«Բանկերն իրենց մեղքն ունեն, եւ անիմաստ է մեղքն ամբողջությամբ գցել տնտեսությունների վրա»
«Հետքի» հարցերին պատասխանում է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի գյուղատնտեսական եւ բնապահպանական ծրագրերի պատասխանատու Արտավազդ Հակոբյանը
Տնտեսական ճգնաժամի պայմաններում կտրուկ վատացել է վարկառու գյուղացիների վիճակը: Շատերն արդեն դժվարանում են վճարել վարկի գումարները եւ հայտնվում են դատարաններում: Այս պայմաններում, ո՞րն է արդյունավետ լուծումը, որպեսզի չտուժի ոչ բանկը, ոչ էլ վարկառու գյուղացին:
Հայաստանում գյուղատնտեսության վարկավորումը բավականին ցածր կշիռ է կազմում ընդհանուր տնտեսության վարկավորման համեմատությամբ: Դա ունի տարբեր պատճառներ:
Եթե խոսենք օբյեկտիվ պատճառներից, ապա պետք է նշեմ, որ գյուղացուն վարկավորելու համար վարկը պետք է հասնի գյուղացուն: Դա նշանակում է, որ բանկը պետք է ունենա ենթակառուցվածք, վարկային մասնագետ, որն էլ վարկը կհատկացնի գյուղացուն:
Անցումային շրջանում Հայաստանում այդ ենթակառուցվածքները թույլ են ձեւավորվել: Որպեսզի բանկը ֆինանսավորի, ասենք, Բերդի տարածաշրջանի գյուղացիներին, ապա բանկի մասնագետները կամ պետք է ավտոմեքենայով հասնեն Բերդ, կամ էլ մասնաճյուղ հիմնեն տեղում, իսկ Բերդում մասնաճյուղ հիմնելը մոտավորապես ունի նույն արժեքը, ինչ Արարատյան դաշտավայրում:
Երկրորդ խնդիրն այն է, որ պետք է լինի գումար, որպեսզի վարկը տրվի գյուղացուն: Մեր վերջին 5-6 տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում այդ գումարը տնտեսությունում կա, եւ դա մեծ խնդիր չի Հայաստանի համար:
Երրորդն էլ այն է, որ պետք է լինի այն գյուղացին, որին պետք է վարկ տրվի: Կան որոշակի հետազոտություններ, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ շատ չեն այն գյուղատնտեսական բիզնեսները, որոնց բանկերը ցանկություն ունեն վարկավորելու:
Որպեսզի վարկը հասնի գյուղացուն, պետք են նաեւ այնպիսի վարկային մասնագետներ, որոնք կհասկանան գյուղատնտեսությունից, որովհետեւ բանկային համակարգում ընդհանուր կարծիք կա, թե գյուղատնտեսությունը վարկավորելը ռիսկային է:
Իհարկե, գյուղատնտեսությունը ռիսկային է, բայց միայն այն դեպքում, երբ գյուղատնտեսական վարկը դիտվում է նույն ձեւի վարկ, ինչ առեւտրային վարկը: Այսինքն` ես տալիս եմ վարկ, դու տալիս ես որոշակի երաշխիք եւ գրավ ես դնում տունը կամ հողամասը:
Դա բերում է նրան, որ գյուղատնտեսությանը ոչ լավ ծանոթ վարկային մասնագետները եւ բանկը կանգնում են փակուղու առաջ, երբ գյուղացին բերք չի ստանում: Գյուղատնտեսական բիզնեսը վարկավորելու համար նույն մեթոդները, որ օգտագործվում են առեւտրային վարկի համար, չեն աշխատում:
Բանկը պետք է գնահատի, թե գարնանը ակնկալվող բերքը ինչքանո՞վ կհասնի աշնանը: Իսկ դա նշանակում է գյուղատնտեսության մասին գիտելիքներ եւ ավելի շատ համագործակցություն գյուղացու հետ: Շատ քիչ է, որ բանկը վարկը տա գյուղացուն եւ քաշվի մի կողմ` առանց մոնիտորինգ անելու:
Հաճախորդի հետ կապը պահելը եւ ընթացքում նրան օգնելը շատ կարեւոր է: Հիմա կհարցնեք, թե բանկերն ինչո՞ւ չեն անում: Որովհետեւ դրա համար անհրաժեշտ են ծախսեր եւ ռեսուրսներ, իսկ դրանք կմտնեն վարկի տոկոսադրույքի մեջ, հետեւաբար տոկոսադրույքը կբարձրանա:
Եթե դրա համար վարկառուն չի վճարում, ապա գյուղացուն խորհրդատվություն տվող մասնագետին պետք է վճարի կամ պետությունը կամ բանկը:
Ստացվում է, որ ցանկացած վարկ աշխատում է ի վնաս գյուղացու, քանի որ գյուղատնտեսությունը Հայաստանում չի ապահովագրվում, եւ ոչ ոք չի երաշխավորում, որ նա տարվա ընթացքում բերք կստանա եւ կկարողանա մարել վարկի գումարը:
Իսկ բանկը տալիս է կարճաժամկետ եւ բարձր տոկոսադրույքով վարկեր: Այսինքն, գյուղացին հայտնվում է փակուղու՞ առջեւ:
Համաշխարհային բանկի եւ IFAD-ի հետ համատեղ ծրագրով, 2005 թվականից սկսած, առաջին անգամ գյուղատնտեսության վարկավորման համար միջնաժամկետ` մինչեւ 7 տարի ժամանակով վարկեր տրվեցին: Դրանց միջին տոկոսադրույքը 12-13 տոկոս էր, որը համաձայնեք` չլսված բան էր:
Համաշխարհային բանկը ընդհանուր վարկը պետությանը տվել է 0.75 տոկոսով, պետությունը ֆինանսների նախարարության միջոցով բանկերին տվել է միջինը 4.5 տոկոսով, բանկն էլ գյուղացիական տնտեսություններին` 12-13 տոկոսով:
Վերահսկողություն էր սահմանվել, որպեսզի վարկը գնա ոչ թե շինարարության կամ առեւտրի վրա, այլ գյուղատնտեսության մեջ օգտագործվի: Մոնիտորինգի դերն իր վրա էր վերցրել ծրագիրը:
Սակայն, ի՞նչ արեցին բանկերը: Քանի որ նրանց ապահովվում էր 7 տոկոսային կետով շահույթ, նրանց ավելի ձեռնտու էր գնալ ավելի մոտիկ եւ մեծ տնտեսությունների վարկավորմանը:
Վարկերի միջին գումարը կազմում էր 30-50 հազար դոլար, բայց բանկերի մոտ հիմնական միտումը խոշորների վարկավորումն էր, որովհետեւ ինչքան վարկը փոքրանում է, այնքան մեծանում են դրա վրա կատարված ծախսերը:
Ծրագիրը հրաշալի աշխատեց, 5 մլն դոլարը 2 տարում ծախսվեց: Գումարները վերադարձվեցին, բայց ծրագիրն ավարտվեց: Կառավարությունը կարծես թե ցանկանում է շարունակել վարկային ծրագիրը, եթե ցանկանան` նորից կշարունակենք:
Իհարկե, այստեղ բանկերն իրենց մեղքն ունեն, եւ անիմաստ է մեղքն ամբողջությամբ գցել տնտեսությունների վրա: Անցումային շրջանում բանկերը չեն հասցրել իրենց ներքին ընթացակարգերն այնպես օպտիմալացնել, որ մի վարկի առումով իրենց ծախսերը կրճատվեն:
Հասարակ մի բան. մտնում եք բանկ, ձեզ համար կարող է աշխատեն 2-3 հոգի, իսկ արտասահմանում առավելագույնը 2 մարդ է աշխատում վարկառուի հետ, եւ որոշակի գումար է խնայվում: Բանկերում մինչեւ այդ համակարգը չօպտիմալացվի, դժվար է հույս ունենալ, որ նրանց արդյունավետությունը կբարձրանա:
Բայց մինչեւ բանկը բավարարի մասնագետների իր պահանջարկը եւ բարձրացնի արդյունավետությունը, վարկառու գյուղացիների մի մասը կզրկվի եւ իր տնից եւ հողամասից:
Մի կարեւոր հանգամանք, որ Հայաստանում բացակայում է. դա ճիշտ ժամանակին գյուղացուն խորհրդատվություն տալն է: Հայաստանում ունենք 145-ից ավելի գյուղական խորհրդատուներ, որոնք պատրաստ են գյուղացուն խորհուրդ տալ ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ ֆերմայի կառավարման հարցերով:
Բայց փորձը ցույց է տալիս, որ գյուղացիները խորհրդատվական համակարգն ընդունում են ավելի շատ որպես շտապօգնություն, քան կանխարգելում: Հենց տեսնում են, որ բերքը վնասվում է, նոր դիմում են խորհրդատուին: Դա նշանակում է, որ խորհրդատուների նկատմամբ դեռ բավարար վստահություն չկա:
Սովորաբար 8 գյուղի հասնում է մեկ խորհրդատու, բայց յուրաքանչյուր մարզում կա գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն: Իմ կարծիքով, այդ կենտրոնին պետք է բավականին ուշադրություն դարձվի եւ պիտի ճանաչելի լինի:
Բացի նրանից, որ վարկառու գյուղացին պետք է բանկից խորհուրդ ստանա, թե ինչպես այդ վարկը կառավարի, նաեւ այդ կենտրոնը պետք է խորհուրդ տա, թե ինչպես կառավարել տնտեսությունը:
Թվում է, թե ես անընդհատ մեղքը գցում եմ գյուղացու վրա, բայց դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ ֆերմերներն այստեղ մեղավոր չեն: Քանի որ գյուղացիական տնտեսության կառավարման դպրոցը դեռ Հայաստանում չկա, միշտ փոքր տնտեսությունները կանգնում են խնդրի առաջ:
ՄԱԿ-ը պարբերաբար աղքատության եւ պարենային անվտանգության հարցումներ է անում եւ պարզել է, որ Արարատյան դաշտավայրում, որը բնորոշ է նաեւ ամբողջ հանրապետությանը, գյուղատնտեսության համար վարկ վերցրած վարկառուների մեծ մասն այդ վարկը ծախսում է սնունդ ձեռք բերելու համար:
Սա արդեն խնդիր է, եւ եթե խոսում ենք ներդրումների մասին, ապա գյուղատնտեսության մեջ, փաստորեն, ներդրում չի արվում` հատկապես փոքր տնտեսությունների դեպքում:
Այստեղ պետությունը պետք է աջակցություն ցույց տա խորհրդատվական համակարգին, որպեսզի վերջինս էլ ուսուցանի գյուղացիներին, թե ինչպես ճիշտ կառավարեն կանխիկ գումարի հոսքը եւ վարկերն օգտագործեն ներդրումային նպատակների համար:
Եթե գյուղացին ամռանը հացի փող չունի, ոչ ոք չի կարող մեղադրել նրան, որ նա սերմացու գնելու փոխարեն հաց է գնում, բայց քայլեր կան եւ դրանք ձեռնարկելու դեպքում կօգնեն գյուղացիներին:
Այսօր կա մի ձեւավորված շղթա` բանկը չի ուզում լսել գյուղացուն, գյուղացին չի իմանում ինչպես արդյունավետ վարկ վերցնել, իսկ պետությունն էլ իր լծակներով չի ազդում այդ գործընթացի վրա:
Արդյունքում, 24 տոկոսը բնական է, որ Հայաստանում շատ բարձր տոկոսադրույք է, որովհետեւ գյուղացին լավ վիճակում չէ եւ կորցնում է տունը, հողամասը: Գյուղատնտեսությունը դրանից չի մեռնի, մեկ ուրիշը կգա այդ հողը կվերցնի կմշակի, բայց դրամատիկ առումով, մենք խոսում ենք մարդկանց, ընտանիքների մասին:
Ինչքանո՞վ է արդյունավետ կարճաժամկետ եւ մինչեւ 24 տոկոս տոկոսադրույքով վարկերի տրամադրումը գյուղացիներին: Արդյո՞ք դա չի հանգեցնի նրան, որ գյուղատնտեսությունը զարգացնելու փոխարեն անկում կգրանցվի:
Գյուղացիական տնտեսության մեջ չկա ապահովագրական համակարգ, եւ, փաստորեն, գյուղացին միայնակ է մնացել իր բարձր տոկոսադրույքով վարկի հետ:
Այս ֆենոմենը միայն Հայաստանինը չէ: Ես անձամբ դեմ եմ գյուղացիական ապահովագրության համակարգի ներդրմանը Հայաստանում, որովհետեւ կարծում եմ, որ դա իզուր գումարի կորուստ է:
Կան ավելի ռացիոնալ ուղղություններ, որտեղ այդ գումարն ավելի նպատակային կարելի է օգտագործել: Պետությունը, որպեսզի վարկային ռեսուրսները հնարավորինս հասանելի դարձնի գյուղացիներին, առաջինը` վերաֆինանսավորելու համար պետք է ռեսուրս տրամադրի բանկերին, որպեսզի հնարավորինս մատչելի տոկոսներով վարկավորի գյուղատնտեսությունը:
Երկրորդ` օգնի խորհրդատվական համակարգին, որպեսզի նրանք հասնեն գյուղացիներին եւ նպատակային խորհուրդներ տան:
2 տարի է Հայաստանի Կառավարությունը փորձ արեց համաֆինանսավորում անել: Ինչքան ես գիտեմ, չի կարողանում այդ գումարը ծախսել: Շատ լավ գաղափար է, բայց չաշխատեց, որովհետեւ շուկան լավ չէին ուսումնասիրել:
Պետությունը 100 մլն դրամ սուբսիդիա դրեց, որ վարկի տոկոսադրույքի 10 տոկոսի չափով սուբսիդիա տա այն գյուղացիական տնտեսություններին, որոնք բարձր տոկոսով վարկ են վերցրել:
Միջազգային մակարդակով արդյունավետ լուծում է, երբ որոշակի միջոցներ ուղղվում են բանկեր, եւ բանկը իր հաշվարկներն անելուց հետո վարկավորում է գյուղատնտեսությունը:
Իսկ նպատակահարմար չէ՞ փոքր տնտեսություններին տալ փոքր, բայց ցածր տոկոսադրույքով վարկեր, որպեսզի տնտեսությունը զարգացնելով խոշորանան: Ձեր կարծիքով, այս պայմաններում 24 տոկոսով գյուղատնտեսությունը վարկավորելը արդարացվա՞ծ է, թե՞ ոչ:
Դա կախված է առեւտրային բանկերի քաղաքականությունից: Բայց խոշոր վարկերից պետք չէ վախենալ, որովհետեւ դա, ի վերջո, բերում է աշխատատեղերի ստեղծմանը, հատկապես կանանց համար: Չեմ կարող այնպիսի պատասխան տալ, որ սոլիդ արժեք կտա:
Իհարկե, ինչքան ցածր լինի տոկոսադրույքը, այնքան լավ, եւ դրանք մատչելի կլինեն գյուղացուն: Բայց օգնելու ձեւը կարող է ուրիշ լինել, իսկ տոկոսադրույքը թող շուկան որոշի:
Մեկը վերաֆինանսավորումն է, որի մասին ասացի: Մյուս դեպքում պետությունը կարող է բանկին ասել, որ 15 հազար դոլարի չափը չգերազանցող ֆինանսավորում անի փոքր գյուղատնտեսական բիզնեսին, եւ եթե 2 տարվա ընթացքում տնտեսությունը նորմալ փակի վարկը, երկրորդ տարվա վերջին 6 ամիսը գյուղացու փոխարեն վարկը փակի պետությունը:
Սա գերազանց ձեւ է, չի խաթարում շուկան եւ լավ է աշխատում: Դրանից ենթադրվում է, որ գյուղացիական բիզնեսը կսկսի լավ աշխատել, որ այդ 6 ամսվա արտոնությունը ստանա, բանկն էլ կգտնի լավ գյուղացիական բիզնես եւ վստահ կլինի, որ իր վարկը ետ կբերի:
Համաշխարհային պրակտիկայում ի՞նչ տոկոսադրույքներով են գյուղացիական վարկեր հատկացվում:
Համեմատելու համար ասեմ, որ Ալբանիայում, Մոլդովայում, Վրաստանում, Ղրղզստանում շուկայական տնտեսության առումով վարկային տոկոսադրույքները չեն տարբերվում Հայաստանից: Օրինակ` Վրաստանը Հայաստանից լավ զարգացած բանկային համակարգ ունի: Այնտեղ մեկ շնչին բաժին հասնող ավելի շատ բանկի մասնաճյուղ կա, քան նույնիսկ շատ զարգացած երկրներում:
Էլի եմ ասում, շատ ընտանիքներ վարկ են վերցնում սնունդ գնելու համար: Խնդրում եմ սա չընկալեք որպես քննադատություն գյուղացիական տնտեսություններին: Լավ օրից չէ, որ վարկը սննդի համար են օգտագործում:
Ամբողջ խնդիրն այն է, որ կա ուժեղ պետություն, ուժեղ բանկ եւ թույլ գյուղացի, որը չի ուզում ուժեղանալ: Խորհուրդը ամենամեծ ներդրումն է, որ պետությունը կարող է անել:
Այդ 100 մլն դրամը, որը չօգտագործվեց, 2 տարում կարելի էր նպատակային ծրագիր անել, ուսուցանել, ասենք, 20 հազար գյուղացիական տնտեսություններին, եւ դա հսկայական արդյունք կտար:
Խնդիրը ճիշտ կառավարման մեջ է: Մի տեսանկյունից նայել, որ գյուղացուն սպանում են, քանդում են 24 տոկոս վարկով, այո, իհարկե, բայց մյուս կողմից էլ շատ մեծ դաշտ է, եւ մեղավորներից մեկն էլ գյուղացին է:
Միգուցե վերջին հերթին, բայց մեղավոր է: Հարցը միայն տոկոսների մեջ չէ: Հնարավոր է տոկոսադրույքը իջեցվի, բայց խնդիրը նորից շարունակվի, որովհետեւ խնդիրը ոչ միայն վերցնելու մեջ է, այլ արդյունավետ օգտագործելու:
Իսկ ճի՞շտ եք համարում, որ գյուղնշանակության վարկը դասվում է առեւտրային վարկերի շարքին:
Գյուղացիական վարկը առեւտրային վարկին համազոր չէ: Մանավանդ զարգացման կոնտեքստում, գյուղատնտեսական վարկը պետք է այլ ձեւով դիտվի: Մի բան հստակ է եւ չպետք է խառնենք` գյուղացիական տնտեսությունը ընտանեկան տնտեսություն է:
Գյուղացին մտքում հաշվարկ է անում, որ գնա հաց ու մածուն առնի, սերմ առնի եւ շատ չի տարբերակում: Բնական է` արդյունավետությունը ցածր կլինի, երբ գյուղատնտեսական վարկը հավասարեցվում է առեւտրային վարկին: Հողի հետ գործ ունենալու դեպքում պրոցեսներն են շատանում, եւ դա չի կարող առեւտրային լինել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել