Կոռուպցիայի դեմ կպայքարեն միասին
Երեկ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Արագածոտնի մարզում «Համակարգային եւ ընթացակարգային բարեփոխումները` որպես հակակոռուպցիոն քաղաքականության կարեւորագույն բաղադրիչ» թեմայով սեմինար էր կազմակերպել:
Սեմինարից հետո Արագածոտնի մարզպետարանի եւ ասոցիացիայի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, ըստ որի` մարզպետ Սարգիս Սահակյանն ու ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը պարտավորվեցին միավորել ջանքերը` մարզում կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, այդ գործընթացին մարզի բնակչության իրազեկվածության ու մասնակցության ապահովման եւ այլ խնդիրներ լուծման գործում:
Ստորագրման արարողությանը ներկա էին ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի Հայաստանյան առաքելության, Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավարները, մարզի իրավապահ մարմինների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ Աշտարակի, Թալինի, Ապարանի քաղաքապետարանների եւ երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի միջեւ արդեն իսկ կնքված համանման հուշագրերի հանձնման արարողություն:
Վերջում Կ. Զադոյանը ներկաներին տեղեկացրեց, թե մեկ տարվա ընթացքում ինչ արդյունքներ է գրանցել մարզում գործող «Շահերի պաշտպանության եւ աջակցության մարզային կենտրոնը»: Ըստ ասոցիացիայի նախագահի` գնալով մեծանում է նշված կենտրոնի դերը: Արդյունքն այն է, որ մարտի 1- դրությամբ մարզի «Շահերի պաշտպանության եւ աջակցության մարզային կենտրոնին» դիմել է 408 շահառու: Դրանցից 69 գործ ընդգրկել է կոռուպցիոն ռիսկեր: Միայն մարտ ամսվա ընթացքում դիմումատուների թիվը հասել է 83: Կոռուպցիայի թեմաներ է պարունակել դիմումներից 17-ում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել