HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Գերեզմանոցը կպարսպապատվի, թունաքիմիկատները կոչնչացվեն

Թունաքիմիկատների գերեզմանոցը կարող է էկոլոգիական աղետ դառնալ Հայաստանի համար, եթե անհապաղ արտակարգ միջոցառումներ չձեռնարկվեն: Այդ նպատակով այսօր ՀՀ կառավարությունը Բնապահպանության նախարարությանը կտրամադրի 20-30 միլիոն դրամ` գերեզմանոցի տարածքը արգելապատման համար:

Թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում, Ողջաբերդ-Գեղադիր ավտոճանապարհից 5 կմ հարավ-արեւմուտք հատվածում: Այն նախատեսված է եղել ժամկետանց, ինչպես նաեւ կայուն քլորոօրգանական քիմիկատների թաղման եւ հետագայում ոչնչացման համար: Ինչպես նշեց «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Գրիգորյանը` քաղաքացիներից ոմանք, «գանձ գտնելու ակնկալիքով» փորել են թունաքիմիկատների գերեզմանոցը, եւ այժմ դրա արտաքին մակերեսը բաց է, ինչը մեծացնում է վտանգը: Հնարավոր է, որ թունաքիմիկատները ջրի միջոցով լցվեն Գետառ: Գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում եւ արդեն տեղաշարժվել է 10 մետրով: Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բնակչության եւ տարածքների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Եմիշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ համաձայն Ստոկհոլմի կոնվենցիայի, որին Հայաստանը միացել է 2001 թվականին, թունաքիմիկատները պետք է ոչնչացվեն: Ուսումնասիրությունների եւ հետագա քայլերը որոշելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գրասենյակի հետ: Գրասենյակի ղեկավարի տեղակալ Կառել Հոֆստրան ասաց, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է նաեւ ֆինանսական աջակցություն տրամադրել,սակայն այդ գումարը չի բավականացնի թունաքիմիկատները ոչնչացնելու համար: Այդ պատճառով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նամակով դիմել է Հայաստանում օտարերկրյա դեսպանատներին եւ միջազգային կազմակերպություններին` ֆինանսական աջակցության համար: Կկատարվեն ուսումնասիրություններ` թունաքիմիկատների քանակը եւ դրանք ոչնչացնելու համար անհրաժեշտ գումարի չափը պարզելու համար: Նախկին տվյալներով` այդտեղ առկա է 512 տոննա թունաքիմիկատ: Գերեզմանոցը պարսպապատելուց հետո թունաքիմիկատները պետք է տեղադրվեն համապատասխան տարաներում, փոխադրվեն պահեստներ, այնուհետեւ ոչնչացվեն: Հայաստանի փրկարար ծառայության բնակչության եւ տարածքների վարչության պետ Հովհաննես Եմիշյանի խոսքով` պարզ չէ, թե մարդիկ արդեն տուժել են գերեզմանոցում առկա թունաքիմիկատներից, թե ոչ, քանի որ այդպիսի ուսումնասիրություններ չկան, իսկ քաղաքացիները բժիշկներին չեն դիմել նմանատիպ բողոքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter