HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մայիսի 1»-ը գյուղերում չեն նշում

Առաջին անգամ «Աշխատավորների համերաշխության միջազգային օրը» նշվել է 1890 թվականին` Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում և Շվեդիայում: Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, այս օրը կարմիրով է նշված օրացույցում, միայն մի տարբերությամբ` «Աշխատավորների համերաշխության միջազգային օրն» այժմ մեզանում «Աշխատանքի օր» է համարվում: Փողոցում հանդիպեցի իմ ծանոթներից մեկին եւ ուրախ-ուրախ շնորհավորեցի «նրա տոնը», փոխարենը ստացա պատասխան, թե՝ «ինձ ինչ տոն` 10 տարի է գործազուրկ եմ: Տոնը էն վախտ էր»: Մարզերում տոնի մասին ընդհանրապես մոռացել են, քանի որ բոլորն իրենց գործազուրկ են համարում եւ աշխատանքի տոնը վերագրում են միայն երեւանաբնակներին: Մի քանի գյուղապետերից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են պատրաստվում գյուղում նշել «Աշխատանքի օրը»: Արմավիրի մարզի Արտամետ գյուղապետ Անահիտ Դավթյանը մեզ փոխանցեց, որ տոնը նշում են աշխատավոր ժողովրդի հետ «ուտել-խմելով»: Մտածելով, որ գյուղի 227 բնակիչների մեծ մասն աշխատում է, տիկին Դանիելյանից հետաքրքրվեցինք, թե քանի± աշխատավոր ժողովուրդ ունեն: «Շատ, բոլորն էլ աշխատում են` բանվորություն են անում: Կայուն աշխատանք ունեցող չկա»,-հնչեց պատասխանը: Այնուամենայնիվ, զրույցի ընթացքում պարզվեց, որ գյուղապետը «ուտում-խմում» է միայն իր շրջապատի հետ, քանի որ Արտամետում ոչ մի միջոցառում այսօրվա համար նախատեսված չէ: Արագածոտնի մարզի Նորաշեն համայնքի գյուղապետ Արթուր Կարապետյանը «Հետքին» ասաց, որ տոնը նշել են երեկ, եւ ինքը 3 ժամ շարունակ բաժակաճառերով շնորհավորել է գյուղի 20 աշխատավորներին: 1240 բնակիչ ունեցող գյուղում աշխատանք ունեն ընդամենը 20-ը. 15-ն աշխատում են գյուղի դպրոցում, իսկ 5-ը` գյուղապետարանում: «Այսքանն են մեր աշխատողները: Երեկ առավոտյան, ժամը 9-12-ը կենացներով շնորհավորել եմ նրանց, բոլորին հավաքել էինք գյուղապետարանում: Նվերներ չկարողացանք տալ, որովհետեւ մեր բյուջեն սուղ է»,- նշեց Ա. Կարապետյանը: Մարզի Մաստարա գյուղում տոնն ընդհանրապես չեն նշելու, պատճառը ոչ այնքան բյուջեի սղությունն է, ինչքան մարդկանց տրամադրվածությունը տոնին: Գյուղապետ Աղասի Դանիելյանի ասելով, նախ պետք է մտածենք աշխատանք ստեղծելու մասին եւ աշխատանք ստեղծենք մարդկանց համար, հետո նոր միայն նշենք այդ աշխատանքի տոնը: «Ի՞նչ տոն նշենք: Գյուղում ինչ աշխատանք կա, որ մի հատ էլ պաշտոնական նշենք: Առաջ մեր գյուղը հազարից ավել աշխատավոր ուներ, իսկ հիմա 60 մարդ դպրոցում է աշխատում, մի 30 հոգի էլ տարբեր տեղերում: Մարդիկ արտագաղթում են, որովհետեւ աշխատանք չկա»,- ասում է համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter