Արդյո՞ք հանրաքվե անցկացնելու առաջարկը կանցնի
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն առաջարկում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց շահագործման ծրագիր: Իր ծրագրերի մասին ընկերությունը ծանոթացրել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` նրա Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում:
«էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը բացասական կարծիք է հայտնում Շահումյանի հանքավայրի բաց շահագործման վերաբերյալ:
«Կապանի էկոլոգիական վիճակը արդեն իսկ վատ վիճակում է: Դրա մասին են վկայում ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունները: Ծանր մետաղներով եւ թունավոր տարրերով աղտոտված է ոչ միայն Կապան համայնքի վարչական տարածքը, այլ նաեւ նրան շրջապատող համայնքները»:
Նշենք, որ փոշու, գազերի, ճառագայթման, աղտոտված ջրի եւ հողի, թափոնների եւ պոչամբարների տեսքով էկոլոգիական բեռնվածությունը նախ եւ առաջ պայմանավորված է երկու խոշոր լեռնահանքարդյունաբերական ձեռնարկությունների` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, որը բաց եղանակով շահագործում է Քաջարանի հանքավայրը, եւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին», որը փակ եղանակով շահագործում է Շահումյանի հանքավայրը:
Եթե Շահումյանի հանքավայրը շահագործվի բաց եղանակով, ապա մենք 40 հազար բնակչությամբ քաղաքում կստանանք բաց հանք: Մեր կարծիքով` երբ խոսվում է մարդկանց առողջության եւ կյանքի մասին, ապա ընկերությունը պետք է շատ ծանրակշիռ ապացույցներ ներկայացնի, որ իրեն անհրաժեշտ է անցնել բաց եղանակով հանքանյութի հանքահանման:
Նշում ենք նաեւ, որ անկախ փորձագետների գնահատականների համաձայն, որոնց տիրապետում է կազմակերպությունը (դա «Deno Gold Mining» ընկերության պատվերով «GEORISK» ընկերության հետազոտություններն են եւ ընկերության նախկին գլխավոր ինժեներ Սամվել Գասպարյանի եզրակացությունները), երկար տարիների ընթացքում Շահումյանի հանքավայրում նախագծային պայմանների խախտումով հիմնականում շահագործվել են հարուստ հանքերակները:
Արդյունքում առաջացել են ստորգետնյա դատարկ տարածություններ, որոնք մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն փակ եղանակով, այլ նաեւ բաց եղանակով հանքահանման համար: Մենք ուզում ենք հղում անել եվրոպական փորձին, երբ բոլոր նմանատիպ որոշումներն ընդունվում են լայն հասարական քննարկման արդյունքում:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել