HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Բանկի կառավարիչն ամեն ինչ ժխտում է

Լոռեցի գյուղատնտեսները, որոնք գյուղատնտեսական վարկեր են ձեւակերպում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ում, որոշ դժգոհություններ ունեն բանկային գործարքներից։ Դրամի մի տեսակով կատարվող վարկավորումն այնուհետեւ մարվում է դրամի մեկ այլ տեսակով։ Այսպես՝ վարկային պայմանագիրը կնքվում է ԱՄՆ դոլարով, իսկ հետագայում մայր գումարն ու տոկոսները վերադարձվում են ՀՀ դրամով։ Գյուղատնտեսները հավատացնում են նաեւ, որ խոշոր վարկերն «ԱԿԲԱ»-ում բացառապես ԱՄՆ դոլարով են տրամադրվում։ Վարկառուները մեզ հետ զրույցում չէին ուզում, որ հոդվածում նշվեն իրենց անունները: Նրանք վախենում են, որ բանկերն իրենց հետ կարող է չուզենան գործ ունենալ: «Վարկը դոլարով է, վերադարձնելիս դրամով ենք տալիս։ Դոլար էլ ենք ունենում, փոխում ենք դրամի, որ դրամով վճարենք: Եթե դոլարային հաշիվ ունենք, իրավունք չունենք դոլարով ելք անենք, պիտի դրամ սարքենք, նոր, մեր երկրի օրենքն է»,-ասում է մի վարկառու։ Տարադրամի փոխարժեքի տատանումների դեպքում վարկ մարողն, ինչ խոսք, կամ կորցնում է, կամ շահում։ Վերջինն այն դեպքում է լինում, երբ տարադրամի փոխարժեքն իջնում է (օրինակ՝ պայմանագիրը կնքելիս ԱՄՆ դոլարի փոխարժեքը 630 էր, իսկ մարելիս՝ 530)։ «Ռիսկային գործ է, բայց հիմնականում կորցնում ենք»,- ասում է մեկ ուրիշ վարկառու: Նրանք դժգոհում են նաեւ, որ ժամկետանց վարկերը չեն երկարաձգվում։ Ժամկետը լրանալուն պես վարկը պետք է անպայման մարվի եւ նոր միայն վերաձեւակերպվի։ «Ենթադրենք երաշտ ա եղել, բերք չկա, գյուղացին եկամուտ չունի, որ ժամկետը լրացող վարկը մարի, ուզում ա երկարացնի այն։ Բայց մինչեւ հին փողը չփակի, նոր վարկ չի կարող ձեւակերպել։ Ժամանակ չեն տալիս մուծելու, ընդառաջ չեն գնում։ Էս փակի՝ ասում են, հետո նոր գործարք կանենք։ Բանկի համար ի՞նչ տարբերություն` վարկը հինգ տարով ա, թե յոթ, չէ՞ որ էդ դեպքում 7 տարվա տոկոսն ես տալու, բանկը հո չի տուժում։ Իսկ վարկառուն տուժում ա. նախ՝ լրացուցիչ ծախսեր են առաջանում. որոշակի գումար ա ծախսվում նոտարականում, կադաստրում, հետո՝ ժամանակ ա գնում, ու վերջապես՝ ներվայն վիճակ ա»,- ասում է վարկառուն։ Մյուս դժգոհությունն այն է, որ բանկը գրավ չի վերցնում գյուղացիների՝ գյուղում ունեցած անշարժ գույքը։ «Գյուղում եղած տունը, հողը գրավ չեն վերցնում, անպայման քաղաքում պիտի լինի։ Ասում են՝ ռիսկային գործ ա, բա որ չկարողանանք վաճառել։ Համ էլ մտածում են՝ եթե վարկի տակ մնացած գյուղացու տունը վաճառքի հանվի, հարեւանն այդ տունը չի առնի»։ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Լոռու մասնաճյուղի կառավարիչ Արտաշես Այվազյանը պարզաբանումներ է տալիս վարկառուների դժգոհությունների վերաբերյալ։ Նախ` նա համաձայն չէ այն բանի հետ, որ «ԱԿԲԱ» բանկում տրամադրվող վարկերը կարճաժամկետ են եւ բարձր տոկոսադրույքներով։ «Ժամկետը լրանալուն պես վարկերը մուծում են, նորից վարկ ստանում. չեղա՞վ, որ վարկերն անժամկետ են»,- ասում է Ա. Այվազյանը։ Անհիմն է համարում վարկառուների՝ վարկն անպայման դրամով մարելու դժգոհությունը՝ պայմանավորելով այն տարադրամի փոխարժեքի փոփոխությամբ. «Գյուղացիներն ընդամենը ուզում են վճարել այն նույն փոխարժեքով, որով վարկը ձեւակերպվել է»,- ասում է կառավարիչը։ Ըստ նրա՝ վարկառուն վարկ է ստանում դրամի այն տեսակով, որն ընտրում է, իհարկե դրա վերաբերյալ բանկի՝ ըստ ներքին ընթացակարգերի կայացրած որոշման հիման վրա։ Կառավարիչը հիմնականում բացառում է վարկերի ուշացման կամ չվճարման դեպքերը. «Դեպքեր չկան ուշացնելու, չմարելու, բերում, մարում են, իրավունք են ստանում նոր վարկ ձեւակերպելու։ Վարկառուները ժամանակին են վճարում, դեռ մի բան էլ ժամանակից շուտ: Եթե չմարվող վարկ ունի, եւ դժվարություններ կան՝ կապված այն մարելու հետ, հիմնավորումների դեպքում վարկը երկարաձգվում է։ Եթե մարումն ուշացվում է, վարկը ժամկետանց մնում է, մինչեւ մարվի։ Անհարգելի պատճառ ունեցող մարդկանց չենք ընդառաջում»,- ասում է Ա. Այվազյանը։ Ա. Այվազյանը ժխտում է նաեւ գյուղացիների դժգոհությունը գյուղում նրանց ունեցած անշարժ գույքի դիմաց վարկեր չտրամադրելու մասին։ Նրա հավաստմամբ՝ գյուղացիներին մինչեւ 3000 դոլար տրամադրվող վարկերի 75%-ն առանց գրավի է տրվում` երաշխավորություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter