Գյուղատնտեսական վարկերը ուշադրությունից դուրս են եւ քննության առարկա չեն դառնում եւ ոչ մի օղակում
Հարցազրույց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզա Սարգսյանի հետ
Հայաստանում որքանո՞վ է թափանցիկ վարկային գործընթացները: Ձեր գրասենյակը որեւէ ուսումնասիրություն կատարե՞լ է այս ոլորտում:
Կոնկրետ ուսումնասիրություններ չենք կատարել: Մեր գործունեության 1.4 տարվա ընթացքում ունեցել ենք հաճախորդներ, որոնք վարկային կազմակերպությունների դեմ բողոք-պահանջներ են ներկայացրել մեր գրասենյակ: 2009 թվականին ունեցել ենք 378 բողոք, որից 252-ը ուղղված են եղել բանկերի դեմ: Քննության է առնվել 33 բողոք բանկերի դեմ, որից վարկային գործառույթների հետ կապված է եղել 11-ը: Բողոքները հիմնականում վերաբերում են վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների սխալ հաշվարկին, գրավադրված գույքի առգրավման ընթացակարգի դեպքերին, վարկավորման կանոնների խախտում է եղել: Այսինքն` վարկը իր ընթացակարգերով պայմաններ է սահմանում, սակայն վարկավորման գործընթացում, կոնկրետ քաղաքացու դեպքում սխալ է թույլ տալիս: Մեկ դեպք էլ ունեցել ենք, որ կապված է եղել վարկի սխալ դասակարգման հետ: Հաճախորդն անբարեխիղճ է եղել, ժամանակին չի կատարել վարկային պարտավորությունը, եւ դա բանկի կողմից դասակարգվել է ավելի խիստ չափանիշներով:
Իսկ ճի՞շտ եք համարում, որ վարկերը տրամադրվում են արտարժույթով: Գրեթե բոլոր դեպքերում արտարժույթի տոկոսների տատանումից տուժում է վարկառուն: Արդյոք դա վարկառուի իրավունքների ոտնահարում չէ՞:
Մեր օրենսդիրը այս հարցին որոշակի լուծում տվել է: Մենք ունենք «Արժույթային կարգավորման եւ վերահսկողության մասին» օրենսդրություն, որտեղ որոշակի սահմանափակում է մտցված, մասնավորապես` դրանք վերաբերում են սպառողական վարկավորմանը: Օրենքով ամրագրված է, որ սպառողական վարկերը տրամադրվում են միայն հայկական դրամով: Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը` ճիշտ է, թե սխալ, ես կարծում եմ նորմալ է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը որոշակի վարկավորումից օգտվում է, իր սուբյեկտիվ մոտեցմանն է թողնված` իրեն ձեռնտո՞ւ է արտարժույթով վարկ ստանալ, թե՞ ոչ: Իհարկե, որոշակի օրենսդրական փոփոխություններ կարծում եմ կկատարվեն, բայց կարեւոր փոփոխությունն արդեն եղել է, որ սպառողական վարկավորումն իրականացվում է միայն ՀՀ դրամով: Մենք ունենք նաեւ Կենտրոնական բանկի 2007թ. փետրվարի պաշտոնական պարզաբանումը, որը վերաբերում է սպառողական վարկավորմանը: Իսկ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով, այն վարկերը, որոնք չեն համարվում սպառողական, այդ վարկավորումը կարելի է իրականացնել արտարժույթով:
Օրենքով գյուղատնտեսական վարկերը նույնպես համարվում են ձեռնարկատիրական, հետեւաբար քննության առարկա չեն դառնում ֆինանսական հաշտարարի գրասենյակում: Դուք այստեղ խնդիրներ չե՞ք տեսնում:
Գյուղատնտեսական վարկերը ֆինանսական հաշտարարի գրասենյակում քննության առարկա չեն դառնում, որովհետեւ խնդիրը պայմանավորված է գյուղատնտեսական վարկի բնութի հետ: Ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է միայն ֆիզիկական անձ սպառողների բողոքներն ուղղված ֆինանսական կազմակերպությունների դեմ եւ դա պետք է կապված լինի ֆինանսական ծառայությունների կողմից մատուցվող կամ մատուցվելիք ծառայությունների հետ: Ըստ օրենսդրության` գյուղատնտեսական վարկերը կամ փոխառությունները սպառողական բնույթ չունեն: Բնականաբար, եթե հաճախորդը ձեռնարկատիրական նպատակով է ստանում վարկը, իսկ գյուղացիական նպատակներով զբաղվելը որոշ դեպքերում ձեռնարկատիրական նպատակ է հետապնդում, վարկավորումը չի դիտարկվում սպառողական եւ մեր իրավասություններից դուրս է:
Արդյոք կարելի՞ է ձեռնարկատիրություն անվանել փոքր գյուղացիական տնտեսությունների վարկավորումը, երբ այդ նպատակով վերցրած վարկն ավելի շատ սպառողական նպատակներով են օգտագործում, քան ձեռնարկատիրական, ասենք` վարուցանքի, պարարտանյութի եւ այլն: Արդեն շատ գյուղացիներ չեն կարողանում վարկերը փակել եւ դժվարին վիճակում են հայտնվել: Մի՞թե նման վարկը կարելի է տալ արտարժույթով:
Համաձայն եմ: Երբ խոսում ենք կողմերի իրավահարաբերությունների մասին, մենք հասկանում ենք, որ գյուղացին երբեմն խնդիրներ է ունենում, դա պարզ է: Բայց երբ խոսում ենք ցանկացած իրավահարաբերությունների մասին, կողմերը հավասար են: Հիմա, որ ասում ենք գյուղացին չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունը, նշանակում է, որ նա անբարեխիղճ վարքագիծ է դրսեւորում:
Բայց 24 տոկոսով վարկ վերցնելը, այն էլ արտարժույթով, ինչպե՞ս պետք է կարողանա վարկը փակել:
Դե, շուկայում տոկոսադրույքն այդպիսին է: Ֆինանսական համակարգում ամեն ինչ արվում է, որպեսզի տոկոսադրույքների նկատմամբ այնպիսի քաղաքականություն վարվի, որպեսզի շուկան ինքը ավտոմատ իջեցնի այդ տոկոսադրույքը եւ ձեւավորվի նորմալ շուկայական տոկոսադրույք: Մենք պետք է այնպիսի քայլեր ձեռնարկենք, որոնք կբերեն շուկայում տոկոսադրույքների նվազեցմանը: Դրանից վարկավորումների քանակը կավելանա եւ կբերի ֆինանսական միջնորդության բարձրացմանը, իսկ եթե միջնորդության մակարդակն աճի, հետեւաբար ինչ որ ձեւով տոկոսադրույքների մակարդակը կիջնի: Մեր գրասենյակի հիմնումը,վերջնական նպատակ է հետապնդում ֆինանսական շուկայի միջնորդության բարձրացումը: Դա նշանակում է, որ մարդիկ ֆինանսական առումով ավելի գրագետ կլինեն, կիմանան ֆինանսական գործիքների մասին եւ այլն:
Բայց մարզերում նույն վիճակն է` մարդիկ վարկավորման պայմանագիր են ստորագրում եւ չեն իմանում, թե ինչի տակ են ստորագրում: Որեւէ մեկը նրանց հետ բացատրական աշխատանք չի տանում: Այդ պահին գյուղացուն գումար է պետք, եւ նա վերցնում է`առանց հաշվարկներ կատարելու: Մի՞թե առաջին հերթին վարկ տրամադրող բանկը չպետք է բացատրական աշխատանք կատարի վարկառուի հետ:
Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն գյուղերում է այդ վիճակը, այլեւ Երեւանում: Իհարկե, մարզերում խնդիրը կարող է ավելի սուր լինել: Համար առաջին խնդիրը, որ ես տեսնում եմ, եւ պատրաստվում ենք 2010-11թթ. իրականացնել, սպառողների կրթման ծրագիրն է: Օրինակ, իմ ծնողները, երբ որեւէ գործարք են ստորագրում, սովորություն չունեն փաստաթղթեր կարդալ: Դա մեր բնավորության գիծն է, երիտասարդներն էլ ունեն այդ գիծը: Հետո էլ բողոքով գալիս են մեր մոտ, թե ֆինանսական հաշտարարի գրասենյակը թող մեզ օգնի, այսպիսի պայմանագիր ենք ստորագրել եւ այլն: Մենք մարզային արշավներ ենք կազմակերպում, լինում ենք մարզկենտրոններում եւ խոշոր քաղաքներում, հանդիպում ենք բանկերի եւ վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի աշխատակիցների հետ եւ նրանց ներկայացնում ենք այն խնդիրները, որոնց հետ առնչվում է ֆինանսական հաշտարարի գրասենյակը: Հնարավորինս փորձում ենք շտկել այդ վիճակը, բայց որ դա խնդիր է` լիովին համաձայն եմ: Իհարկե, բանկը ծառայություններ մատուցելուց պետք է հաճախորդին պատշաճ ձեւով ներկայացնի վարկավորման բոլոր կաննոների` տոկոսադրույքների, տույժ-տուգանքների եւ այլնի մասին:
Քանի որ վերջին տարիներին շատ գյուղացիական տնտեսութուններ վարկեր են վերցրին եւ տարբեր պատճառներով այժմ հայտնվել են անելանելի իրավիճակում, անհրաժեշտություն չե՞ք տեսնում, որպեսզի գյուղացիական վարկերը նույնպես ձեր ուսումնասիրության եւ քննարկման առարկան դառնան:
Ֆինանսական օմբուդսմենի գործառույթը, որ ներդրվել է ամբողջ աշխարհում, բոլոր երկրները, այդ թվում զարգացած երկրները, սկսել են ֆիզիկական անձ սպառողական բնույթ ունեցող խնդիրների քննարկումից: Այժմ Եվրոմիության երկրներն այդ հարցը քննարկում են` արդյոք ֆինանսական հաշտարարը պե՞տք է քննարկի ձեռնարկատիրական նպատակով վերցվող վարկերից ծագող վեճերը: Քանի որ այդ մասով վերահսկողություն եւ քաղաքականություն իրականացնում է Կենտրոնական բանկը, ինքն էլ ունի իր դիրքորոշումը: Եթե բանը հասնի նրան, որ քննարկումներ սկսվեն, մեր գրասենյակը գտնում է, որ այո` կա իրավասությունների ընդլայնման խնդիր: Կոնկրետ գյուղատնտեսական վարկերը չշեշտադրենք, պարզապես ոչ սպառողական նպատակներով փոքր ու միջին բիզնեսի կողմից ֆինանսական ոլորտից օգտվող ծառայությունների մասով: Բայց դա դեռեւս քննարկման փուլում է եւ կարծում եմ, որ պետք է գրասենյակը կայանա եւ որոշակի հաստատուն դիրքի հասնի, նոր արդեն կարելի է անցում կատարել երկրորդ փուլին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել