Գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ կարծիք են հայտնում մարզպետները
«Հետքը» մի քանի ամիս շարունակ հանրապետության տարբեր մարզերում ուսումնասիրություններ է կատարել գյուղատնտեսական վարկերի ոլորտում: Հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո բազմաթիվ գյուղացիներ, ովքեր գյուղատնտեսական վարկեր են վերցրել բանկերից, չեն կարողացել դրանք մարել, ու գործը մտել է դատարան:
Բազմաթիվ գյուղացիներ էլ դատարանների միջոցով արդեն զրկվել են իրենց սեփական տներից, ավտոմեքենաներից, հողերից եւ այլն: Այս ամենը նկատի ունենալով` 7 հարցից բաղկացած հարցում ենք ուղղարկել Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզպետներին` փորձելով ճշտել, թե վարկային պատմություններն ինչ ընթացք են ստանում առանձին մարզերում, եւ անձամբ մարզպետներն ինչ կարծիք ունեն մինչեւ 24 տոկոս տոկոսադրույքով հատկացվող գյուղատնտեսական վարկերի մասին: Ներկայացնում ենք մեր հարցումը եւ մարզպետների պատասխաններն ամբողջությամբ:
- Ձեր մարզում գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով վարկ վերցրած քանի՞ վարկառու քաղաքացի կա եւ ո՞ր բանկի վարկառուներ են նրանք:
- Ի՞նչ կարծիք ունեք կարճաժամկետ եւ բարձր` մինչեւ 24 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի մասին:
- Նման վարկերը կարո՞ղ են արդյունավետ լինել գյուղատնտեսության համար:
- Ըստ Ձեզ` ի՞նչ պայմաններով պետք է գյուղացուն վարկ տրամադրվի, որպեսզի նրանք կարողանան տնտեսությունը զարգացնել:
- Ֆինանսատնտեսական ճգնաժամն ի՞նչ հետեւանքներ է ունեցել վարկառու ընտանիքների վրա: Արդյոք նման ուսումնասիրություն կատարե՞լ եք:
- Մարզում կա՞ն դատական գործեր, երբ բանկը կամ վարկային կազմակերպությունը դատի է տվել վարկառու գյուղացուն: Եթե այո, ապա քանի՞ դեպք է Ձեզ հայտնի:
- Վերոնշյալ խնդիրների վերաբերյալ պատրաստվո՞ւմ եք առաջարկությամբ դիմել Կառավարություն:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան Մարզի ազգաբնակչությունը հիմնականում օգտվում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» ծառայություններից: Այսօրվա դրությամբ մարզի բոլոր համայնքների 3934 տնտեսությունները ստանում են գյուղատնտեսական տարբեր վարկեր` 3,226 մլրդ դրամի չափով: Այդ վարկերը թեպետ կարճաժամկետ են եւ բարձր տոկոսադրույքով, սակայն կարծում եմ` դրանց օժանդակությունը, այնուամենայնիվ, զգալի է: Այդ վարկերը, անշուշտ, ավելի արդյունավետ կլինեն, եթե տրամադրվեն անհամեմատ երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով: Իմ կարծիքով, գյուղատնտեսության համար մեծ աջակցություն կլինի, եթե սեփականատերերին տրամադրվեն նաեւ բնամթերային վարկեր` սերմերի, տնկանյութի, վառելանյութի եւ գյուղմեքենաների տեսքով: Տրված վարկերը օժանդակել են գյուղատնտեսական տնտեսություններին` մեղմելու ֆինանսատնտեսական ճգնաժամը: Նման կարծիքի եմ հանգել տարբեր տարածաշրջաններում եւ համայնքներում բանավոր հարցումների արդյունքում: Վերոհիշյալ բանկի գործունեության մեջ մարզում առկա է 43 դատական գործ: Դրանք կապված են վարկերը ժամանակին չմարելու գործընթացի հետ: Ինչ վերաբերում է առաջարկությամբ Կառավարություն դիմելուն, ապա չեմ պատրաստվում դիմել, քանի որ բանկերը մասնավոր են:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան ՀՀ Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները գյուղացիական վարկեր հիմնականում ստանում են «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկից» եւ «Ամքոր» բանկի «Արեգակ» վարկային ծրագրից, որոնց տոկոսադրույքները տատանվում են տարեկան 16-24%-ի սահմաններում: Մարզպետարանը նպատակահարմար է գտնում, որ նմանատիպ վարկերը տրամադրվեն երկարաժամկետ ծրագրերով եւ ցածր տոկոսադրույքներով, որոնց դեպքում դրանք արդյունավետ կլինեն գյուղատնտեսության համար: Միաժամանակ հայտնում եմ, որ ֆինանսական ճգնաժամի հետեւանքների ուսումնասիրություններ գյուղացիական տնտեսություններում չեն կատարվել: Վարկավորման խնդիրների առնչությամբ առկա դատական գործերի մասին Ձեզ սպառիչ տեղեկատվություն, իմ կարծիքով, կարող են տրամադրել դատական մարմինները:

Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյան Գեղարքունիքի մարզում գործող բանկերից գյուղատնտեսական վարկեր տրամադրում են «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» եւ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության` մարզի տարածքներում տեղակայված մասնաճյուղերը: Ըստ հաշվարկների` մարզում կա մոտավորապես 9600 գործող վարկ, որից 70%-ը պատկանում է «ԱԿԲԱ»-ին, իսկ մնացած 30%-ը` «Արեգակ»-ին: Նախ ասեմ, որ վերը նշված երկու առեւտրային բանկերը վարկեր տրամադրում են 16-20% տոկոսադրույքով: Ինչ խոսք, ցանկալի կլիներ, որ ավելի ցածր տոկոսադրույք սահմանվեր եւ ավելի երկարաժամկետ վարկեր տրամադրվեին: Տվյալ դեպքում գուցե ավելի շատ քաղաքացիներ հնարավորություն ունենային վարկերից օգտվելու եւ շահույթ ստանալու: Բայց այդ գործընթացն իրականացնում են առեւտրային բանկերը, որոնք էլ տոկոսադրույքը սահմանում են համաձայն բանկերում գործող ներքին ընթացակարգի: Եթե այս պահի դրությամբ մարզում կա 9600 գործող վարկ, դա նշանակում է, որ անկախ ստեղծված իրավիճակից` պահանջարկի դեպքում օգտվողների թիվը քիչ չէ: Այդքան թվով տնտեսություն այսօր կարողանում է վարկերի շնորհիվ տնտեսություն ստեղծել եւ շահույթ ստանալ: Մեր կողմից ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների վերաբերյալ ուսումնասիրություն արվել է: Հենց թեկուզ այն փաստը, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը զգալիորեն նվազել է, իսկ աշխատանքի մեկնողներն էլ քիչ են վաստակում, խոսում է այն մասին, որ ճգնաժամն իր լուրջ ազդեցությունն ունեցել է: Այս փաստը հավաստում են նաեւ ՀՀ Ազգային վիճակագրական պետական կոմիտեի տվյալները: Նախորդ տարիների համեմատ` 2009 թ. միայն բանկային մասով 40%-ով պակաս գումար է մուտքագրվել մարզ: Մարզում ունենք 22 դատական դեպք, որից 14-ը «Արեգակ» ՈՒՎԿ-ի, իսկ 8-ը` «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» կողմից: Քանի որ վարկ տրամադրող բանկերը մասնավոր են, նպատակահարմար չեմ գտնում առաջարկությամբ դիմել Կառավարություն:

Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյան Վայոց Ձորի մարզում 2009 թ. գյուղատնտեսության զարգացման նպատակով «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկից», «Արդշինինվեստբանկից» եւ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից վարկեր են ստացել 1893 քաղաքացիներ: Կարճաժամկետ եւ բարձր տոկոսադրույքով վարկերը, ելնելով ճյուղի առանձնահատկություններից, արդյունավետ չեն կարող լինել գյուղատնտեսության համար, քանի որ պտղաբուծության եւ անասնաբուծության մեջ ակնկալվող արդյունքները ստացվում են տարիներ հետո: Գյուղացիական տնտեսությունների զարգացման համար ցանկալի է գյուղացուն տրամադրել ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր, ինչը պայմանավորված է առաջիկայում մեր երկրի զարգացմամբ: Ֆինանսական ճգնաժամը հիմնականում ազդեց մթերող, վերամշակող կազմակերպությունների վրա: Նրանք չկարողացան իրացնել նախորդ տարիների արտադրանքը, ինչի պատճառով գյուղացիական տնտեսություններից մթերեցին համեմատաբար քիչ քանակությամբ գյուղատնտեսական մթերքներ: Դա էլ իր բացասական ազդեցությունն ունեցավ վարկառու գյուղացիների վրա: Նշված հարցերի վերաբերյալ մեր կողմից կատարվել են համապատասխան դիտարկումներ: Մարզում վարկ տվող բանկերի կողմից 80 վարկառու գյուղացիների գործեր տրվել են դատարան: Ըստ անհրաժեշտության վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Կառավարությանը հարցեր բարձրացնում եմ եւ կատարում առաջարկություններ:

Լոռու մարզպետ Արամ Քոչարյան Մարզում գործող բանկերի մասնաճյուղերից 11 բանկեր տրամադրում են գյուղատնտեսական վարկեր` մարզի վարկի կարիք ունեցող գյուղացիական տնտեսություններին: 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ` մարզում գործող բանկերի մասնաճյուղերից տրամադրվել են 1 մլրդ 744 մլն դրամի գյուղատնտեսական վարկեր: Տրամադրվող գյուղատնտեսական վարկերի գերակշռող քանակը պատկանում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» Լոռու մասնաճյուղին: Բանկերի կողմից տրամադրվող վարկերը շատ բարձր տոկոսադրույքով են` 24 տոկոս: Եթե հաշվի առնենք նաեւ վարկի վերադարձման կարճ ժամկետները, ապա կրկնակի դժվար է գյուղացու համար: Ներկայիս վիճակից ելնելով` երեւի նպատակահարմար կլինի 10-12 տոկոս տոկոսադրույքով վարկերի հատկացումը: Բարձր տոկոսներով տրամադրված վարկերը չեն կարող նպաստել գյուղատնտեսության զարգացմանը, մանավանդ, որ դրանք տրամադրվում են 1-3 տարով: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող վարկերը պետք է լինեն երկարատեւ` 5-7 եւ ավելի ժամկետով: Ֆինանսական ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել ինչպես հանրապետության ամբողջ բնակչության, այնպես էլ Լոռու մարզի վարկառուների վրա: Մենք եւս մտահոգ ենք: Ներկայումս ուսումնասիրվում է վարկառուների վրա ճգնաժամի թողած բացասական հետեւանքների չափը, ինչը հնարավորություն կտա ունենալ իրական պատկերը: Մարզում գործող տարբեր բանկերի մասնաճյուղերում կան վարկերը ժամանակին չմարող վարկառուներ, որոնց գործերն ուղարկվել են դատարան: Կառավարության անդամների կողմից նույնպես բազմիցս քննարկվել է այն հարցը, որ տրամադրվող վարկերն ունեն բարձր տոկոսադրույք, իսկ մարման ժամկետը կարճ է: Վարկերի վերաբերյալ գրավոր հարցում ուղղարկել էինք նաեւ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը մեր հարցմանը հետեւյալ պատասխանն էր ուղարկել. «Ձեր նշած խնդիրը համարում ենք արդիական, քանի որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մարզային այցելությունների եւ բնակչության հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ հարցը մշտապես բարձրացվում է: Փոխվարչապետն այդ մտահոգությունները ներկայացրել է Կառավարությունում: Հաշվի առնելով, որ բանկերը մասնավոր են ու նաեւ այն, որ բանկային գործունեությունը կարգավորվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, առաջարկում ենք լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ կենտրոնական բանկ»:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյան Գյուղատնտեսական վարկեր Տավուշի մարզում հիմնականում տրամադրում են «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ», «Արդշինինվեստ», «ՎՏԲ Հայաստան» եւ «Կոնվերս» բանկերը, ինչպես նաեւ որոշ վարկային կազմակերպություններ`«Ֆինքա», «Հորիզոն» եւ այլն: Ընդհանուր առմամբ, մեր ունեցած տվյալներով, այս պահին մարզում տրամադրվել է ավելի քան 2300 գյուղատնտեսական վարկ: Գյուղատնտեսական վարկերի տրամադրման հարցում մեր աշխատանքի ընթացքում հատկապես կարեւորել ենք գրավադրման խնդիրը, ինչի պարզեցման ուղղությամբ աշխատել ենք ՓՄՁ ԶԱԿ-ի հետ` մարզային զարգացման ծրագրի շրջանակներում`գրավադրման երաշխիքներ: Ինչ վերաբերում է վարկերի տրամադրման ժամկետներին, ապա դրանք պետք է որոշվեն ըստ ներկայացված ծրագրի բնույթի. եթե վերցրած վարկի միջոցով վարկառուն այնպիսի գործունեություն է ծավալելու, որի արդյունքը կարող է նաեւ 1 տարում ստացվել, ապա կարճաժամկետ վարկը գուցեեւ արդարացնի իրեն: Բայց եթե վարկի նպատակը ենթակառուցվածքների զարգացումն է, գյուղատնտեսական արտադրությունների հիմնումը եւ նմանատիպ ծրագրեր, որոնց արդյունքը ստանալու համար երկար ժամանակ է հարկավոր, ապա, իհարկե անհրաժեշտ են երկարաժամկետ վարկեր: Տոկոսադրույքների ցածր լինելու դեպքում գյուղացին առավել մեծ համարձակությամբ դրանք կվերցնի: Սակայն, մինչեւ 24 տոկոս տոկոսադրույքի դեպքում էլ ամեն ինչ պետք է հիմնված լինի իրական հաշվարկների վրա, եւ մինչեւ վարկ վերցնելն ամեն մանրուքը պիտի հաշվարկվի, որպեսզի հետո խնդիրներ ու բարդություններ չառաջանան: Կան օրինակներ, որ նման պայմաններով տրված վարկերը դրական արդյունք են տվել, եւ եթե տնտեսությունը շարունակում է երկրորդ, երրորդ անգամ վարկ վերցնել, ապա այդ դեպքերում որոշակի արտոնություններ են սկսում գործել վարկառուների համար: Ընդհանրապես, հատկապես հեռավոր ու սահմանամերձ համայնքներում, գյուղատնտեսությունը զարգացնելու համար շատ կարեւոր է, որպեսզի պետությունը կարողանա սուբսիդավորել այն: Իսկ եթե դրա հնարավորությունը չկա, ապա բնական է, որ պայմանները թելադրում են վարկատու կազմակերպությունները: Մեր կարծիքով, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները պետք է հնարավորինս ցածր լինեն եւ երկարաժամկետ: Սա հենց այնպես կարծիք չէ, այն ձեւավորվել է գյուղացիների կողմից բարձրացված հարցերի ուսումնասիրության, տարբեր տարիների ընթացքում իրականացրած մասնակցային գործընթացների արդյունքում: Բնական է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցել է վարկառուների վրա: Հիմնականում դա անվստահության մթնոլորտ է ստեղծում գործարարության դաշտի նկատմամբ, որն արտահայտվում է հատկապես մթերքների իրացման խնդրում. գյուղացիական տնտեսությունը կամ չի կարողանում վաճառել ստացված մթերքը, կամ նրան դրա դիմաց առաջարկում են շատ ցածր գներ: Արդյունքում գյուղացին այնքան եկամուտ չի ստանում, որ փակի իր կատարած ծախսերը: Իսկ վարկառու գյուղացիական տնտեսությունն այդ դեպքում հայտնվում է դժվարին կացության մեջ, եւ արդեն կասկածի տակ է դրվում նրա հաջորդ տարվա գործունեությունը: Ես կարծում եմ, որ տավուշցիներն օրինապաշտ են եւ հնարավորինս քիչ խնդիրներ են առաջացնում վարկատուների համար: Ըստ մեր ունեցած տվյալների, ամբողջ մարզում կան փոքրաթիվ դեպքեր, երբ վարկատու կազմակերպությունը ստիպված է եղել դատական գործ սկսել: Դրանց թիվը չի գերազանցում 1 տոկոսը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել