HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Սերժի մոտ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն, ինչպես երեկ թերթին հաջողվել է պարզել, Բաքու կատարած իր  այցից անմիջապես հետո շտապել է Սերժ Սարգսյանի մոտ: Ենթադրվում է, որ նա Սարգսյանին տեղեկացրել է Ալիևի հետ իր ունեցած հանդիպման մանրամասների մասին: Նախօրեին, ժամը 13.30-ի սահմաններում, Գարեգին Բ-ին, ըստ նախագահականի` թերթի աղբյուրների, աստիճանների մոտ դիմավորել է Սերժ Սարգսյանը: Ի դեպ, Բաղրամյան փողոցն էլ կաթղիկոսի անցնելու համար փակվել է: Կաթողիկոսի նախագահական կատարած այցի մասին պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չկա, ինչը ենթադրում է, որ այցը և հետևաբար նաև` զրույցը, կոնֆիդենցիալ են եղել: Նշենք նաև, որ առ այսօր գաղտնի է պահվում անգամ այն, թե ինչ ինքնաթիռով է Գարեգին Բ-ն Երևանից Բաքու մեկնել: Նախօրեին Մայր Աթոռից թերթին հայտնել էին ընդամենը, որ Բաքու չվերթը Սերժ Սարգսյանի ինքնաթիռով չի եղել: ԱԳՆ-ից հրաժարվել էին պատասխանել թերթի հարցին` խորհուրդ տալով դիմել Մայր աթոռ, իսկ «Զվարթնոց» օդանավակայանից էլ խուսափում էին հարցին պատասխանել: Թերթին ասել են ընդամենը, որ կաթողիկոսը եվրոպական չարթերով է Բաքու մեկնել: Այսինքն, օդանավը վարձակալվել է: Դատապարտյալը կախվել է Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներից մեկը ինքնասպանություն է գործել: Դեպքի հետ կապված տեղեկություններ ՔԿՀ վարչությունը չհայտնեց, այստեղ գաղտնի են պահում իրենց համար ոչ շահեկան ցանկացած տեղեկություն: Հայտնի է միայն, որ կախվողը երիտասարդ էր: Վերջին 10 օրվա ընթացքում սա «Նուբարաշենում» երկրորդ «խորհրդավոր» պատահարն է, որը փորձում են կոծկել: Ապրիլի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ հոգեբուժական դիսպանսերի հիվանդասենյակներից մեկում մահացել էր 59-ամյա Արտյոմ Պողոսյանը: Արտաքին զննության ժամանակ դիակի վրա հետքեր չէին հայտնաբերվել, սակայն փորձաքննությամբ պարզվել էր, որ մահվան պատճառը «գանգուղեղային փակ բութ» վնասվածքն է, հայտնում է ոստիկանությունը: Հիշեցնենք նաև, որ գլխավոր դատախազության տվյալներով` քրեակատարողական հիմնարկներում, 2008 թ-ից սկսած, նկատվել է հանցագործությունների ավելի քան կրկնակի աճ նախորդ տարվա համեմատ: Ճիշտը ինքնաօպտիմալացվելն է «Պետական համակարգում առկա է օպտիմալացման խնդիր, և պետք է կատարվի աշխատակիցների կրճատում»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և նախարարներին հանձնարարել չորս ամսվա ընթացքում ներկայացնել կրճատումների ծրագիրը: «ՉԻ» - Տիգրան Սարգսյանն, իհարկե, ճիշտ է ասում: Պետական համակարգում իսկապես կա օպտիմալացման խնդիր: Միայն թե պետք է «օպտիմալացնել» ոչ թե նախարարությունների աշխատակիցներին, այլ հենց նախարարությունները: Հավատացնում ենք` Հայաստանի տնտեսությունը դրանից բացարձակապես չի տուժի: Նախարարությունների փոխարեն պետք է պետք է մեկական պաշտոնյա նշանակել, և վերջ: Ասենք` «գյուղատնտեսությունը նայող», «կրթության ոլորտը նայող», «առևտուրը նայող» և այլն: Այսինքն, ներդնել այն համակարգը, որը փաստացի գործում է: Վերջում, ի դեպ, Տիգրան Սարգսյանը կարող է շատ հանգիստ «ինքնաօպտիմալացվել» ու գնալ տուն: Ինչու՞: Որովհետև «նայողների ինստիտուտը» ենթադրում է նաև, որ ինչ որ մեկն էլ պիտի «նայողներին» նայի, բայց Սերժ Սարգսյանը հաստատ որևէ մեկին չի զիջի այդ առանցքային գործառույթը: Ճանաչմանը դեմ են եղել մեր նախկին «հայրենակիցները» Չորեքշաբթի օրը Իսրայելի խորհրդարանը` Քսենեթը, ընդունել էր Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու մասին օրինագիծը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, իսկ այս օրերին Իսրայելում գտնվող Հովհաննես Իգիթյանը, Քնեսեթում դրան դեմ արտահայտված միակ խմբակցությունը եղել է «Մեր տունը Իսրայելն է» կուսակցությունը: Իշխանության մաս կազմող և ի դեմս իր նախագահ Ավիգադոր Լիբերմանի` երկրի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող այս կուսակցության անդամների գերակշռող մասը, Հովհ. Իգիթյանի ներկայացմամբ, նախկին ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայում ապրող և հիմնականում ռուսախոս հրեաներ են: Հենց նրանց պատգամավորներն են, որ Քսենեթում պնդել են, թե այդ հարցը հայ-թուրքական հարաբերությունների խնդիր է, և թող իրենք էլ դա քննեն, իսկ Քսենեթը դրա հետ գործ չունի: Երեք հայազգի թեկնածուներ Մայիսի 6-ին Մեծ Բրիտանիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում այս տարի առաջին անգամ պատգամավորական մանդատների համար պայքարում են 3 հայազգի թեկնածուներ` Հրաչ Քութարջյանը, Քեթերինա Առաքելյանը, Հաթթի Աջդերյանը: Բոլոր 3 թեկնածուներն էլ ներկայացված են իշխող լեյբորիստական կուսակցությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter