HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Հայ գյուղացին կրկին տուժում է ձմռան «բարենպաստ» պայմաններից

Եթե քաղաքացու համար հարմարավետ էր այս տարվա տաք ձմեռը, գյուղացին արդեն սկսել է քաղել դրա վնասները: Այս տարվա եղանակային պայմանների հետեւանքով գյուղատնտեսության կրած վնասների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Հայպետհիդրոմետ օդերեւութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը եւ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը:

Այս պահին միակ խնդիրը փորձագետները համարում են մշակաբույսերի խնամքի ուշացման աշխատանքները: Ծլարձակել են հատկապես վաղահաս կարտոֆիլի ցանքերը, եւ անհրաժեշտ է քաղհանի եւ մշակության աշխատանքներ կատարել, սակայն այս պահին դա բացառվում է` հողի գերխոնավության հետեւանքով: Այսօր հացահատիկային ցանքատարածքների մոտ 40 տոկոսն է մշակված, իսկ մնացած 60-ն անմշակ է մնացել, ինչը բերքի մեծ կորուստների արդյունք կարող է հանդիսանալ: Գառնիկ Պետրոսյանի համոզմամբ լուրջ խնդիրներ կան Արարատյան դաշտի պտղատու ծառատեսակների  համար. «Այսօր հատկապես դեղձենու եւ ծիրանենու  հիվանդությունների զարգացման վտանգ  կա: Ծիրանենու «Ծակոտկեն բծավորություն» կոչվող հիվանդությունը շատ բացասական ազդեցություն է ունենում բերքի ապրանքային տեսքի վրա, իսկ մեզ համար կարեւոր է ունենալ որակյալ բերք` շուկայի արտահանման համար»: Խնդրային է նաեւ բանջարաջերմոցային սածիլների մշակումը, քանի որ ամպամածության պայմաններում դրանց տերեւները դեղնում եւ ձգվում են, ինչը կարող է իր բացասական հետեւանքները թողնել ապագա բերքի վրա:

Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանն առաջարկում է հնարավոր բարենպաստ պայմանների ստեղծման դեպքում շարունակել մշակման աշխատանքները. «Մոտ 15-20 օր հատկապես Արարատյան դաշտում աշխատանքներ չեն կատարվել խաղողի, պտղատու այգիներում, բանջարանոցներում. առաջիկա լավ պայմանների դեպքում անհրաժեշտ է կրկնակի եռանդով աշխատել, որպեսզի ժամանակին մարդիկ հասցնեն ավարտել այս աշխատանքները: Հակառակ դեպքում բավականին ծանր հետեւանքներ կարող են լինել եւ կնկատվեն բերքի ծանր կորուստներ»:

Փորձագետը նաեւ չմոռացավ նշել, որ մեծ իրարանցումն այս դեպքում  ավելորդ է. «Այս տարվա դեպքը բացառիկ  չէ: Նման երեւույթներ անցյալում գրանցվել են մեր հանրապետությունում. մասնավորապես ուզում եմ 2000թ.-ի երաշտը հիշեցնել: Այդ տարի ամբողջ հանրապետությունում մինչ մայիսի կեսերը տեղումներ էին գրանցվում, իսկ տեղումների դադարից հետո հանրապետությունում լուրջ երաշտ գրանցվեց: Հուսանք այս տարի այդ երեւույթը չի կրկնվի, եւ տեղումների բաշխվածությունը կլինի հավասարաչափ»:

Գառնիկ Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ բարձրադիր գոտիներում տեղացած վերջին ձյունը չի կարող վնասել կարտոֆիլի ցանքատարածություններին, քանի որ դրանք դեռեւս ծլարձակած չեն: Այս գոտիներում կտուժեն կորիզավոր պտղատեսակները, սակայն դրանք իրական վտանգ չեն ներկայացնում, քանի որ արդյունաբերական մեծ նշանակություն չունեն: Մարդկանց մեծապես հետաքրքրում է ծիրանի բերքի այս տարվա արդյունավետությունը, որը Գառնիկ Պետրոսյանը գնահատում է միջինից ցածր. «Չի կարելի միանշանակ ասել, որ ծիրանենու բերքն ամբողջությամբ տուժել է: Կան առանձին տարածաշրջաններ, որտեղ բերքատվության ցուցանիշը նույնիսկ զրոյի է հասնում, բայց ունենք նաեւ հատվածներ, որտեղ բավականին նորմալ բերք կա»:

Այժմ ավելի հրատապ է ծիրանենու բուժման աշխատանքների իրականացումը, որովհետեւ բարձր խոնավության  պայմաններում սնկային հիվանդությունները  լուրջ զարգացում կունենան: Եթե տեղումները ոչ բարենպաստ են գարնանացանի համար, ապա Գառնիկ Պետրոսյանի կարծիքով դրանք արդյունավետ եւ բարենպաստ պայմաններ են ստեղծում աշնանացանի առատ բերք ունենալու համար: Գյուղատնտեսը հավաստիացնում  է, որ գյուղացին որեւէ շահույթ չի ունենա նույնիսկ գների աճի դեպքում. «Մեր գյուղացին այսօր շուկա մուտք գործելու հնարավորությունից զրկված է: Բոլոր տեսակի ապրանքների գները բարձրանում են` բացի գյուղատնտեսական ապրանքներից: Եթե նույնիսկ գների աճ էլ լինի, գյուղացին ստիպված է լինելու մեծածախ կերպով եւ չնչին գներով վաճառել իր ապրանքները»,-ասում է Գառնիկ Պետրոսյանը:

Հայպետհիդրոմետ օդերեւութաբանական  ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար  Զարուհի Պետրոսյանն էլ ավելացրեց, որ ամռան առաջիկայում սպասվող եղանակը որոշակի տատանումներ կունենա, սակայն ջերմաստիճանը կպահպանվի նորմայի սահմաններում. «Ըստ սեզոնային կանխատեսման` տեղումներն այս ամռանը կլինեն նորմայից պակաս, սակայն դա քիչ նկատելի կլինի օգոստոսին, քանի որ այդ ամսին տեղումների շատ քիչ քանակ է լինում սովորաբար: Հանրապետության տարբեր մարզերում տարբեր ջերմաստիճան կնկատվի, սակայն ընդհանուր առմամբ այն կլինի նորմայի սահմաններում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter