Թե ինչու երկրի ղեկավարի ֆիասկոն ցավ չի պատճառում շարքային մարդուն
Արամ Մաթևոսյան
Նորանկախ Հայաստանի շարքային քաղաքացին իր նախորդ խորհրդային տեսակից տարբերվում է սոսկ նրանով, որ շարքային խորհրդային մարդու միջամտությունը հանրային կյանքին սկսվում և ավարտվում էր ֆուտբոլային հանդիպման մասին կարծիքով, իսկ այսօրվա հայաստանաբնակինը սկսվում ու ավարտվում է ֆուտբոլային դիվանագիտության մասին կարծիքով:
Եվ այն տարիներին և հիմա իմ տպավորությունն այնպիսին է, որ իշխող վերնախավը հրապարակ է նետում հեշտամարս միջին թվաբանականացված այնպիսի թեմաներ, որպիսին է մրցախաղը, եղանակի տեսությունը, արևի վրա հայտնվող բծերն ու երկրակյանքին սպառնացող հրաբուխների մասին ապոկալիպտիկ պատմությունները:
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի նախաձեռնողական քաղաքականության թեմատիկան իր ներքին բովանդակությամբ եղանակի տեսության և ընդհանրապես վերոնշյալ տաղավարային թեմաների ոլորտից էր, որն ինչպես մեկի քմահաճույքով պատահականորեն սկիզբ էր առել, ունեցավ նույն կարգի էլ անպատճառական ավարտ` թշնամու խորհրդանիշերի հրապարակային հրկիզմամբ, ինքնամոռացության հասնող էքստազով, մի բան որ անում էր մարդը դեռևս նախապատմականության իր վաղ լուսաբացին:
Պալատական պատմիչը գրանցեց մի նոր բարոյական հաղթանակ ևս հայ իշխանավորի ակտիվում: Հաղթեցին ու գնացին շարունակեն իրենց անհոգ կյանքը մինչև նոր ապրիլ: Իսկ երկրի քաղաքացի°ն…
Եթե մի պահ դուրս գանք էյֆորիկ վիճակից ու նայենք կատարվածին սթափ, ապա կարող ենք ասել, որ երրորդ նախագահի իշխանավարության երկու տարիները պտտվեցին, անցան ու կանգ առան նույն սկզբնակետում:
Ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր, առանց որևէ որակական փոփոխության:
Շարքային մարդն ինչպես անկյուն մղված էր, այնպես էլ մնաց հեռու պետականաշինական գործերից, երկամյա պատմական կարճ արարում մնալով անտուրաժի իր անփոփոխ դերում:
Ինչպես արդեն մի անգամ գրել եմ, Թուրքիան ստացավ պատմական մի փաստաթուղթ, որով հայկական պետությունը ճանաչեց Խորհրդային Միության լուծարումից հետո գծված սահմանները, ընդսմին պատմագրության նյութ դարձնելով Օսմանյան Թուրքիայում հայերի հանդեպ կատարված գենոցիդը:
Նորանկախ Հայաստանի իշխող վերնախավը հեռու է պահում շարքային մարդուն պետականաշինությունից, գիտակցաբար:
Երբ կառավարողը ստորագրում է մի փաստաթուղթ, հետո հրաժարվում է իր ստորագրությունից, նա գիտի վաղօրոք, որ իր պրոբլեմը իր պրոբլեմն է:
Եվ գիտի նաև, որ այդ պրոբլեմի լուծման ճանապարհին իր միակ միջոցը հանրային ունեցվածքը մսխող ողջ ինստիտուցիոնալ համակարգն է:
Այդ համակարգը ձևավորող բոլոր բաղադրիչները` հանրային պալատը, կուսակցությունները, հասարակական կազմակերությունները, լրատվամիջոցները ունեն մի նպատակ, մի խնդիր` տանել անջրպետի դեր ու հեռու պահել շարքային մարդուն կառավարող ապարատից:
Մոտ թողնել կառավարման լծակներին շարքային մարդուն, նշանակում է մոտ թողնել նյութական ռեսուրսների ամբողջությանը:
Դա նշանակում է կիսվել շարքային մարդու հետ ունեցվածքով: Կիսել պատասխանատվությունը նշանակում է կիսել և ունեցվածքը, կամ գոնե մաս հանել այդ ունեցվածքից:
Իշխանավորը նախընտրում է իր ձեռքին պահել ունեցվածքը, իսկ պետությունը պահել լծկանի դեր տանող չարքաշ մարդու ուսերին:
Ազգային ողջ հարստությունը տնօրինող մի քանի ընտանիքներ պահում են բյուրոկրատական ահռելի ապարատ, ունևորի սեփական անձը պաշտպանող վարձկաններ, ապօրինի հարկահանների բանակ, ճանապարհային տեսուչների գնդեր, դատական ակտերի հարկադիր կատարողների լայնամասշտաբ ցանց, շինծու գործեր սարքող սնանկության կառավարիչներ և էլի ու էլի շատ նման կառույցներ` բուֆերի դեր խաղացող ահռելի ինստիտուցիոնալ մի համակարգ, մեն մի նպատակով, որ շահագործեն ու վախի մթնոլորտում պահեն սոցիալական ցածր շերտում գտնվող ողջ սպեկտորը:
1915 թվականի եղեռն կազմակերպողները, ապրիլի քսանչորսին առաջին հերթին ձերբակալեցին ինստիտուցիոնալ համակարգի միջնորդ օղակը: Մահացու դիպուկ հարված:
Մեկուսացվեց ու հետո դանդաղ ոչնչացվեց արևմտահայ էթնոհամակարգի ամենակարևորագույն բաղադրիչը`հայազգի հարուստի ու հայազգի ընչազուրկի միջև մեղմիչ բուֆերի դեր տանող մտավորականը:
Եվ մերկ ու անպաշտպան նույն աղետի մեջ դեմ հանդիման կանգնեցին հարուստն ու աղքատը: Կեղծ ազգայնականության ու երեսպաշտության վրա հիմնված հանրային կառույցը քանդվեց մի անգամից, մեկ ու կես միլիոն մարդ մորթվեց առանց դիմադրության:
Հայ էլիտայի անհեռատես ագահության պատճառով հավաքական ճակատագրի հանդեպ ապատիան դարերի ընթացքում հասել էր դեգրադացման ամենավերջին` ապշության աստիճանի, մի վիճակի, որը բերեց համակերպված ու հուսահատ բնաջնջման:
Վանի, Ուրֆայի, Գարահիսարի հերոսամարտերն էլ ոչ այլ ինչ էին, քան ինքնազոհեղության ուշացած մի ճիչ:
Եվ առ այսօր արդարության երեսին թքելն ու մետաֆիզիկ հնչեղության հասնող անեծքը նույն անճարակության դրսևորումներն են:
Հիմա էլ շատ բան չի փոխվել հայ հարուստի վարքի մեջ: Ոչ էլ վարձու ինտելիգենտն է պատմական դաս առել:
Ներկայիս ինտելիգենցիան էլ տարիներ հետո արտիստիկ պաթոսով թքելու է արդարության երեսին, առանց խղճի խայթի զգացման, առանց ամաչելու ու հասկանալու, որ ինքը կանգնելով անարդարի կողքին, նույն ընչաքաղցությամբ ծախվելով նյութին և տմարդի անտարբերությամբ վերաբերվելով գոյությունը քարշ տվող հայրենակցին, ինքն է ծնում այդ անարդարությունը:
Ես իրավազուրկի անունից ու իրավազուրկի մասին եմ խոսում այստեղ հիմա:
Աղքատը մի ընչազուրկ կյանք ունի ու մի զույգ ոտք, թող հարուստը մտածի իր «արտույտների ագարակի» մասին: Հայ չունևոր մարդու Հայրենիքը սկսվում ու ավարտվում է ճամփորդական պայուսակի մեջ:
Ու կստորագրի թե կառկախի իր ստորագրությունը Հայաստանի Հանրապետության նախագահը, ես համազված եմ առավել քան, որ ինչպես ինձ, այնպես էլ ինձ նման դժվար ապրող մյուսների համար դա չունի նշանակություն:
Կեղծ հայրենասիրական խայծեր շարքային մարդը կուլ չի տալիս էլ: Պետականամետություն են քարոզում պետության հաշվին ապրողները:
Քաղաքացու ոչ պետականամետ լինելու փաստը, պետությունն ուզուրպացրած իշխանության հանդեպ նրա ագրեսիվ իներտությունը կբացահայտվի մի նոր սահմանային վիճակում իր ողջ մերկությամբ: Այն բաց ու տեսանելի է հիմա էլ:
Իշխանությունից օտարացումն ու քաղաքացի - իշխանավոր խորքային անհամատեղելիությունը կա այս պահին էլ: Սակայն այդ անտագոնիզմը, այդ ինքնասպան թշնամանքը դուրս կգա մակերես այն ժամանակ, երբ դուռը կծեծի արհավիրքը:
Մեկ ու կես միլիոն մորթվածի ունեցվածքի չափի մասին հիմա չի հիշվում: Կնքվել ու վռնդվել են տներից բոլորը` ունևոր ու չունևոր: Վռնդողը չի դրել տարազատում: Սա չենք հասկացել ու չենք հասկանում:
Հարուստ հոգևորականությունը, հարուստ էլիտան հավաքական անվտանգության ապավեն չեն եղել այն ժամանակ և ապավեն չեն հիմա էլ:
Երկրին, որի հողի մշակը իր կթու կովը անազնիվ վաստակի ակնկալիքով փոխում է ճանապարհային տեսուչի կրծքանշանի հետ, ոչ մի բան փրկել չի կարող:
Եվ ժամանակի ամենակարճ տևողության մեջ ընչազրկության հաշվին դիզված հարստությունը որպես օրինաչափություն կդառնա թշնամու բաժին: Ինչպես եղել է միշտ:
Ավելի տձև ու անմարդկային կարգ հնարավոր չէր մտածել, ինչպիսին այսօր գործում է Հայաստանում:
Այնպիսին է հանրային տարբեր շերտերի միջև առկա հակադրությունը, որ սեփական ունևորը ավելի ատելի է, քան արտաքին թշնամին:
Եվ հենց դա է իսկական պատճառը, որ երկրի ղեկավարի ֆիասկոն ցավ չի պատճառում շարքային մարդուն: Որպես զգուշացում կրկնում եմ, հարաբերությունների նման դաշտ ձևավորված եղել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի եղերական դեպքերից առաջ:
Ներկայիս էլիտայի ընչաքաղցությունն էլ դառնալու է պատճառ աշխարհագրական տարածքի հերթական կորուստների ու նոր տեղահանության:
Իսկ այն հարցին թե ինչ կերպ կարելի է շտկել վիճակը ու ստեղծել գոյի պահպանման նպաստավոր վիճակ, ես հստակ կպատասխանեի, որ միակ ձևը այս անպատասխանատու վերնախավին ունեզրկելն ու նրանից ազատագրվելն է:
Երբ դա չի անում տվյալ երկրի քաղաքացին, որպես կանոն, դա անում են նրա հարևանները: Եվ դա անում են ոչ թե շամանությամբ, խարույկի շուրջ էքստատիկ պարերով, ու նկարայրումներով, այլ ռեալ ջարդ ու արյունով: 30 ապրիլի 2010 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել