HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Բուժսպասարկման գները բարձրացել են Ապրիլի 1-ից բարձրացել է «Էրեբունի» հիվանդանոցում ստացիոնար բուժման գինը: Այսպես օրինակ, եթե մինչ ապրիլի 1-ը հիվանդանոց պառկելու համար հիվանդը պետք է 85 000 դրամ վճարեր աղեստամոքսային բաժանմունքում, այժմ այդ գումարը 100 000 դրամ է: Ընդ որում` այդ գումարի մեջ չի մտնում ոչ հետազոտությունների արժեքը, ոչ դեղերի, ոչ անգամ բամբակի, բինտի և բժշկական ձեռնոցների գինը, որոնք հիվանդին բուժելու համար օգտագործում են բժիշկները: Այդ բոլորի համար հիվանդն առանձին է վճարում: Թանկացման հիմքերի առթիվ երեկ թերթի հարցին ի պատասխան` հիվանդանոցի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանն ասաց, որ բուժսպասարկման գները բարձրացել են, քանի որ բարձրացվել են աշխատողների աշխատավարձերը: Ի դեպ, դեղատներում էլ բարձրացել են գրեթե բոլոր դեղերի գները, որոշ դեպքերում` մինչև 30 տոկոս: Տարակուսանք Այս տարվա ապրիլի 20-ին անհետ կորած, Ռուսաստանի ութամյա քաղաքացի Ազալիա Գադելշինայի մայրը` Ֆլյուզա Գադելշինան, թերթի թղթակցի հետ զրույցում տարակուսանք է հայտնել ոստիկանության որդեգրած գործելաոճի մասին: Եվ այդ տարակուսանքը, պետք է նկատել, անհիմն չէ: Խնդիրն այն է, որ աղջկա պատկերով և հեռախոսահամարներով պաստառները քաղաքով մեկ փակցվելուց հետո, օրերս Ֆլյուզա Գադելշինային է զանգահարել մի մարդ և հայտնել, որ երեխային տեսել է Երևանի երկաթուղային կայարանում: Այս մասին Գադելշինան հայտնել է ոստիկանությանը: Ոստիկանությունը մորը պատասխանել է, թե ստուգել է այդ տեղեկատվությունը, բայց այն կեղծ է եղել: Սակայն մայրն ինքն է գնացել կայարան ու պարզել, որ կայարանի ոստիկանությունում նույնիսկ տեղյակ չեն, որ երեխա է կորել, և որ նրան փնտրում է ոստիկանությունը: Բա որ ընդունվի՞ Ըստ լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն առաջարկում է դպրոցներում «Ցեղասպանություն» առարկա դասավանդել: «ՉԻ» - Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ այդ առաջարկությունն ընդունվի: Միանգամից ասենք` հեչ սիրուն բան չի ստացվի: Պատկերացնում եք, չէ՞, աշակերտների խոսակցությունները. «Ապե, ձեր ցեղասպանության դասատուն ո՞վ ա», կամ «տղերք, էրեկ ցեղասպանությունից հինգ եմ ստացել» կամ «Էրեխեք, էկեք ցեղասպանությոնից թռնենք, էթանք կաֆե» (և թող որևէ մեկը պնդի, թե սա վատ առաջարկ է): Մի ուրիշ պրոբլեմ էլ կա. բա որ հանկարծ վաղը-մյուս օրն էլ «գործնական պարապմունքների» խնդիր առաջանա՞: Եվ ընդհանրապես` ինչո՞ւ չի կարելի նոր «առարկա» ներմուծելու փոխարեն պարզապես ավելի խորացված դասավանդել «պատմություն» առարկան (ի դեպ` մյուս առարկաները նույնպես): Չնայած վստահ ենք, որ այդ առաջարկը չի ընդունվելու, բայց ամեն դեպքում` ընդհանուր տենդենցը մտահոգիչ է: Մեզ ժամանակակից կրթական համակարգ է պետք և ոչ թե PR-ակցիաների նոր թատերաբեմ: Իսրայելը հրաժարվել է զենք վաճառել Թուրքիային Այսօր Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը Այսօր Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը, կքննարկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Եթե հաշվի առնենք վերջին ժամանակներում նկատվող իսրայելա-թուրքական լարվածությունները, ապա կարելի է հույս ունենալ, որ Հոլոքոսթ տեսած ժողովուրդը կճանաչի նաև Հայկական ցեղասպանությունը: Այս վերջինի համար կան մի շարք նախապայմաններ ու հիմքեր: Մասնավորապես նշենք, որ թուրքական զինուժի հրամանատարությունը դիմել է Իսրայելին` զենիթահրթիռային «Բարաք» համակարգը գնելու խնդրանքով: Սակայն, իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Իսրայելը հրաժարվել է բավարարել Անկարայի խնդրանքը. «Իսրայելա-թուրքական լարված հարաբերությունների ֆոնին, մերժման կարևոր պատճառներից է նաև այն, որ Թել-Ավիվը վախենում է, որ իր իսկ զենքը` Թուրքիային վաճառելուց հետո, կարող է հայտնվել թշնամի Իրանի ձեռքերում»,- նշում են իսրայելական լրատվամիջոցները: Այնպես որ, Իսրայելը հայկական հարցն այսօր քննարկում է բավական հակաթուրքական տրամադրություններով: Մնաք բարով, կազինոներ Երեկ Ազգային ժողովը փոփոխություններ և լրացումներ կատարեց «Շահումով խաղերի և խաղատների մասին», ըստ որոնց` 2013 թվականի հունվարի 1-ից շահումով խաղերը կարող են կազմակերպվել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ համայնքների վարչական սահմաններում: Տվյալ գործունեությունը կարող է կազմակերպվել նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Երևան քաղաքից դուրս գտնվող կառավարության կողմից սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան: Հանդուրժողականության մթնոլորտ Դավաճանների նկատմամբ «Ես կյանքում ոչ հատուկ ծառայությունների հետ եմ կապ ունեցել, ոչ գտնվել եմ այս կամ այն ուժերի ազդեցության տակ: Նույնը կարող եմ ասել հայերի 99 տոկոսի մասին, իսկ մնացած մեկ տոկոսը ու շահերն է ներկայացնում, ում է ծառայում` չգիտեմ: Ցավոք սրտի, մեզանում հանդուրժողականության մթնոլորտ է ստեղծվել դավաճանների նկատմամբ: Վասակ Սյունուն ինչ ասես ասեցինք, անարգանքի սյունին գամեցինք, իսկ այսօր ազգի դավաճաններին, ազգի ոգին ջլատողներին, ազգի միասնականության դեմ պայքարողներին տրամադրում են լավագույն հեռուստաալիքները և լավագույն դահլիճները: Ոչ ոք չի ասում` ո՞վ է Ժիրայր Լիպարիտյանը, ովքեր են անհայտ ծագում ունեցող քաղաքական գործիչները և քաղաքագետները, որ հանդես են գալիս հայ ժողովրդի, Արցախի անունից»,- ասում է Համլետ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter