Տավուշում գյուղատնտեսությունը գերակա է
«Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի խնդիրները դիտարկվում են որպես գերակա, եւ դրանց միշտ առաջնահերթություն է տրվում, քանի որ մարզը գյուղատնտեսական զարգացման ուղղվածություն ունի: Այս առումով մեր բոլոր առաջարկները, որոնք եղել են գյուղացիների, համայնքների, այդ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ ունեցած շփումներից, տեղ են գտել Տավուշի մարզային զարգացման երկու ծրագրերում` 2005-2008թթ. եւ 2009-2011թթ.:
Այնպես որ, մենք ոչ միայն առաջարկել ենք, այլեւ այդ ուղղությամբ կառավարության կողմից հաստատված ծրագրեր ունենք, որոնցով աշխատում ենք»,- «Հետքին» տեղեկացրեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Մարզպետի փոխանցմամբ` իրենք աշխատում են կառավարելի դարձնել գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ իրացման գործընթացները: Արդեն ունեն համագործակցության հաջողված օրինակներ` «Մասիս տաբակի», «Երեւանի կոնյակի», «Իջեւանի գինու», «Երեւանի շամպայն-գինիների» գործարանների, ինչպես նաեւ մարզում գործող խաղող մթերող մի շարք այլ կազմակերպությունների հետ: Աշխատանքներ են տարվում նաեւ «Արաքս» թռչնաֆաբրիկայի եւ «Թամարաֆրուտի» հետ` մարզում երկարաժամկետ ազդեցության ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
«Այսինքն` աշխատում ենք մարզում ունենալ գյուղմթերքներ իրացնող կայուն գործընկերներ, ինչը մեզ հաջողվում է: Համագործակցության արդյունքում Տավուշի մարզի 2500 գյուղացիական տնտեսությունների հետ արդեն կնքվել են գործընկերային պայմանագրեր, որոնք երկուստեք շահավետ են եւ ընդունելի»,- ասում է Ա. Ղուլարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել