HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զ. Փոստանջյանը միջնորդել է կանխել և վերացնել Էռնեստ Վարդանյանի իրավունքների ոտնահարումը

Զարուհի Փոստանջյան Մերձդնեստրյան հանրապետության տարածքում կալանավորված լրագրող Էռնեստ Վարդանյանի իրավունքներին վերաբերող միջնորդությամբ դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, Մարդու իրավունքների եւ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Պարոն Քրիստոս Պուրգուրիդեսին, Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Էնդրյու Մըքինթոշին, ԶԼՄ-ների ենթահանձնաժողովի նախագահ Մարկու Լուկկանեին և Մոլդովայի պատվիրակոիթյան ղեկավար Աննա Գուտուին: «Սույն դիմում-խնդրանքը վերաբերվում է չճանաչված  Մերձդնեստրյան հանրապետության տարածքում կալանավորված անկախ լրագրող Էռնեստ Վարդանյանի ոտնահարված իրավունքներին: Էռնեստ Վարդանյանը ծնվել է 1980 թ. մայիսի 11-ին, Գյումրի քաղաքում (նախկինում՝ Լենինական): Նրա ընտանիքը տեղափոխվել է Խորհրդային Մոլդովական Հանրապետության Տիրասպոլ քաղաք` 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, որի ժամանակ նրանք կորցրել են բնակարանը: Վարդանյանը միջնակարգ կրթությունը ստացել է Տիրասպոլում, այնուհետև ընդունվել Մոլդովայի պետական համալսարան՝ ստանալով քաղաքագետի որակավորում: Վերադառնալով Տիրասպոլ՝ նա աշխատանքի է անցել «Օլվիա-պրեսս» տեղեկատվական կազմակերպությունում  որպես լրագրող, զուգահեռ` իր օրվա հացը վաստակելով նաև թարգմանություններով (էռնեստ Վարդանյանը տիրապետում է վեց լեզուների): «Օլվիա-պրեսս» գործակալությունից Է. Վարդանյանը տեղափոխվել է ռուսական «Նովիյ ռեգիոն» տեղեկատվական գործակալություն, որտեղ աշխատել է  մինչև 2008 թ., որից հետո աշխատել է որպես թարգմանիչ, ազատ լրագրող՝ աչքի ընկնելով իր համարձակ հրապարակումներով: 2009 թ. դիմելով թափուր տեղի համար ՄԱԿ-ի հայտարարած մրցույթին՝ անցել է անհրաժեշտ քննություններն ու ընդունվել աշխատանքի, և ապրիլ ամսին սպասում էր իր նշանակմանը, որի պատճառով տեղափոխվելու էր ԱՄՆ: Համաձայն Էռնեստ Վարդանյանի հարազատների դիմումի` Մերձդնեստրյան պետանվտանգության ծառայողները  2010 թ. ապրիլի 7-ին Էռնեստ Վարդանյանին կալանավորել են. նրան  մեղադրում են «պետական լրտեսություն իրականացնելու մեջ, որը, ըստ Մերձդնեստրյան Քրեական Օրենսգրքի 271 հոդվածի` նախատեսում է 12-20 տարի ազատազրկում: Մեղադրանքը զուրկ է որևէ հիմնավոր կասկածից: Փակ դռների հետևում կայացած դատը, որին ներկա չեն եղել ոչ մեղադրյալը, ոչ իր պաշտպանը, որոշում է կայացրել երկարաձգել կալանքը վաթսուն օրով: Ձերբակալված Էռնեստ Վարդանյանին թույլ չեն տալիս վարձել իր փաստաբանին՝ տրամադրելով միայն պետական պաշտպան, որին նրա ընտանիքը ոչ ճանաչում է, ոչ էլ կարող է վստահել: Էռնեստ Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբանին թույլ չեն տալիս նրան տեսակցելու կամ •ործին ծանոթանալու:  Ընտանիքը չունի որևէ տեղեկություն Էռնեստի առողջական վիճակի և նրա վրա գործադրվող ճնշումների մասին: Զրկված լինելով նրա հետ հաղորդակցվելու որևէ հնարավորությունից, նույնիսկ միջնորդավորված՝ պաշտպանի միջոցով, ընտանիքի անդամներն անհանգստանում են նրա ոչ միայն առողջության, այլև կյանքի համար: Սպառելով տեղական իրավապահ և անվտանգության մարմիններից որևէ բացատրություն կամ հիմնավորում ստանալու բոլոր հնարավորությունները, Էռնեստ Վարդանյանի մայրը՝ Թամարա Շագոյանը, դիմել է  ինձ` խնդրելով աջակցել, որպեսզի   Մերձդնեստրյան իշխանությունները գործը վարեն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային նորմերի շրջանակներում: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն փաստը, որ թեպետ Մերձդնեստրյան հանրապետությունը չի հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ և չի միացել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային, այնուամենայնիվ` գտնում եմ, որ շտապ անհրաժեշտություն է ծագել հնարավորինս կանխելու և վերացնելու  մարդու իրավունքների ոտնահարումը` կապված Էռնեստ Վարդանյանի գործի հետ` օգտագործելով  Եվրոպայի Խորհրդի իրավասության ներքո գտնվող միջոցները»,-ասված է Զ. Փոստանջյանի միջնորդության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter