Լուրջ տարաձայնություններ ՀՅԴ-ում
ՀՅԴ-ի մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում այդ կուսակցության հայաստանյան կառույցի ներսում լուրջ տարաձայնություններ են խմորվում։ Բանն այն է, որ ՀՅԴ-ն բաժանվել է երկու խմբի, մի խմբում Սերժ Սարգսյանի երկրպագուներն են, մյուսում՝ Ռոբերտ Քոչարյանի։

Սերժ Սարգսյանի երկրպագուների բանակի հրամանատարը ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն է, իսկ քոչարյանամետներին կոորդինացնում է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը։ Գուցե նաև այդ է պատճառը, որ Վահան Հովհաննիսյանն իր հրապարակային ելույթներում քննադատում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և ավելի վերև «չի ձգում», իսկ Արմեն Ռուստամյանն էլ հնարավորության դեպքում փառաբանում է Քոչարյանին՝ կշտամբանքով խոսելով Ս. Սարգսյանի մասին։
Իսկ ինչո՞վ է պայմանավորված Վահան Հովհաննիսայնի սերն առ Սերժ Սարգսյանը, արդյոք միայն նրանո՞վ, որ վերջինիս որդին ամուսնացած է Սերժ Սարգսյանի պատգամավոր եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի դստեր հետ։ Իհարկե՝ ոչ։ Վահան Հովհաննիսյանը իր քաղաքական կողմնորոշումներում հատուկ սկզբունքներ ունի, և դրանք նա երբևէ չի շրջանցում։ Խոսքը «տնտեսական շահ» սկզբունքի մասին է։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը «սիրահարվել» է Սերժ Սարգսյանին այն բանից հետո, երբ վերջինիս եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, նրան բիզնեսի տեր է դարձրել ԱՄՆ-ում։ Ասում են, որ Սաշիկ Սարգսյանը մեծ ավտոմեքենաների սպասարկման մի ողջ «սերվիս» է նվիրել Վահան Հովհաննիսյանին։ Մնում է պարզել, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ է խոստացել Արմեն Ռուստամյանին։
«Մուտիլովկանե՞ր»
Մեր տեղեկություններով` ՕԵԿ խմբակցության անդամ Ստեփան Ասլանյանի փոխարինումը Գագիկ Բաղդասարյանով ներՕԵԿ-ական «մուտիլովկաների» արդյունք է: Նախ` Ստեփան Ասլանյանին Արթուր Բաղդասարյանի կողմից առաջարկվել է շատ ելույթներ չունենալ, ապա նրան որոշել են հանել այն բանի համար , որ իր ելույթներում իբր քիչ է լոբբինգ անում կուսակցությունը: Մեկ այլ աղբյուր էլ հաղորդեց, որ ՕԵԿ համամասնական ցուցակի հաջորդ համարը` Գագիկ Բաղդասարյանը, տևական ժամանակ դժգոհել է իր` ցուցակում մնալուց, ապա սպառնացել, որ կհեռանա, ինչը հարկադրել է Արթուր Բաղդասարյանին ազատվել Ասլանյանից: Հայտնի է, որ Բաղդասարյանը գործարար է, ունի բենզալցակայաններ և առևտրի կետեր:
Մեծաքանակ կրճատումներ ՊՆ-ում
Վերջերս պաշտպանության նախարարությունում մեծաքանակ կրճատումներ են եղել: Կրճատվել է կենտրոնական ապարատի 200 հաստիք: Երեկ մեր թղթակցի հարցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Կենտրոնական ապարատի կրճատման աշխատանքները միշտ էլ ընթանում են: Մենք գտնում ենք, որ այս տարի, զորային կառույցի բարեփոխումների պլանի համաձայն, պիտի օպտիմալացնենք»: Հիշեցնենք, որ այս տարվա բյուջեում զգալի կրճատվել էին պաշտպանությանն ուղղված ծախսերը, որոնք, ըստ նախարարի, չեն վերաբերելու բանակին:
Ամենաշուտը մոտ 20 օրից
Հայաստանի ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկը՝ Երևան-Սևան-Իջևան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածը շարունակում է մնալ անանցանելի։ Որոշ մեքենաներ ապրիլի 14-ին մայրուղու Հովք գյուղի մոտ տեղի ունեցած սողանքը շրջանցում էին տեղացիների ուժերով հարթեցված և սարերի ու անտառների միջով անցնող փոքր ճանապարհով։ Սակայն վերջին օրերին գրեթե չընդհատվող անձրևների պատճառով այս ճանապարհը ևս դարձել է անանցանելի։
Անձրևների պատճառով դանդաղել է նաև սողանքի վայրում հիմնական մայրուղու տեղով ժամանակավոր ճանապարհի կառուցման աշխատանքները։ Ինչպես թերթի թղթակցի հետ զրույցում ասել է «Իջևան-Ճանշին» ՓԲԸ-ից, որի սպասարկման տարածքում է գտնվում փլուզված հատվածը, բացի եղանակային պայմաններից, շինարարական աշխատանքներին խոչընդոտում են նաև չնախատեսված հանգամանքները։ Մասնավորապես, հողային աշխատանքներ իրականացնելիս շինարարները հանդիպել են հսկայական ժայռաբեկորի, որի տեղափոխումը գոյություն ունեցող տեխնիկայով անհնարին է։
Ճանապարհը ժայռաբեկորից ազատելու միակ տարբերակը այն պայթեցնելն է։ Սակայն եղանակային վատ պայմանների պատճառով պայթուցիկ և համապատասխան սարքավորումներ տեղափոխող մեքենաները չեն կարող հասնել նշված վայր։
Շինարարները նախատեսում են, որ լավագույն դեպքում ժամանակավոր ճանապարհը կարող է պատրաստ լինել միայն մոտ 20 օրից։
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կրկին ընդգրկել հուշարձանների պահպանման ցանկում
17 կողմ, 6 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Հանրային խորհուրդը որոշում կայացրեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնել պետական հուշարձանների պահպանման ցուցակում։ ՀԽ 11 անդամն էլ առաջարկեցին ձեռնպահ մնալ, որևէ որոշում չկայացնել՝ մթնոլորտն ավելի չսրելու նպատակով։ ՀԽ Քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը շատերի պես զարմացել է, երբ իմացել է, որ շինությունը ցանկանում են քանդել։
Արձանագրությունները՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում
Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի հայ-թուրքական արձանագրությունների խնդիրը։ Փաստորեն այսօր կիմանանք արձանագրությունների հետագա ճակատագրի վերաբերյալ թուրքական պետության մոտեցումները։
Կխաղա՞ Արոնյանը Բաքվում
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը չի բացառում, որ Լևոն Արոնյանը կարող է մասնակցել աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարին, եթե վերջինիս մրցավայր ընտրվի Բաքուն։
«Այդ հարցը կորոշվի առաջիկա օրերին։ Իսկապես պաշտոնական առաջարկ ունենք Բաքվից։ Մենք շատ ենք շփվել շախմատի ֆեդերացիայի նախագահ, երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ, որը երբեք անհանգստություն չի դրսևորել Բաքվի մրցաշարին Արոնյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Որքան տեղյակ եմ, Լևոնն ինքն էլ երբեք չի հայտարարել, որ չի ցանկանում խաղալ Բաքվում։ Եթե որոշենք մրցաշարն անցկացնել Ադրբեջանում, կարծում եմ, Արոնյանի մասնակցությունը կնպաստի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը»,- հայտարարել է Իլյումժինովը։
Ի դեպ, Արոնյանը ժամանակին ասել է, որ ցանկացած պարագայում Բաքվում խաղալը լրացուցիչ լարվածություն կհաղորդի իրեն և կանդրադառնա արդյունքի վրա։
Չոր ասել
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ակնարկելով ԱԳ նախարարին, երեքշաբթի, Աժ հայտարարությունների ժամին, հայտարարեց, որ որոշ պաշտոնյաներ պետք է ինքնակամ հրաժարական տան՝ չսպասելով, որ երկրի նախագահն իրենց ազատի զբաղեցրած պաշտոնից։ Թերթը, Էդվարդ Նալբանդյանին ներկայացնելով այս հայտարարությունը, հարցրեց՝ ինչ է մտածում այս մասին։ Ի պատասխան՝ ԱԳ նախարարն ասաց. «Ծանոթ չեմ այդ հայտարարությանը»։
Ա՞ճ, թե՞անկում
«Իրականում տնտեսության մեջ տեղի է ունեցել ոչ թե աճ,այլ տեղի է ունեցել սպառողական պահանջարկի անկում: Իրականում ճգնաժամն ավելի է խորանում»,- մեկնաբանելով 5,5 տոկոսանոց տնտեսական աճի պաշտոնական ցուցանիշը, մեր թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը, ում կարծիքով, հիմա Հայաստանում տնտեսական աճի մասին խոսելը էժանագին քաղաքական քարոզչություն է: Նույն հարցին անդրադառնալով Հայ Ազգային կոնգրեսի նանդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ ասել է, որ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվերն իրական կյանքին չեն համապատասխանում, իսկ մեր երկրի տնտեսական վիճակը պայմանավորվում է միայն միջազգային շուկայի փոփոխություններով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել