«Ես էդ բանկից լրիվ հրաժարվել եմ, դրանց գործելակերպն էլ լրիվ խայտառակություն է», -ասում է նախկին վարկառուն
«Գյուղից 150 հոգու արդեն ճանապարհել ենք արտագնա աշխատանքի, մի 100 հոգի էլ պիտի գնան, մերոնք էլ ազատանցիների նման հիմնականում Յակուտիա են գնում,- ասում է Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանն ու, կարծես արդարացնելով համագյուղացիներին, պարզաբանում,- բա որ չգնան, իրանց պարտքերն ո՞վ պիտի փակի, բանկի փողերն ո՞վ պիտի տա»:
Անիի տարածաշրջանի երկրորդ մեծ գյուղն է Ձիթհանքովը` փակված ձորի մեջ, հեռու մայրուղիներից: Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: 1600 հա վարելահող ունեն, 700 հա էլ արոտավայր, սակայն գյուղացիները չեն կարողանում լիարժեք օգտագործել:
«Փող որ չունենան, ուրդի՞ց պիտի վար ու ցանք էնեն,- հարցիս հարցով է պատասխանում ձիթհանքովցի Խորեն Զաքարյանը,- մեկը ես, կարկուտի տարին` 2007 թ.-ին էր` սաղ գյուղով տուժվանք, պետությունը փոխհատուցում չտվեց, ես շատ-շատերի նման ստիպված եղա վարկ վերցնել: «Ֆինքայից» վերցրի, ըսին` 24 տոկոս է տոկոսադրույքը, բայց փողը տալուց էնքան տարբեր մուծումներ կենես, որ 24-ը կդառնա 31 տոկոս»:
Խորեն Զաքարյանը պատմեց, որ «Ֆինքա»-ի վարկերից օգտվելու համար 3-5 հոգանոց խմբեր են կազմել գյուղում: Իրենց խմբում 5 հոգի են եղել, մեկն ընտրվել է նախագահ:
«500 հազար դրամ էի վերցրել, բայց հետո հազար անգամ փոշմանել եմ վերցնելու համար: Ես էդ բանկից լրիվ հրաժարվել եմ, դրանց գործելակերպն էլ լրիվ խայտառակություն է,- դժգոհում է Խորեն Զաքարյանը,- էնպես եղավ, որ ես հնարավորություն ունեցա մի երեք ամիս շուտ մայր գումարը փակելու: Անասուն էի վաճառել, փող կար ձեռքս, ասի գնամ, պարտքս տամ, օր առաջ պրծնեմ դրանցից: Ինձ զգուշացրին, որ կապ չունի` 3 ամիս շուտ կփակե՞մ, թե՞ 2 ամիս շուտ, մեկ է` էն մնացած ամիսների տոկոսներն էլ պիտի տամ: Ինչխոր մարդու ձեռ առնին, ես էլ որոշի որ չեմ տա, թող մնա, ամսեամիս իրանց փողն ու տոկոսը կփակվիմ»:
«Ֆինքա»-ի գործելակերպից դժգոհեց նաեւ Տարիել Բալաբեկյանը:
«Ըսենք թե իմ փողը փակվելու օրը ամսի 21-ն է, մե շաբաթմ շուտ կզանգեն, թե` բերեք տոկոսը մուծեք, ես չեմ հասկանա, թե ինչի կպարտադրեն շաբաթմ շուտ, եթե ես տոկոս մուծելու օր ունիմ, բայց եթե մարդ ես, էլի, ստացվի ընպես, օր մե օրմ ուշացնես, գուկան սաղ գեղի մոտ խայտառակ կենեն, կանպատվեն, տոկոս կհաշվեն վրեդ,-ասում է Տարիել Բալաբեկյանը,-հետն էլ փողը մուծելուց ամեն անգամ խմբի նախագահը հետդ պիտի էղնի, թե չէ տարածդ փողը չեն վերցնի»:
Համայնքապետից տեղեկացանք, որ գյուղում ընդամենը 30 հոգի է օգտվում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկից», տարեկան 19 տոկոս տոկոսադրույքով: Բանկը ցածր տոկոսադրույքներով է տալիս, քանի որ Ձիթհանքովի գյուղացիական միավորումը պարտաճանաչ գումարները վերադարձնում է, եւ գյուղում ոչ մի դատական գործ չկա:
«Որքան հասկացա, ձեր գյուղացիներն այնքան էլ հարուստ չեն, ուրեմն ինչի՞ հաշվին եք այդքան պարտաճանաչ»,- զարմանում եմ:
«Խոպանի,- ծիծաղում է գյուղապետը,- գյուղի երիտասարդության 99 տոկոսը «խոպան» է գնում: Գյուղում անցած տարիներից կուտակված 15 մլն դրամի հողի հարկի պարտք կա, չենք կարողանում հավաքել: Գյուղատնտեսությունում գիտեք, էլի, ապահովագրություն չկա, 2 տարի է իրար վրա գյուղացու բերքը կարկտահարվում է, մարդիկ տուժում են, պետությունը ոչ մի ձեւով չի օգնում: Դե մարդիկ էլ դիմում են բանկերին, որպեսզի կարողանան սերմը հողը գցեն, վար ու ցանք անեն, օրվա հացն ապահովեն»:
Ձիթհանքովցիները պատմեցին, որ համատարած «Ֆինքա»-ի ծառայություններից օգտվել սկսել են 2 տարի առաջ, երբ ուժեղ կարկտահարությունից հետո գյուղացին բերքը թողեց դաշտում ու ձեռնունայն վերադարձավ տուն: Սկզբում շատ ոգեւորվել են, հատկապես, երբ իմացել են, որ պիտի դրամով ստանան վարկը, դրամով էլ վերադարձնեն:
«Հետո փսսալով սաղն էլ իջան,- պատմում է Մելանյա Բալաբեկյանը,- երբ որ տեսան պայմանները: Գարուն կելնինք, գյուղացու ձեռը փող չի մնա, ստիպված պիտի էդ վարկը վերցնի: Վերցրածն էլ հազիվ կհերիքե, որ գարնանացան էնե, հետո պարտքով Յակուտիայի տոմս կառնի, որ էրթա աշխատի, տունը փող ղրկե, որ կնիկը համ տոկոս փակվի, համ աշունքվա բերքը հավաքի, համ էլ աշնանացան անի: Ամեն տարի նույնն է` տոկոսով փող, խոպան, աշխատած փողից ինչ որ տակը կմնա, էդ էլ Նոր տարուն կուտեն-կխմեն, սոված կելնին գարուն: Ուզեն չուզեն` էլի պիտի բանկի դուռն էրթան: Բայց դե բանկերն էլ պիտի խիղճ ունենան, էդքան շատ բարձր տոկոսներ չդնեն: Էսօր գյուղացին, փաստորեն, փորհացի կապրի»:
Մեկնաբանել
Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել