Ստեփան Սաֆարյանը նամակ է ուղարկել ԵՊՀ ռեկտորին
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նամակ է ուղարկել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին: Նամակով հարցեր ուղղելու եւ դրանց կապակցությամբ պաշտոնական պարզաբանում խնդրելու առիթ է հանդիսացել ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկատվությունը, որ ապրիլի 22-ին ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում դասապրոցես չի կայացել ուսանողներին տուն ուղարկելու պատճառով: Սաֆարյանի նամակում մասնավորապես ասվում է. «Օրերս զանգվածային լրատվամիջոցների թողարկումներից հայտնի դարձավ, որ ս.թ. ապրիլի 22-ին ԵՊՀ տարբեր մասնաշենքերում եւ ֆակուլտետներում դասեր տեղի չեն ունեցել, որի պատճառների մասին տարբեր աղբյուրներ տարբեր տեղեկություններ էին հաղորդում:
Ղեկավարվելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետով (պատգամավորն իրավունք ունի հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը)` խնդրում եմ ներկայացնել նշյալ օրը դասերի չկայանալու պատճառները եւ համապատասխան որոշումներն ու դրանց իրավական հիմքերը: Բացի այդ, հաշվի առնելով, որ ԵՊՀ-ում վճարովի հիմունքներով սովորում են բազմահազար ուսանողներ, ովքեր ուսման վարձ են վճարում կրթություն ստանալու դիմաց, խնդրում եմ հայտնել` արդյո՞ք այդ ուսանողների համապատասխան դիմումների հիման վրա նրանց կփոխհատուցվի մեկ ուսումնական օրվա համար հաշվարկված ուսման վարձը: Իսկ եթե ոչ, ապա ինչու՞ եւ ի՞նչ հիմնավորմամբ»:
«Ժառանգությունը» հետամուտ է լինելու ուսանողության իրավունքների պաշտպանությանը եւ ակնկալում է, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հրապարակավ պարզաբանումներ ներկայացնի խնդրո առնչությամբ, քանի որ փաստի մասին բարձրաձայնել են բազմաթիվ լրատվամիջոցներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել