Պետական բյուջեի եկամուտներն աճել են 17.4 տոկոսով
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 164.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 170.1 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 107.2 և 90.5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 22.6%-ով, ծախսերի գծով` 19.9%-ով: 2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 6 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 34.8 մլրդ դրամի դիմաց:
Եկամուտներ
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 17.4%-ով կամ 24.3 մլրդ դրամով: Ընդ որում, 19.6%-ով (25.1 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 9.4%-ով կամ 859.1 մլն դրամով` այլ եկամուտները: Միևնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը նվազել են 68.2%-ով կամ 1.7 մլրդ դրամով:
Պետական բյուջեի եկամուտների 93.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.1%-ը` այլ եկամուտների, 0.5%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 4.2 մլրդ դրամ:
2010 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 127.1 մլրդ դրամ և ապահովել 108% կատարողական: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 19.2%-ով կամ 20.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, որը կազմել է շուրջ 63.5 մլրդ դրամ և 24.4%-ով կամ 12.5 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը, եկամտահարկի, որը կազմել է ավելի քան 16.2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 35.4%-ով կամ 4.2 մլրդ դրամով և շահութահարկի աճով, որը կազմել է 18.8 մլրդ դրամ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 18%-ով կամ 2.9 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են ավելի քան 6.7 մլրդ դրամ` 6.4%-ով կամ 400.2 մլն դրամով գերազանցելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը:
Գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները առաջին եռամսյակում կազմել են ավելի քան 5.1 մլրդ դրամ` 1.5%-ով կամ 76.5 մլն դրամով զիջելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը:
2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1.7 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 56.8%-ով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների աճով: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 2 մլրդ դրամ այլ հարկեր:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 26.2 մլրդ դրամ` 18.5%-ով գերազանցելով եռամսյակային ծրագիրը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 21.6%-ով կամ 4.7 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 10 մլրդ դրամ և 105%-ով ապահովել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: 2010 թվականի առաջին եռամսյակում բյուջե են մուտքագրվել ավելի քան 3.5 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով ծրագրված մուտքերի 89.3%-ը:
2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել են 795.6 մլն դրամի պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով նախատեսված մուտքերի 17.2%-ը: Միջոցները մուտքագրվել են պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:
Ծախսեր
2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են շուրջ 170.1 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 90.5%-ը: Մասնավորապես` 159.1 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, շուրջ 11 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 2.2 մլրդ դրամ ծախսեր կատարվել են պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 10.9%-ով կամ 16.7 մլրդ դրամով: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 10.9%-ով կամ 16.7 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, դրամաշնորհների, պետական պարտքի սպասարկման և նպաստների ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 159.1 մլրդ դրամ` 91.6%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.7%-ով կամ 11.4 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 14.8 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 962.1 մլն դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 89.3%-ը և 85.8%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի ծախսերն աճել են 6.6%-ով, իսկ սոցիալական ապահովության վճարները գրեթե չեն փոփոխվել: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 28 մլրդ դրամ, որը կատարվել է 85.6%-ով և 0.8%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 6.1 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 82.6%-ը: Նույն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 3.9 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 92%-ը և 4.2%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: 20.4 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեի դրամաշնորհային ծախսերը: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 92.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են 19.7%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 36.6%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 58.2 մլրդ դրամ կամ եռամսակային ծրագրի 97%-ը: Մասնավորապես` 43.7 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները (98.7%), 14.5 մլրդ դրամ` նպաստները (92.2%): 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն ավելացել են 1.2%-ով, իսկ նպաստները` 16.4%-ով:
2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի միջոցներից 26.7 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` 90.5%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը և 6.6%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2010 թվականի հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են շուրջ 11 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 77.4%-ը` նախորդ տարվա 5.7 մլրդ դրամի դիմաց:
Պակասուրդ
2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 6 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 34.8 մլրդ դրամի դիմաց: 2009 թվականի նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր 13.6 մլրդ դրամ պակասուրդով: Ընդ որում, ներքին աղբյուրներից ներգրավվել է 19.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 40.2%-ը` նախորդ տարվա շուրջ 23.5 մլրդ դրամի դիմաց, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -13.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 98.9%-ը` նախորդ տարվա -9.9 մլրդ դրամի դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել