Վարչապետը կառավարության անդամների կոչ է արել անձնական օրինակով պայքարել ծխելու դեմ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է`
- Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի 2010-2015թթ. պետական ծրագիրը եւ դրա կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների ցանկը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ակնկալել է խնդրի մանրամասն լուսաբանում մամուլում, առողջ ապրելակերպի տարածում, կառավարության անդամներին կոչ է արել անձնական օրինակով պայքարել ծխելու արատավոր սովորույթի դեմ,
- Արագածոտնի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը,
- ՀՀ ԿԱ ոստիկանության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվները,
- Լոռու մարզպետարանի արտաբյուջետային հաշվի միջոցների հաշվին ֆինանսավորվող «Վորլդ Վիժն Ինտերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրի 2010թ. նախահաշիվը,
- «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով եւ ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում», «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության եւ օժանդակ նյութերի մշակում եւ տրամադրում» եւ «Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում եւ հրատարակում» ծրագրերի 2010թ. ֆինանսավորման չափերը։ Հարցի քննարկման ընթացքում ի հայտ են եկել այլ խնդիրներ եւս, որոնք հստակեցման կարիք ունեն։ Դպրոցական դասագրքերի տպագրության եւ տարածման հարցում մի շարք թերություններ է արձանագրել ՀՀ վերահսկիչ պալատը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը անհրաժեշտ է համարել այդ բոլոր հիմնախնդիրները քննարկել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում, ՀՀ մարզպետարաններում, մասնագետների շրջանում, ներկայացնել ՀՀ հանրային խորհրդի ուշադրությանը եւ 2011-2012թթ. ուսումնական տարում աշակերտներին տրամադրել ժամանակակից պահանջները բավարարող դասագրքեր,
- պետության կողմից դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման պայմանագրի օրինակելի ձեւը,
- ՀՀ ստանդարտացման 2010թ. ծրագիրը, «Ստանդարտների մշակման ծառայություններ» 2010թ. ծրագիրը։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ մեր խնդիրը ոչ թե ստանդարտների ստեղծումն է, այլ կիրառումը։ Պետք է միջոցներ ձեռնարկել այս ոլորտում արդյունքի հասնելու համար,
- պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշման, դրանց օգտագործման եւ դրանց մասին տեղեկությունների հրապարակման կարգը։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ կարիքների համար տերմինալների վրա տեղադրվող սարքավորումների տեխնիկական ցուցանիշներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ստացել է ՊԵԿ ղեկավարության հավաստիացումը, որ տերմինալները շահագործման կհանձնվեն արդեն այս տարի եւ ՀՀ քաղաքացիները կկարողանան օգտվել դրանցից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել