HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգիշտի Կիվիրյանի բացահայտումները

Ուղիկ մեկ տարի առաջ այս օրը կատարվել էր «ARMENIA Today» և «ԲԱԳԻՆ» լրատվական կայքերի համակարգող, լրագրող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ մահափորձը։ Նա իր վրա հարձակումը կապում է միայն իր լրագրողական գործունեության հետ: ««ARMENIA Today» և «ԲԱԳԻՆ» լրատվական կենտրոնում ես մշտապես սուր հոդվածներ, ավելի շուտ՝ այնտեղ ներկայացվել է ճշմարտությունը Ախալքալաքի ոստիկանապետի անձի մասին։ Եվ այդ պարագայում, երբ երկու մահափորձից էլ երկու օր առաջ այդ երկու անձիք այցելել են Ախալքալաք և հանդիպել Սամվել Պետրոսյանի, ինչպես նաև նրա որդու հետ, կապը երևում է»,- իր իսկ սեփական հետաքննության արդյուքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Արգիշտի Կիվիրյանը: Ինչպես է Ա. Կիվիրյանը գտել այդ կապը Գործով կալանավորված են եղել երկու անձիք՝ Վլադիկ Սերոբյանը և Գուրգեն Կիլիկյանը: Կատարվել է առերեսում նշված անձնանցից մեկի հետ, ում նա ճանաչել է՝ մատնանշելով որպես առաջին հարձակման փորձի մասնակիցներից մեկի։ Մարտ ամսի սկզբներին նախաքննական մարմինը կալանավորված անձանց խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, սակայն կարճ ժամանակ անց իր միջնորդությունը ետ է վերցրել, և նշված անձիք մարտի 8-ին ազատվել են կալանքից, այժմ նրանք ազատության մեջ են։ Գուրգեն Գարեգինի Կիլիկյանի հայրը, ըստ Արգիշտի Կիվիրյանի ունեցած տեղեկությունների, 2009թ-ի փետրվարին Վրաստանում կալանավորվել է՝ կաշառք տալու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Նա մոտ 5 իրաքահայերի կեղծ անձնագրեր է սարքել և տեղափոխել Վրաստան։ Վլադիկ Սերոբյանը Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի ազգականն է։ Ինչպես Արգիշտի Կիվիրյանն է ասում, այս հարձակումը երկրորդն է եղել, դրանից առաջ՝ ապրիլի 20-ին իր գրասենյակի բակում, առավոտյան 6-ի սահմաններում եղել է առաջին հարձակումը: «Երբ ես գրասենյակից գնում էի տուն, դրսի դուռը բացել եմ, և այնտեղ գիշերվա ժամը 6-ին սպորտային հագուստներով, կապիշոններով հավաքված էին 3 անձիք։ Եվ ընդամենը պատահականությամբ, որ հետևից գրասենյակի դրսի դուռը չէի փակել, տեսնելով, որ մոտենում են դեպի ինձ, մտել եմ ներս և փակել եմ դուռը»,- պատմեց Ա. Կիվիրյանը։ Կիվիրյանի ճշտած տեղեկություններով՝ երկու նշված դեպքերից 1-2 օր առաջ այդ անձիք մեկնել են Ախալքալաք և հանդիպել Սամվել Պետրոսյանի հետ։ «Սամվել Պետրոսյանը տարիներ շարունակ իր կողմից ոստիկանապետ նշանակվելուց հետո զբաղված էր Ախալքալաքում բոլոր հայկական կառույցների բնաջնջմամբ, մշտապես հայկական մամուլում շեշտվում է, որ վրացական իշխանությունները Ջավախքում իրականացնում են այս կամ այն հետապնդումները, իհարկե դա ճիշտ է, բայց այդ հետապնդումները Ջավախքում իրականացվում են այդ անձի ձեռքերով»: Նա նշեց, որ ոստիկանապետի ձեռքերով է, որ այսօր բանտում է գտնվում «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստ Վահագն Չախալյանը, փախուստի մեջ է գտնվում Գուրգեն Շիրինյանը և բազմաթիվ երիտասարդներ ստիպված լքել են Ջավախքը: Ոստիկանապետից, նախքան իր վրա հարձակումը, Ա. Կիվիրյանը անձնական սպառնալիքներ չի ստացել, բայց, ինչպես ինքն ասաց, ականջին միշտ տեղեկություններհասել են, որ նա այստեղ կամ այնտեղ իր հասցեին սպառնալիքներ հնչեցրել է: Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ որոշ ժամանակ անց այս քրեական գործը «կկասեցվի և կքցվի ինչ-որ դարակի մեջ»՝ չնայած նրան, որ նախագահի մամլո խոսնակը հայտարարել էր, որ գործը նախագահի խիստ հսկողության տակ է գտնվում։ «Արդյոք խիստ հսկողության պարագայո՞ւմ չեն ազատ արձակվել այդ երկու անձիք»,- հարցնում է Կիվիրյանը և քիչ անց հավելում,- Մինչև հանրապետության դատախազը գործը թևի տակ վազ չտա Բաղրամյան փողոց և այնտեղ չհամաձայնեցնի գործի արդյունքը, այլ որոշում չի կայացվում»: Նա շեշտեց, որ գործի հենց սկզբից ՀՀ ոստիկանությունը զբաղված է եղել ոչ թե գործը բացահայտելով, այլ կոծկելով՝ օրինակ բերելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկարած փամփուշտների՝ դեպքից վայրից անհետանալը։ «Ես որևէ կերպ չեմ միջամտել քննությանը, ընդ որում՝ չեմ էլ լուսաբանել, որպեսզի հետագայում չնշվեր, որ իբր այ կամ այն կերպ խոչընդոել եմ գործի քննությանը»,- ասաց Ա. Կիվիրյանը։ ԱԱԾ-ում գործի քննության ընթացքում նա որոշ տեղաշարժեր նկատել է։ Սակայն հիմա համոզված է, որ այս իշխանությունների պարագայում իր գործը չի բացահայտվի: «Արդյոք Ախալքալաքի ոստիկանապետն այդքան ճնշում կկարողանա գործադրել, որ գործը Հայաստանում փակեն» հարցին, Կիվիրյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ ով ինչ հզորություն կունենա։ Ցավոք սրտի՝ ՀՀ-ում ձևավորվել է մի իրավիճակ, երբ որևէ լրագրողի, խմբագրի դեմ կատարված հանցագործությունը չի բացահայտվում։ Անգամ բացահայտվածը չի բացահայտվում»։ Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter