Քաղաքապետը որոշում է կայացրել, թեեւ գործը դատարանի վարույթում էր
Արմեն Աբրահամյանը կնոջ` Նունե Հախվերդյանի, եւ երկու անչափահաս դստրերի հետ դիմել է Վարչական դատարան` պահանջելով քաղաքապետարանին պարտավորեցնել իրենց սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ: Ընտանիքը փորձում է օրինականացնել Բուզանդ 83 հասցեում գտնվող իրենց տան նկատմամբ սեփականության իրավունքը:
Նախորդ դատական նիստին քաղաքապետարանի ներկայացուցիչ, փաստաբան Գեղամ Թադեւոսյանը հակընդդեմ հայցադիմում էր ներկայացրել, որով պահանջում էր ընտանիքին վտարել այդ հասցեից, սակայն Վարչական դատարանը չընդունեց հայցը: Այսօր փաստաբանը ներկայացրեց քաղաքապետարանի պատասխանը` Աբրահամյանների հայցին, նաեւ քաղաքապետի` 25.01.2010 թվականի 170 Ա որոշումը, որով ճանաչվում է Բուզանդ 83 հասցեի նկատմամբ քաղաքապետարանի սեփականության իրավունքը:
Հայցվորների փաստաբան Էդգար Բադեմյանը լրացրեց հայցի առարկան եւ դատարանից խնդրեց նաեւ անվավեր ճանաչել այդ որոշումը, քանի որ իրենք դատարան էին դիմել դեռեւս 2009 թվականի դեկտեմբերին, իսկ քաղաքապետը, առանց հաշվի առնելու, որ Բուզանդ 83 հասցեի բնակելի տան գործը գտնվում է դատարանում, որոշում է կայացրել դրա վերաբերյալ:
Քաղաքապետարանի փաստաբանը դատարանից ժամանակ խնդրեց` լրացված հայցին պատասխան ներկայացնելու համար: Դատավոր Արթուր Առաքելյանը նախնական դատական նիստը հետաձգեց մինչեւ մայիսի 12-ը, ժամը 15:15-ը:
Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ Բուզանդ 83 հասցեում բնակվող Աբրահամյանների ընտանիքը 1991 թվականից հաշվառվել է այդ հասցեում եւ մինչ օրս բարեխղճորեն օգտագործել է այն, սակայն նրանց թույլ չեն տվել տունը սեփականաշնորհել, իսկ 2007 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ` նրանց տան տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվել հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդուն` անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել