Ձերբակալվել են Ոստիկանության ուղեկցող գումարտակի ոստիկաններ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկաններ, ոստիկանության ավագ Եղիա Հովհաննիսյանը և ոստիկանության սերժանտ Վահե Նազարյանը` պաշտոնեական լիազորությունները անցնելու, նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու փորձ կատարելու կասկածանքով:
Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ 2010 թվականի ապրիլի 28-ին Ե.Հովհաննիսյանն ու Վ.Նազարյանը կազմակերպել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով ամբաստանյալ Քաջիկ Դավթյանի տեղափոխումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարան` իր վերաբերյալ քննվող քրեական գործով հերթական դատական նիստին մասնակցելու համար: Դրանից հետո նրանք Քաջիկ Դավթյանից 20 000 ՀՀ դրամ կաշառք ստանալու դիտավորությամբ, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ժամը 14-ի սահմաններում Վահե Նազարյանի անձնական օգտագործման «ՎԱԶ-2106» մակնիշի 25 ՏՏ 837 պետհամարանիշի ավտոմեքենայով Քաջիկ Դավթյանին ՔԿՀ տեղափոխելու փոխարեն տարել են նրան Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գասպարյան փողոցի 2-րդ շենքի հատվածում տեղակայված հացատուն, որտեղից Քաջիկ Դավթյանը դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ 2010 թվականի ապրիլի 28-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով, 34-311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 355 հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել