Չարաշահումներ` դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Հարթագյուղի դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ:
Պարզվել է, որ անցյալ տարի Վանաձորի «Ֆիրմա ԱՌ-Շին» ՍՊ ընկերությունը ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով շահել է «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ- ի հայտարարած մրցույթը եւ պետական բյուջեի 42 մլն 705 հազար 800 դրամ նախահաշվային գումարով պարտավորվել է իրականացնել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:
Սակայն ՍՊԸ-ի տնօրենը կազմել է իրականում կատարված աշխատանքների ծավալները գերազանցող ու փաստացի չկատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր եւ ներկայացրել աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Արստա-իմպեքս» ՍՊԸ-ի տնօրենին: Վերջինիս կողմից այդ կեղծ կատարողական ակտերը հաստատվելուց հետո նա դրանք ներակայցրել է վճարման:
Աշխատանքների կատարման ընթացքի, ծավալների եւ որակի համար պատասխանատու պաշտոնատար անձինք առանց ստուգելու աշխատանքների պատշաճ կատարված լինելը հաստատել են հիշյալ կեղծ կատարողական ակտերը, որի հիման վրա հափշտակվել է 1 մլն 667 հազար 600 ՀՀ դրամ:
Լոռու մարզի դատախազի որոշմամբ` պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խոշոր չափերով յուրացման մեղադրանքով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ոստիկանության` Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել