասու է լինելու բոլորին, այդ թվում` արտասահմանցիների, օրինակ Իրանի քաղաքացուն:
Կարծում եմ` մեզ պետք է հետաքրքրի ոչ միայն ազատամարտիկի շուրջ ստեղծված այս պատմությունը, նրա անմեղությունը կամ մեղավորությունը, այլ նաև հետագայում Հայաստանի ու Արցախի համար նման դատավճռի ունենալիք ազդեցությունը: Ուստի առաջարկում եմ ձևավորել խմբակցությունները ներկայացնող պատգամավորական խումբ` այդ դատավարությանը հետևելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել