HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Չորս հարված Ապրիլի 28-ն Արմավիրի զորամասերից մեկից դանակի 4 հարվածներից ստացած վնասվածքներով Երևանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել գումարտակի հրամանատարներից մեկը, ով կոչումով փոխգնդապետ է: ՀՀ գլխավոր դատախազությունւոմ հաստատեցին փաստը և հայտնեցին, որ զինդատախազությունում դեպքի առթիվ քրգործ է հարուցվել` ինքնասպանության փորձի հատկանիշներով: Այլ մանրամասներ` ներառյալ փոխգնդապետի անուն ազգանունը, մեզ չհայտնեցին: Զինդատախազության մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ օրը Պնախարարին հայհոյելու համար վերադասը որոշել է պատժել գումարտակի հրամանատարին: Փոխգնդապետին կապել են աթոռին եւ փորձել են այդ վիճակում հանել «պլաց»: Ըստ ծրագրի, զինվորները պետք է քայլեին նրա կողքով ու ին-որ վիրավորական բաներ ասեին: Փոխգնդապետն էլ այդ անարգանքից խուսափելու համար մի կերպ ազատել է կապված ձեռքը, ու մոտակայքում հայտնված դանակը վերցնելով` իբր 4 անգամ հարվածել իրեն: Դատարանների նոր նախագահներ Այս տարի երկու բարձրաստիճան դատավորներ 65 տարին լրանալու կապակցությամբ անցնելու են կենսաթոշակի` Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Սլավա Սարգսյանը: Այս երկու դատարաններն էլ պետական պատվեր կատարելու եւ կոռուպցիոն առումով Հայաստանի մասշտաբով ռեկորդսմեններ են, ուստի դրանց նախագահների աթոռների համար այս ամիսներին բուռն պայքար է գնում: Երկու դատարաններում էլ դատավորները շատ անհանգիստ են, թե ով է զբաղեցնելու նրանց թափուր մնացած աթոռները: Ընդ որում` Կենտրոն, Նորք-Մարաշի նախագահի տեղն ազատվում է արդեն մայիս ամսին, իսկ Վճռաբեկի պալատինը` օգոստոսին: Երկու դատարաններում էլ այս օրերին քննարկվում է, թե ով է նշանակվելու նրանց փոխարեն: Ու թեեւ այս հարցը լուծվելու է առաջին դեմքի մակարդակով եւ ամեն ինչ անում են թեկնածուների անունները գաղտնի պահելու համար, սակայն, որպես Կենտրոնի դատարանի նախագահի թեկնածու նշվում է Մնացական Մարտիրոսյանի անունը, որը վերջին 10-15 տարում անշեղորեն կատարել է նախագահականից եկող պատվերները, եւ չի բացառվում, որ նրան որոշել են խրախուսել դրա համար: «Դմբուզին» էլ կալանավորեցին «Առավոտի» տեղեկություններով` երեկ ՀՀ իրավապահ մարմինները կալանավորել են ապրիլի 17-ին Նոր Նորքում «ռազբորկայի» մասնակից տեղական մակարդակի քրեական հեղինակություն համարվող «Դմբուզ» մականունով Հենրի Գարեգինի Մանուկյանին: Թերթի` ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ` նա, որ միջադեպից հետո փախուստի էր դիմել եւ գտնվում էր հետախուզության մեջ, իբր կամավոր է ներկայացել իրավապահ մարմիններին: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է ՀՀ ոստիկանության վարչության միջնորդությունը եւ «Դմբուզին» երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Հրաժարականի փոխարեն Երեկ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը պաշտոնապես ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկատվություն է տվել` պնդելով, թե Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել: Ոստիկանապետի մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանն ասել է, թե պարզաբանելով իր այդ հայտարարությունը` Ա. Սարգսյանը հայտարարել է, թե իրեն Կոտայքի մարզի ոստիկանության աշխատակիցները զեկուցել են, որ Չարենցավանի ոստիկանությունում ինքնասպանություն է տեղի ունեցել: «Ես պատժելու եմ իմ այն աշխատակիցներին, որոնք ինձ սխալ ինֆորմացիա են տվել` ինձ դնելով անհարմար վիճակի մեջ: Ովքեր որ հանցանք են կատարել` ծեծել են երիտասարդին, խոշտանգել են, բոլոր այդ մարդիկ պատժվելու են օրենքի խստագույն տառով: Ես նախապես ասում եմ` ոչ մեկին չեմ պաշտպանելու, մեղավորները պատժվելու են, ես ծեծը երբեք չեմ խրախուսել, աշխատանքի ավելի ճիշտ մեթոդներ կան»,- ասել է Ալիկ Սարգսյանը: Օվալաձեւ դահլիճը չի փրկի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է մինչեւ աշնանային նստաշրջանի մեկնարկը վերանորոգել ԱԺ դահլիճը, որը կդառնա օվալաձեւ: Այդ աշխատանքները կարժենան 390 միլիոն դրամ եւ կֆինանսավորվեն պետբյուջեից: «ՉԻ» - Եթե նույնիսկ ԱԺ նիստերի դահլիճը ոչ թե օվալաձեւ դառնա, այլ ասենք եռանկյունի, դրանից ԱԺ դերը հաստատ չի բարձրանա: Եւ ընդհանրապես , չարժե օվալաձեւ դարձնել ԱԺ դահլիճը մի երկրում, որտեղ ոչ միայն պետական կառավարման համակարգն է քառակուսի, այլեւ նույն այդ խորհրդարանի անդամներից շատերի գլուխները: Առավել եւս չարժե դրա վրա 1 միլիոն դոլար ծախսել եւ «տեխնիկապես» հագեցնել նիստերի դահլիճը: Ճիշտ հակառակը` տեխնիկան կարելի է նույնիսկ «օպտիմալացնել»: Օրինակ, ում են պետք քվեարկության երեք կոճակները, կարելի է թողնել միայն «կողմ» կոճակը եւ վերջ: Միեւնույնն է, խորհրդարանի հիմնական գործառույթը հենց այդ կոճակը սեղմելն է: Իսկ ահա դահլիճը երկհարկանի դարձնելու գաղափարը լավն է: Միայն թե ճիշտ կլինի, որ ԱԺ նախագահը 2-րդ հարկում նստի, պատգամավորները` առաջին: Մեկ էլ տեսար` ԱԺ դերն իսկապես բարձրացավ: Դեղորայքի շուկայի շնաձկները շահեցի՞ն Ինչո՞ւ հանձնաժողովը չեղյալ համարեց իր իսկ նշանակած տուգանքները Մի քանի օր առաջ տնտեսակա մրցակցության հանձնաժողովը հերթական անգամ որոշում ընդունեց դեղորայքի շուկայում գների չհիմնավորված բարձրացման եւ հակամրցակցային համաձայնությունների առնչությամբ: Սակայն, այս անգամ, այդ որոշումը տրամագծորեն հակասում էր հանձնաժողովի նույն հարցի վերաբերյալ անցյալ եւ այս տարի ընդունած բոլոր որոշումներին: Եթե իր նախորդ որոշումներով հանձնաժողովը հակամրցակցային համաձայնության գալու համար տուգանել էր դեղորայքի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող 7 ընկերությունների, այնեւհետեւ, պատասխանելով այդ ընկերությունների դիմումին, ուժի մեջ թողել տուգանքը, ապա այս անգամ ընդունեց տրամագծորեն հակադիր որոշում: «Հանձնաժողովն այսօր անվավեր է ճանաչել դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանված յոթ ընկերությունների նկատմամբ տուգանքի որոշումը: Հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով դատարան ներկայացված հայցադիմումներում նշվել են որոշ հանգամանքներ, այդ թվում` ապացույցների վերաբերյալ, որոնք հիմք են Հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու համար: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը համարում է, որ դեղորայքի շուկայում առկա են մրցակցային խնդիրներ, որոնց բացահայտման և կարգավորման նպատակով Հանձնաժողովը ծրագրել է մոտակա ժամանակներս առավել խորությամբ ուսումնասիրել շուկայում առկա իրավիճակը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` եղած խնդիրները լուծելու ուղղությամբ»: Հանձնաժողոի վերոնշյալ որոշումը այլ կերպ, քան տարօրինակ, անվանել չի կարելի: Այն, որ բոլորիս աչքի առաջ տեղի ունեցած դեղերի գնի բարձրացման երեւույթի պատճառները հանձնաժողովը, փաստորեն, չկարողացավ ապացուցել, խոսում է այն մասին, որ այս կառույցը, չնայած մոտ 10 տարվա գործունեությանը, դեռ լիարժեք կայացած չէ: Սպառնալիքի տակ չենք կարող դնել Ըստ Արտակ Դավթյանի. «եթե Թուրքիային հաջողվում է գործի դնել շանտաժի մարտավարությունը, Ադրբեջանին եւ աշխարհին ինչ-որ մեսիջներ ուղարկելով, հայերին վտարելու, պատերազմի վերսկսման սպառնալիքներով, աշխարհագրական դիրքը շահարկելով, խուսափել իր պարտավորությունները կատարելուց, ի՞նչ է մնում մեզ, եթե ոչ ավելի կարծրացնել մեր դիրքորոշումը նույն Ղարաբաղի հարցում: Եւ աներկբա արձանագրել, որ Ղարաբաղը չի կարող գնալ միակողմանի տարածքային զիջումների` սպառնալիքի տակ դնելով իր անվտանգությունը, չունենալով հստակ երաշխիքներ ԼՂՀ ապագա կարգավիճակի վերաբերյալ, վստահություն, որ Ադրբեջանը նորից չի դիմի ռազմական արկածախնդրությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter