«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հկ-ի նամակը
ՀՀ Բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին
Օրինակը` «Առավոտ» թերթի խմբագիր պարոն Ա. Աբրահամյանին
Հարգելի պարոն Հարությունյան,
Ի պատասխան Ձեր 14.04.2010 թ.-ի թիվ 5/08/50661 գրությանը, ուղղված «Առավոտ» թերթի խմբագիր Ա.Աբրահամյանին` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի կողմից շահագործվող, Կապան և Գեղանուշ համայնքներում գտնվող թափոնավայրի (պոչամբարի) բնապահպանական անձնագրի, դասակարգի, բնավճարի վերաբերյալ` ևս մեկ անգամ պարզաբանում, տեղեկացնում ենք Ձեզ, որ
ա) ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի 29.02.2010 թ.-ի թիվ 023-10/07 գրությունը ստացել և վերադարձրել ենք, որովհետև գրությունը չէր համապատասխանում «Վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածին: Դա կարող են հաստատել Բնապահպանության նախարարության ընդհանուր բաժնում. բաժինը հաճախակի օգտվում է այդ օրենքից: Դրանից հետո ուղղված տարբերակը չենք ստացել:
Պարոն նախարար, Բնապահպանության նախարարությունը արձագանքեց «Առավոտ» թերթի հրապարակմանը, բայց չի արձագանքում մեր կազմակերպության մի շարք գրություններում բարձրացրած հարցերին: Նշենք, որ մենք տեղեկացրել ենք Ձեզ այն մասին, որ մեր գրությունները կուղղվեն միայն բաց նամակների տեսքով, և ակնկալում ենք պատասխան:
բ) Ձեր 14.04.2010 թ.-ի թիվ 5/08/50661 գրության մեջ նշված է, որ «օգտակար հանածոների վերամշակման (հանքահարստացման) ընթացքում առաջացած թափոնները, կախված դրանց կազմից և բաղադրիչների թունունակությունից, հիմնականում դասվում են վտանգավորության 3-4-րդ դասին»: Ո՞ր վտանգավորության դասին է դասվում «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի կողմից շահագործվող, Կապան և Գեղանուշ համայնքներում գտնվող թափոնավայրը (պոչամբարը), որը առաջացել է հենց օգտակար հանածոների վերամշակման (հանքահարստացման) ընթացքում, և ինչքա՞ն է վճարում ընկերությունը` ըստ դասակարգի:
Ինչ վերաբերվում է հանքաքարի հարստացման ընթացքում առաջացող ապարախյուսի (շլամ) անձնագրին, որը «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն չէր ներկայացրել Բնապահպանության նախարարությանը, ապա Դուք, բացի ընկերությանը մի քանի անգամ տեղեկացնելուց, օրենսդրական ի՞նչ քայլեր եք իրականացրել անցած երեք տարվա ընթացքում` այն ժամանակահատվածում, ինչ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն շահագործում է Կապան և Գեղանուշ համայնքներում գտնվող թափոնավայրը (պոչամբարը):
գ) Ձեր 14.04.2010 թ.-ի թիվ 5/08/50661 գրության մեջ նշված է, որ «ներկայումս պոչամբարներում կուտակված թափոններն իրենց բնույթով ենթակա են հետագա լրամշակման կամ օգտագործման, և ներկայումս օրակարգում են դրանց հետագա արդյունավետ օգտագործման խնդիրները»:
Պարզեցում մտցնելով այս մեկնաբանության մեջ` նշենք, որ եթե Բնապահպանության նախարարությունը «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի կողմից շահագործվող, Կապան և Գեղանուշ համայնքներում գտնվող թափոնավայրը (պոչամբարը) դասում է հետագա լրամշակման կամ օգտագործման ենթակա թափոնների շարքը, որի հետ մեր կազմակերպությունը և ՀՀ օրենսդրությունը համաձայն չեն, ապա այնուամենայնիվ, հղում կատարենք օրենքի մյուս կետին` «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի բ) ենթակետին, որտեղ ամրագրված են «արդյունաբերական հրապարակներում թափոնների տեղադրման (պահման) համար դրույքաչափերը` ըստ տեղադրման ժամանակահատվածի»:
Որքա՞ն է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի կողմից շահագործվող, Կապան և Գեղանուշ համայնքներում գտնվող թափոնավայրի (պոչամբարի) դրույքաչափը` ըստ տեղադրման ժամանակահատվածի:
դ) Նախքան Ձեր օրակարգում դրված հետագա արդյունավետ օգտագործման խնդիրները լուծելը ՀՀ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի 4 հոդվածի բ) ենթակետում ամրագրված են Բնապահպանական վճարների տեսակները (արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար), իսկ ՀՀ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքի 3 հոդվածի ա) ենթակետում ամրագրված են Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման, պահման համար վճարի դրույքաչափերը «հատուկ հատկացված տեղերում» (բացառությամբ արդյունաբերական հրապարակների) թափոնների տեղադրման համար` առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ դասի վտանգավորության թափոններ:
ՀՀ «Թափոնների մասին» օրենքում հստակ ամրագրված է, որ թափոնների պետական հաշվառումը, անձնագրավորումը և վիճակագրական հաշվետվություն ներկայացնելը իրականացնում է բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:
Հարգանքներով`
«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպություն
29.04.2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել